02:00:00 15.12.2016
Արդեն իսկ երկու շաբաթ է, ինչ ապրում եմ հայրենիքում, ու շատ ուրախ եմ, որ ռիսկի դիմեցի՝ լքեցի Բաբելոնը և վերջնականապես վերադարձա տուն։ Իհարկե շատ շուտ է եզրակացություններ անել. դժվարություններ եղել են ու դեռ կլինեն, բայց իմ հոգին երբևիցե այսքան ուրախ չի եղել, ու կյանքում ես ինձ այսքան հաճելի չեմ զգացել։ Այս տարվա սկզբին ինքս ինձ խոստացա, որ նախքան այս տարվա ավարտը ես կգնամ Հայաստան մշտական բնակության և տուն կգնեմ։ Արդեն այսօր ես գնեցի սեփական տուն և մեկ անգամ ևս իմ ֆանատիկ կամքով իրականացրի իմ խոստումը։ Ես գտել եմ իմ կյանքի առաքելությունը ու նպատակը, այդ իսկ պատճառով իմ կյանքը դարձել է արկածախնդրություն և ոչ այլևս անիմաստ տառապանք։ Նրանք ովքեր կարծում են, որ ես շուտով կհիասթափվեմ ու «հետ կփախնեմ», ինձ ընդհանրապես չեն ճանանչում, իսկ նրանք, որոնք ինձ լավ ճանանչում են, գիտեն, որ ես իմ գաղափարներները կհասցնեմ մինչ վերջնական հաղթանակի։ Ես շատ համառ և նպատակաուղված եմ այս հարցում ու ուրիշների բացասական կարծիքները ու հայտարարությունները ինձ չեն շեղել ու երբևիցե չեն էլ շեղի իմ նպատակից։ <<Շները կհաչան, բայց միևնույն է, քարավանը կշարունակի գնալ>>։ Հայաստանն իմ երկիրն է՝ ես եկել եմ մշտական բնակության համար և վերջ։ Ե՞րբ մեր հայրենակիցները կհասկանան, որ արտագաղթելը և ուրիշի ստամոքսների մեջ մարսվելը մեզ միայն հոգու տառապանքի կբերի և ոչ երբեք ուրախություն։ Ե՞րբ մենք բոլորս կհասկանանք, որ միայն հայրենիքում մեր հոգին կարող է ամբողջական և խաղաղ լինել։ Ժամանակը եկել է, որ մեր հայրենակիցները լուրջ մտածեն այս հարցի շուրջ, քանի որ սփյուռքահայությունը ձուլման եզրին է, ու սա, հավանաբար, մեր վերջին հնարավորությունն է, որ փրկենք իրենց և հետ բերենք տուն։ Ես վստահ եմ, որ միայն ես չեմ լսել հողի կանչը։ Անթիվ հայեր կան աշխարով մեկ, որոնք նույնպես լսել են այդ կանչը, բայց դեռ անհրաժեշտ քայլերի չեն դիմել, որպեսզի պատասխանեն այդ կանչին: Նոր գիտակցություն պետք է առաջանա մեզ մոտ, գիտակցություն, որի շնորհիվ Հայաստանը այլևս չենք դիտի որպես միյան տուրիզմի երկիր, այլև երկիր, որտեղ մենք՝ հայերս, պետք է ապրենք, ընտանիք կազմենք և վերարտադրվենք։ Մենք ապրում ենք շատ դժվար և օրհասական ժամանակներում, բայց սա մեզ համար նորություն չէ. մենք ապրել ենք ավելի դժվար ժամանակներում ու եթե կարողացել ենք դա հաղթահարել, ապա կկարողանանք նաև սա էլ հաղթահարել։ Որքան էլ ուզում եք ինձ խենթ, երազող ու ռոմանտիկ անվանեք, բայց ես միշտ կհավատամ Հայաստանի հզորացմանը, քանի որ ես զգում եմ իր ունակությունը և իմ ելակների մեջ հոսում է իմ հզոր նախնիների արյունը։ Որքան էլ ճաքած փողոց ու քանդած, լքված շենքեր տեսնեմ, որքան էլ գործազրուկ և աղքատ մարդ հանդիպեմ, ես երբեք չեմ կարող հրաժարվել Մեծ Հայքի հավատքից ու երազանքից։ Դա գրված իմ գեների մեջ և ես այդ հավատքը կկրեմ մինչև իմ վերջին շունչը։ - Հայկ Նազարյան
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։