ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Գերագույն աճպարար խրտվիլակը կարծում է...

06:16:00 05.04.2026

Գերագույն աճպարար խրտվիլակը կարծում է...

Գերագույն աճպարար խրտվիլակը կարծում է, թե որքան շատ օգտագործի «խաղաղություն» բառը, այնքան ավելի հավանական է, որ խաղաղություն կունենանք։ Սա աբսուրդ է, որովհետև ինչպես պատերազմի պատրաստվող պետությունը կարող է ստանալ խաղաղություն, այնպես էլ «խաղաղության» պատրաստվող ցանկացած պետություն ստանալու է պատերազմ և պարտություն։ Երբ այսպիսի բաներ են ինձ նման մարդիկ ասում, «խաղաղասերները» հայտարարում են, թե մենք «պատերազմ հրահրողներ» ենք, կարծես ուզում ենք պատերազմ և մերժում ենք խաղաղությունը։ Ասում են նաև, որ «մենք հիմա թույլ ենք, ինչպե՞ս կամ ինչո՞վ կռվել»։

Սակայն նման կարճատես ու հիպնոսի տակ ընկած մեր հայրենակիցները չեն հասկանում, որ խաղաղությունը միայն մեզնից կախված չէ, և հիմարություն ու դավաճանություն է անընդհատ ժողովրդին «խաղաղություն» քարոզել, երբ Բաքվի ցեղասպան ռեժիմը ցանկանում է Հայաստանի Հանրապետությանը անել այն, ինչ արեց Արցախին, և նույնիսկ չի էլ թաքցնում այդ միտումը։ Ոչ մի ողջամիտ մարդ պատերազմ չի ուզում, բայց եթե շարունակենք այսպիսի պարտվողական հայացքներ և ստրկամիտ մտածելակերպ ունենալ՝ մեր մարտական ոգին բարձրացնելու և ազգովի ուժային գործոնի վերածվելու փոխարեն, պատերազմը միանշանակ թակելու է մեր դուռը, և մենք ստիպված ենք լինելու պատասխանել՝ ուզենք թե չուզենք։

Ոսոխը չի նայելու՝ մենք ուզում ենք պատերազմ, թե չենք ուզում, որովհետև դա նրան չի հետաքրքրի։ Մեր խաբված հայրենակիցները կարծում են, թե մենք կարող ենք գլուխներս կախ, խելոք մնալով «մի կերպ գոյատևել» և խուսափել պատերազմից, ինչը հոգու տկարության նշան է։ Նման կերպ մտածող ազգը չի կարող իր տեղը պահպանել արևի ներքո, ուր մնաց՝ սեփական պետություն ունենալ։ Եթե պատրաստ չես պայքարել քո հողի ու անկախության համար, ապա հեռացի՛ր այդ հողից և թող մեկ ուրիշը գա քո փոխարեն՝ նա, ով պատրաստ է ու ուզում է պայքարել, որովհետև խղճուկների, թույլերի ու վախկոտների համար չէ այս անգութ աշխարհը։

Իրականում ամոթ է, որ նույնիսկ այսպիսի հասարակ ու պարզունակ բաներ պետք է ինձ նմանները հիշեցնեն մեր ազգին՝ մի ազգի, որը դարերով մարտնչել է ամեն տեսակի բռնապետության դեմ։ Դրա համար շատ ճիշտ է ասելը, որ այս հայադավ նեոբոլշևիկները՝ քարոզելով «խաղաղություն»՝ իր տարբեր երանգներով, լինի դա «իրական», «արժանապատիվ» թե «ուժեղ», իրականում աճպարարություն են անում և մոլորեցնում մեր հայրենակիցներին, քնաի որ նրանց շեշտած «խաղաղությունը» իրականում ժամանակակից հայոց պատմության ամենամեծ ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆՆ է։ Այս հակահայկական «խաղաղության» օրակարգը ոչ այլ ինչ է, եթե ոչ խաբեության մեծ պատրանք, որը մի օր ճաքելու է և փլվելու բոլոր կեղծավոր «խաղաղասերների» գլխին։ Պետք է տեսնել այս պատրանքի միջով և գիտակցել, որ միայն պայքարելով ու հաղթելով կարող է խաղաղություն լինել մեր երկրի համար։

Հայ ազգային հեղափոխությունը՝ մեր ՄԻԱԿ լուծումը

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։