09:08:00 24.08.2026
Երբ մենք հաճախ պնդում ենք, որ մեր ներկայիս կործանարար իրավիճակից դուրս գալու համար միակ լուծումը ազգովի ուժային գործոնի վերածվելն է ու, նախ և առաջ, մեր սեփական ուժերի վրա հենվելով՝ պայքարելն ու դիմադրություն ցուցաբերելն է, մարդկանց զգալի մասը սա «անիրատեսական» կամ «ռոմանտիկ» է համարում, հատկապես այն «ամենայն հայոց իմաստունները», ովքեր օր ու գիշեր մեր հայրենակիցների ուղեղներն են լվանում իրենց բարբաջանքով։ Սակայն իրականում նրանց մտածելակերպն է անիրատեսական ու առհասարակ իրականությունից լրիվ կտրված, քանի որ նրանք ընդհանրապես չեն հասկանում, թե ինչ կանոնների վրա է այս աշխարհը կառուցված, կամ գիտեն, բայց դիտմամբ մոլորեցնում են մարդկանց։ Ամեն դեպքում, հենց մեր ասածներն են պատմականորեն ապացուցված և հիմնավորված մեր և առհասարակ համաշխարհային փորձով։ Մեր ասածը փաստացի ամենաիրատեսական ու ամենաողջամիտ մոտեցումն է, քանի որ մենք միշտ հաջողության ենք հասել, երբ նման մոտեցում ենք ցուցաբերել։ Մայիսյան հերոսամարտերում, Լեռնահայաստանի ճակատամարտերում ու Արցախյան ազատագրական պատերազմում մեր հերոս սպարապետներն ու ազատամարտիկները հաղթանակներ են կերտել ոչ թե մտածելով «արևմտամետ» կամ «ռուսամետ» լինելու մասին, այլ՝ ինչպես պետք է անենք այն, ինչ պետք է անենք ոսոխին ջախջախելու համար, որպեսզի նրանք չհանդգնեն մեզ վրա նորից ձեռք բարձրացնել։
Մարդիկ թյուրիմացաբար կկարծեն, թե մեր ասածը նշանակում է հրաժարվել դաշնակիցներ ունենալուց, բայց իրականությունը լրիվ հակառակն է։ Հենց մեր ասածով միայն հնարավոր կլինի իրական դաշնակիցներ ձեռք բերել, ովքեր մեզ հետ հաշվի կնստեն, և ոչ թե հովանավորներ, ովքեր մեզ կուզենան օգտագործել։ Երբ ուրիշները տեսնեն, որ մենք մեր մարդկային ու նյութական ռեսուրսներն օգտագործում ենք իրենց ողջ ներուժով, անկախ նրանից, թե որքան փոքր կամ քիչ կլինեն դրանք, մեզ հետ լուրջ ու հարգանքով կվերաբերվեն, քանի որ այն, ինչ վերաբերում է անձնական շփումներին, վերաբերում է նաև տարբեր երկրների միջև հարաբերություններին։ Ոչ ոք լալկան, խղճուկ, ստրկամիտ, մուրացկան, ու վախկոտ մարդ կամ ժողովուրդ չի սիրում։
Ավելի լավ է ընդունենք, որ ընկեր ու բարեկամ չունենք ու ըստ դրա մեր որոշումները կայացնենք ու քայլերը կատարենք, քան հավատանք, որ այս կամ այն դաշնակիցներն ունենք, բայց անընդհատ խաբվենք ու հիասթափվենք, ինչպես բազմիցս եղել է մեր պատմության մեջ։ Եկեք ընդունենք, որ մենակ ենք ու մտածենք, թե այդ պարագայում ինչ պետք է անենք։ Արամ Մանուկյանը սա լավ հասկացել էր մեր ազգի ամենաօրհասական ժամանակներից մեկի ընթացքում, երբ ասաց՝ «Մենակ ենք և պետք է ապավինենք միայն մեր սեփական ուժերին»։ Նա գիտեր՝ մեզ օգնություն կգա միայն այն դեպքում, երբ մենք սկսենք անձնվիրաբար պայքարել և ցույց տանք, որ նույնիսկ պատրաստ ենք մեռնել մեր իրավունքների ու շահերի համար։
Եվ ինչպես մենք ազգովի պետք է ցույց տանք աշխարհին, որ մեր հնարավոր ռեսուրսներով կարող ենք ուժային գործոնի վերածվել և դիմադրություն ցուցաբերել մեզնից քանակապես ու նյութապես գերազանցող ուժերի դեմ, ապա պետք է նախ ցույց տանք, որ կարող ենք այս աղտոտված ու փտած համակարգից դուրս իրական ազգային քաղաքական շարժում հիմնադրել ու կառուցել՝ առանց որևէ ապազգային ու դավաճանական հովանավորի՝ լիովին հենվելով մեր սակավաթիվ ռեսուրսների ու փոքրաթիվ սեփական ուժերի վրա։
Միայն այս ճշմարտություններն ընդունողը ու խորապես ընկալողը կարող է իրեն հայ ազգային քաղաքական գործիչ կամ առհասարակ հայ ազգայնական համարել, և միմիայն նման քաղաքական գործիչը կկարողանա սերմերը ցանել Հայաստանում ապագա ազգային հեղափոխության ու վերածննդի։
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Մի՛շտ Հայ
Անդամագրվի՛ր կամ դարձի՛ր աջակցող՝ hosank.net/am/join
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ