09:55:00 07.01.2026
Խնդրում եմ ինձ այլևս չասեք սրան կամ նրան «միանամ» կամ սրա կամ նրա հետ «համագործակցեմ»։ Ես արդեն հրապարակայնորեն նշել եմ, որ դա բացառվում է, և նաև ներկայացրել եմ տարբեր պատճառները, թե ինչու նման քայլի չեմ գնալու։ Դա ինչպես ուզում եք ընկալեք, բայց եթե իմ էջերում նման բաներ եք գրում, ապա հանուն արդարության մի մոռացեք նրանց էջերում էլ գրել, որ նրանք ինձ միանան։
Իմ ստեղծած շարժումն ունի ծրագիր, հավատամք, կայքէջ, ակտիվ ներկայություն բոլոր սոցիալական ցանցերում, հարցազրույցներ, ուղիղ եթերներ, հեռարձակումներ, հետևողական քարոզչություն, թռուցիկներ, հոդվածներ, հավաքներ, ժողովներ, ռոք ալբոմ (շուտով նաև քայլերգ, օրհերգ և փաստավավերագրական ֆիլմ), երիտասարդ անդամներ և, ընդհանրապես, ազգային երիտասարդության զգալի հատվածի ուշադրությունը։ Այս ամենը արդեն չորս տարի ամբողջությամբ արվում է թափանցիկ, բացահայտ և առանց որևէ հովանավորի կամ աջակցության՝ որևէ գործակալական ցանցերի, աղանդների կամ օլիգարխների կողմից։ Ամեն ինչ արել եմ, որպեսզի ոչ մի թյուրիմացություն չլինի, և մեր բոլոր հայրենակիցները հստակ իմանան, թե «Հոսանք»-ը իրականում ինչ գաղափարախոսություն է կրում և ինչ դիրքորոշում ունի մեր ազգին ու ցեղին վերաբերող ամենակարևոր ու առանցքային ներքին և արտաքին հարցերի շուրջ։
Այնպես որ, քանի դեռ որևէ այլ շարժում կամ անհատ չունի սրա համարժեքը, թող չփորձի ինձ հետ խոսել «միանալու» կամ «համագործակցելու» մասին, քանի որ դա արդար չի լինի։ Ես իմ քարտերը հստակ ցույց եմ տալիս, որպեսզի խառնաշփոթ չլինի և ճիշտ մարդիկ միանան մեր շարժմանը, մինչդեռ մյուսները սովորաբար իրենց քարտերը թաքցնում են կամ կիսատ-պռատ են ցույց տալիս, ինչը ինձ համար կասկածելի է ու անընդունելի։ Եթե մարդը ազգային շարժում է հիմնադրում, ապա պետք է տարիների ընթացքում հետևողական քարոզչությամբ ու աշխատանքով ապացուցի իր ազգային լինելը, ոչ թե դատարկ խոսի դրա մասին և կոչ անի, որ մարդիկ միանան իրեն։ Ես ամեն ինչ պարզ դրել եմ սեղանին, և եթե մեկը հավանում է իմ գաղափարները, թող միանա մեր շարժմանը և թեկուզ փոքր ներդրումով փորձի օգտակար լինել, որպեսզի այն ավելի զարգանա ու աճի։
Ասել եմ և նորից եմ ասում՝ ոչ մի զիջման չեմ գնալու, քանի որ գիտեմ, որ իմ բռնած ուղին միակ ճշմարիտ ուղին է․ միակ ճանապարհն է, որով հնարավոր կլինի ինքնակործանման գնացող այս փտած համակարգի վրա կառուցել լիովին նոր ազգային պետություն և ժամանակը կհաստատի իմ պնդումը։
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Փա՛ռք Հայքին ու Հաղթանակին
#Այս_Անգամ_Աշխարհը
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ