08:26:00 23.06.2026
Երբ մեկ-մեկ իմ տված ճառերը կամ ճառերից պատրաստած էդիտներն եմ տեղադրում, երբեմն լինում են մարդիկ, ովքեր մեկնաբանություններում գրում են, օրինակ՝ «ճառ ասող շատ կա, բայց զանգ կախող չկա» կամ «հերիք է միայն խոսեք, գործ արեք» կամ նման մի բան։ Այդ «զանգ կախելու» միտքը, իհարկե, վերցված է Աթաբեկ Խնկոյանի «Մկների ժողով» առակից, և դա ասելով ուզում են անուղղակիորեն ասել, որ ես «միայն խոսում եմ» կամ ճառ եմ ասում, բայց «զանգ չեմ կախում»։
Երբ նման տհաս մեկնաբանություններ եմ կարդում, քմծիծաղ է հայտնվում դեմքիս, որովհետև հենց նման դատարկաբաները ոչ մի բան չեն արել իրենց կյանքում և նման բաներ են գրում մի մարդու էջում, որի մասին իրականում ոչինչ չգիտեն։ Նրանք ոչ մի ինքնագիտակցում չունեն և նույնիսկ չեն հասկանում, թե ինչ է նշանակում «զանգ կախել», քանի որ նման արտահայտություններն օգտագործում են միայն ինքնահաստատվելու համար։
Ես չեմ սիրում իմ կյանքի ու անցած ճանապարհի մասին շատ պատմել, բայց երբեմն ստիպված եմ լինում դա անել, քանի որ Կրեմլին ու այլ օտար ուժերին ծախված Հայաստանի մեդիան ու լրագրողները իմ մասին երբեք ոչինչ չեն պատմի, ինչպես չեն պատմի որևէ այլ անկախ քաղաքական գործչի մասին, ով այս դավաճանական համակարգից դուրս է գործում և միայն մաքուր ազգայնականություն է քարոզում։ Ստիպված եմ լինում պարբերաբար պատմել, որովհետև ամեն օր նոր մարդիկ են իմանում իմ ու իմ ստեղծած շարժման մասին, և մեծ մասի մոտ, հասկանալիորեն, կարող են կասկածներ առաջանալ։
Այո՛, սիրում եմ ճառեր ասել և հռետորությունը համարում եմ ազգային քաղաքական պայքարի համար շատ կարևոր ու հզոր զենք, բայց քանի որ գրեթե տասը տարի է, ինչ ապրում եմ Հայաստանում, կարծում եմ՝ պատեհ առիթ է հերթով նշել, թե այս վերջին տասը տարում ինչ եմ արել և ինչպես եմ արտահայտել իմ հայրենասիրությունը։
2016թ.-ին՝ Ապրիլյան քառօրյա պատերազմից երկու ամիս հետո, ԱՄՆ-ում (որտեղ ծնվել ու մեծացել եմ) հեռացա համալսարանի դասախոսի աշխատանքից և հրաժարվեցի JPL-ի (ԱՄՆ-ի լավագույն գիտական հիմնարկներից մեկի) աշխատանքային առաջարկից։ Դրանից հետո միակողմանի տոմս գնեցի և աշնանը տեղափոխվեցի Հայաստան՝ մի երկիր, որտեղ չունեի ոչ տուն, ոչ ընտանիք, ոչ հարազատներ և ոչ էլ ընկերներ։ Եկա և մեկ ամսվա ընթացքում իմ հավաքած համեստ գումարով կիսաքանդ տուն գնեցի Երևանի ծայրամասում ու սկսեցի դրա վերանորոգումը։
2017թ.-ին դարձա Հայաստանի քաղաքացի և պայմանագրային հիմունքներով ծառայության անցա Տավուշի դիրքերում, իսկ հետո՝ Կորպուսի ՀՕՊ բաժնում, որտեղ ծառայեցի մինչև 2018թ.-ի ամառը։
2018-2020թթ. որոշեցի կատարելագործել հայերենս, քանի որ հայկական դպրոց երբեք չէի գնացել, իսկ գրել ու կարդալ ինքնուրույն սովորել էի միայն 17 տարեկանում։ Երկու տարի անհատական պարապմունքների շնորհիվ զգալի առաջընթաց գրանցեցի, թեև մինչև այսօր էլ շարունակում եմ կատարելագործել մայրենիս։
2020թ.-ի սեպտեմբերի 29-ին մեկնեցի զինկոմիսարիատ՝ պատերազմին կամավորագրվելու համար, և սկզբից մինչև վերջ ծառայեցի Մարտակերտի առաջնագծում։
2021թ.-ին, Հայաստանից հիասթափվելու և արտագաղթելու փոխարեն, իմ հավաքած գումարով ու եղբայրներիս աջակցությամբ զրոյական վիճակում բնակարան գնեցի, որպեսզի այն ապագայում ծառայի իմ քաղաքական գործունեությանը։ Այդ ժամանակ արդեն որոշել էի, որ պետք է հրաժարվեմ իմ գիտական կարիերայից և ամբողջությամբ նվիրվեմ քաղաքականությանը։
Այդ նույն տարվա աշնանը՝ տեսնելով Հայաստանում տիրող պառակտումը, վտանգն ու անհույս իրավիճակը, որոշեցի զրոյից և միայնակ հիմնադրել ազգային քաղաքական շարժում։ Առանց որևէ օգնության, սակավաթիվ ռեսուրսներով և որպես անհայտ հայրենադարձ ու հասարակ շարքային զինվոր՝ նպատակ դրեցի ստեղծել մի շարժում, որը կքարոզի ճշմարտությունը և հայ երիտասարդությանը կհամախմբի այդ գաղափարների շուրջ։
Եվ մինչև այսօր, անկախ բոլոր դժվարություններից ու հիասթափություններից, շարունակում եմ անձնվիրաբար զբաղվել այդ գործով և հաստատակամորեն առաջ շարժվել՝ առանց շեղվելու կամ ծախվելու, քանի որ խորապես հավատում եմ իմ ստեղծած շարժման կարևոր առաքելությանը։ Գրեթե հինգ տարի զբաղվելով քաղաքականությամբ՝ կարողացել եմ մի խումբ անկախ երիտասարդների ներգրավել որպես անդամներ և ձեռք բերել հարյուրավոր աջակիցներ ու համակիրներ, ինչպես նաև հազարավոր հետևորդներ ոչ միայն հայության, այլև աշխարհով մեկ այլ արիական ազգերի շրջանակներում, ովքեր «Հոսանք»-ին ճանաչում են որպես Հայաստանի միակ ազգայնական քաղաքական շարժում։
Այս ամենը չեմ ասում «գլուխ գովալու» համար, որովհետև այս ամենը ամենևին չեմ համարում հերոսություն։ Իրականում սա նվազագույնն է, ինչ պետք է անի Սփյուռքում ապրող հայրենասերը, ով իսկապես մտածում է իր ազգի ապագայի մասին։ Ես պարզապես կատարում եմ իմ պարտականությունը Հայրենիքի նկատմամբ, քանի որ հանդիսատեսի դերում մնալու փոխարեն որոշել եմ անձնական պատասխանատվություն ստանձնել և մի բան անել՝ անկախ նրանից, թե որքան փոքր է հաջողության հասնելու հավանականությունը։ Վաղուց հասկացել էի, որ հայրենասերը դատարկ բողոքողը, դրոշակ ծածանողը կամ կենաց ասողը չէ, այլ նա, ով իր երկրի համար պատրաստ է կյանքը նվիրել և զոհողությունների գնալ։
Ես ընդամենը մի փոքր քայլ եմ արել, բայց հենց այն օրվանից, երբ ոտքս դրեցի հայրենի հողի վրա, գիտակցել եմ, որ այն, ինչը փոքր քայլ է յուրաքանչյուրիս համար, կարող է մեծ թռիչք լինել ողջ ազգի համար։
Ամեն դեպքում, հիմա արդեն իմացաք, թե այս վերջին տասը տարում ինչ «զանգ եմ կախել»...
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ