02:00:00 28.07.2021
Բուսակերությունը ապագան է
Բուսակերությունը` որպես կենսակերպ, ամենևին նորություն չէ: Այն
գոյություն է ունեցել մարդկության սկզբնավորումից ի վեր, սակայն
ժամանակակից աշխարհում, կարելի է ասել, վերծնունդ է ապրում: Միլիոնավոր
մարդիկ, տարբեր պատճառներից ելնելով, աշխարհի տարբեր անկյուներում
որդեգրում են այդ ապրելակերպը: Այնուամենայինիվ, հիմնականում երեք հիմնական
պատճառներ կան՝ բարելավել առողջությունը, անաղարտ պահել բնությունը, և
կասեցնել անմեղ կենդանիների անիրավ սպանդը կամ բոլոր երեք պատճառները
միասին: Հերթով տրամաբանորեն կվերլուծենք այս երեք պատճառները, որպեսզի
հասկանանք, թե ինչու է բուսակերության շարժումը զարգացել ու գրավել
մարդկանց ուշադրությունը: Պետք է իմանանք, որ երկու տեսակի
բուսակերություն կա՝ վեգետերիանիզմ, որը բացառում է մսի օգտագործումը, բայց
ոչ ձվի ու կաթնամթերքի, և վեգանիզմ, որը բացառում է ամեն տեսակի
կենդանական ծագումով սնունդ: Իմ կարծիքով իսկական բուսակերությունը վերջին
տարբերակն է, հետևաբար այս հոդվածում կնշեմ միայն դրա առավելությունները:
Սակայն, մի կարևոր բան ևս պետք է հասկանանք, որ աշխարհով մեկ
անասնապահությունը տրիլիոն դոլարների արդյունաբերություն է, որը
միլիարդավոր դոլարներ է ծախսում գովազդների և «բժիշկների» վրա, որպեսզի
նրանք հասարակությանը հրամցնեն այն անտարակույս սուտը, թե մարդկանց
անհրաժեշտ է միսը և կենդանական այլ սնունդը: Սա հասկանալով՝ մենք կարող ենք
պարզ հետևություն անել, որ գումարի ու բիզնեսի պատճառներից ելնելով՝
շահերի բախումներ կլինեն: Կեղծ պրոպագանդայի պատճառով մարդիկ թյուր կարծիք
ունեն բուսակերության մասին և շատերն էլ երբևէ լսած չեն լինի այն փաստերը
ու փաստարկները, որոնք ստորև նշելու եմ:
Շատ հետաքրքիր է, որ
հազարամյակներ են անցել ու մարդկությունը այսքան հաջողությունների է հասել
գիտության ոլորտում, բայց մեծամասնությունը դեռ չի հասկանում, թե որն է իր
համար ամենաճիշտ սնունդը: Սա պետք է լիներ ամենապարզ բանը, բայց,
անհասկանալիորեն, դարձել է ամենաբարդ խնդիրներից մեկը: Սա ևս մեկ ապացույց
է, որ իմաստության զարգացումը տեխնոլոգիական զարգացմանը համահունչ չէ: Եթե
ցանկանում ենք իմանալ, թե ինչ տեսակ ուտելիքն է մեզ համար առողջարար կամ
վնասակար, պետք է նախևառաջ պարզել մեր կենսաբանական էությունը: Ինչպես
ավտոմեքենան կամ օդանավը կառուցված է հատուկ վառելիք ընդունելու համար,
նույնպես ամեն տեսակի արարած ունի իր յուրահատուկ կառուցվածքը, և այդ
կառուցվածքի համար պետք է լինի համապատասխան սնունդ, որպեսզի այդ տեսակի
էակը կարողանա աշխատել ամենաարդյունավետ կերպով: Մարդ արարածը ևս մի տեսակ
է և չի տարբերվում բնության այդ օրենքից: Մեր ճիշտ սննդակարգը իմանալու
համար հարկավոր է նայել մեր անատոմիական և կենսաբանական կառուցվածքին:
Շատերը թյուր կարծիք ունեն, որ մարդը իրականում ամենակեր է կամ նույնիսկ
գիշատիչ, բայց դա ամբողջապես հեռու է ճշմարտությունից: Մարդը գիշատիչների
ու ամենակերների նման երախ ու ճանկ չունի, որոնք նախատեսված են զոհ բռնելու
և հում-հում հոշոտելու համար, այլ ունի հարթ ատամնաշար և սովորական
ձեռքեր, որոնք ստեղծված են պտուղ քաղելու և ուտելու համար: Ի տարբերություն
ամենակերների ու գիշատիչների, որոնց աղիքների երկարությունը իրենց մարմնից
մոտավորապես մեկուկեսից երեք անգամ (կախված, թե որ կենդանու մասին է
խոսքը) երկար է, իսկ մարդու աղիքը գրեթե տասը անգամ երկար է իր բոյից:
Մարդու ստամոքսաթթուն շատ անգամ ավելի թույլ է, քան ամենակերի կամ գիշատչի
ստամոքսաթթուն: Միայն բուսակեր կենդանիներն են կարողանում իրենց ծնոտները
կողքանց շարժել: Բուսակերները նաև գունավոր տեսողություն (trichromatic
vision) ունեն՝ ի տարբերություն գիշատիչների ու ամենակերների: Նույնիսկ հաց
ուտելիս, վիճակագրությունը ցույց է տալիս, որ մարդկանց մոտ ուտելու
ընթացքում խեղդվելու ամենամեծ պատճառը միս ուտելն է: Հարկավոր է նշել, որ
մարդկության մեծամասնությունը նույնիսկ չի կարողանում կաթնամթերք
յուրացնել, քանի որ բնակչության 75%-ը լակտոզայի անհանդուրժողականություն
ունի: Այսպիսի բազմաթիվ տարբերություններ կարելի է բերել, որոնք
գիտականորեն ապացուցում են, որ մարդ արարածը միանշանակ ստեղծված է բույս
(միրգ, կանաչի, բանջարեղեն, ընկույզ և այլն) ուտելու համար (ինչպես օրինակ
կապիկները) և մեր մարմնով կառուցվածքի բոլոր մասերը հաստատում են այդ
փաստը: Նորմալ մարդու ախորժակը սպանդանոցներ տեսնելիս զզվանքից կփակվի,
բայց առյուծինը կամ արջինը կբացվի: Եթե մենք իսկապես ստեղծված ենք միս
ուտելու համար, պետք է կարողանանք գիշատիչների կամ ամենակերների պես
կենդանու միսը, մորթին, ոսկորները, աճառը հում-հում ուտել՝ առանց
մարսողական որևէ խնդրի: Մենք, իհարկե, գիտենք, որ դա հնարավոր չէ (եթե չես
ուզում հիվանդանալ կամ մեռնել): Մարդկանց մեծ մասը միսն առանց եփելու և
համեմունքներ (բուսականություն) ավելացնելու չի կարողանում ուտել: Մարդը
միակ արարածն է, որն օգտվում է ուրիշ կենդանու կաթից, ինչն ամենևին բնական
երևույթ չէ, քանի որ ցանկացած կաթնասուն կաթ արտադրում է միմիայն իր ձագերի
համար: Ինչքանո՞վ է տրամաբանական, որ մարդիկ դադարում են իրենց մոր կաթով
սնվել առավելագույնը 2-3 տարեկանից, բայց հասուն տարիքում օգտվում են
կենդանական կաթից: Ուշագրավ է, որ վայրի կենդանիները բնության մեջ
մարդկանց նման չեն «ծերանում» և չեն հիվանդանում բազմաթիվ տարբեր ախտերով,
այլ մոմի լույսի պես ապրում են ու հանգչում առանց հիվանդությամբ տառապելու:
Դա նրանից է, որ վայրի կենդանիները ուտում են այն, ինչի համար ստեղծված են
ու ապրում են բնության օրենքների հետ համահունչ: Մարդկության
մեծամասնությունը չի էլ կարողանում անմեղ կենդանի մորթել ու նույնիսկ չի
կարողանում դիտել, թե կենդանին ինչպես է մորթվում: Եթե մսագործներ չլինեին,
բնակչության մեծամասնությունը ինքնըստինքյան բուսակեր կդառնար: Հետևաբար,
կարող ենք եզրակացնել, որ միսը և կաթնեղենը մարդ արարածի համար նախատեսված
չեն: Այդ է պատճառը, որ բժշկագիտությունը բազմաթիվ գիտափորձերով ապացուցել է
մսեղենի և կաթնամթերքի վնասակար լինելու փաստը: Այդ գիտափորձերում
կենդանական սնունդը ուղիղ կապ է ունեցել տարբեր հիվանդությունների հետ:
Կենդանական սնունդը առաջատար պատճառն է սրտանոթային հիվանդության, աղիքների
քաղցկեղի, երիկամի քրոնիկ հիվանդության, շագանակագեղձի քաղցկեղի,
շաքարախտի, օստեոպորոզի, կաթվածների և այլ տարբեր տեսակ հիվանդությունների:
Այն երկրները, որոնք ամենաշատն են մսից և կաթնամթերքից օգտվում, ունեն նաև
այդ բոլոր հիվանդությունների ամենաբարձր ցուցանիշները: Բազմաթիվ
արձանագրություններ կան, որ բուսակերության անցնելով (հատկապես հում
բուսակերության), այդ հիվադություններով տառապող մարդիկ կարողացել են
ամբողջությամբ բուժվել: Եթե մարդ ուզում է ավելի խորը ուսումնասիրել
կենդանական սնունդի և հիվանդությունների միջև կապը, կարելի է կարդալ
«Չինական Գիտափորձը» (The China Study) աշխատությունը: Նաև արձանագրված է,
որ աշխարհում ամենաառողջ ու երկար ապրող ժողովուրդներն են Ճապոնիայի
Օկինավանցիները, Պակիստանում ապրող Հունզաները և Ամերիկայի քրիստոնիա
Ադվենտիստները, որոնք հիմնականում սնվում են բուսականությամբ ու կենդանական
սնունդ շատ հազվադեպ են օգտագործում: Նրանք ապրում են առավել քան հարյուր
տարի ու լինում են շատ առողջ վիճակում: Մսեղենը և կաթնամթերքը ամբողջովին
զուրկ են մանրաթելից և շատ կարևոր վիտամիներից ու հանքանյութերից, ինչպես
օրինակ վիտամին C և մագնեզիում: Այն ինչ կա մսեղենի և կաթնամթերքի մեջ,
ինչպես օրինակ սպիտակույցը և կալցիումը, շատ ավելի հեշտությամբ և ավելի
բարձր որակով կարելի է ստանալ բուսականությունից: Մարդիկ մոռանում են, որ
հիմնականում 5-10 տարբեր տեսակի մսեղեն են ուտում, բայց աշխարհում կան
առավել քան 20,000 տարբեր տեսակի բանջարեղեններ, առավել քան 2,000 տարբեր
տեսակի մրգեր, առավել քան 40,000 տարբեր տեսակի բրինձներ, առավել քան 21
տարբեր տեսակի ձավարեղեն, առավել քան 40,000 տարբեր տեսակի լոբիներ, և
իհարկե, շատ տարբեր կանաչիներ, սերմեր ու ընկուզեղեն: Այնքան
բազմազանություն կա բնության մեջ, որ մարդ կարող է իր կյանքում տեսականորեն
ամեն օր մի նոր տեսակի ճաշ պատրաստել և երբեք նույն բանը չուտել: Շատ
մսակերներ սիրում են պնդել անհրաժեշտ վիտամիների մասին, որից զուրկ է
բուսական սնունդը, ինչպես օրինակ B12-ը: Սա պարզապես տգիտություն է, քանի
որ B12-ը (որը գալիս է հողի բակտերիայից) անասնակերի մեջ ավելացնում են
ագարակատերները, և հիմիկվա՝ խանութներից գնած բուսական սնունդը զուրկ է
B12-ից՝ շատ լվացված լինելու պատճառով: Մարդիկ փոխանակ այդ վիտամինը
ավելացնեն իրենց բուսական ուտելիքին, կենդանուն են ուտում, որը կերել էր
այն B12 պարունակող կերը: Դա նույնն է, որ ջուր խմելու համար մարդ ցեխ
ուտի: Ի վերջո, աշխարհում սննդի և ուտելիքի ամենամեծ կազմակերպությունը՝
Position of the Academy of Nutrition and Dietetics, շեշտել է, որ
բուսակերությունը ոչ միայն ապահով է, այլև առողջարար է մարդկանց կյանքի
բոլոր փուլերում, անկախ նրանից՝ մանուկ են, թե ծերունի, տղա, թե աղջիկ:
Ուստի զավեշտալի է, երբ մսակերները բուսակերներին հարցնում են. «բա ի՞նչ ես
ուտում, եթե միս չես ուտում»: Ի վերջո, բնության մեջ ամենաուժեղ,
ամենաերկար ապրող ու ամենախելացի կենդանիները՝ փիղը, գորիլան, ձին, խոյը,
ռնգեղջյուրը, ցուլը և այլն, բուսակերներ են: Հիվանդանոցներում մարդիկ
մահանում են ոչ թե պրոտեինի պակասության պատճառով (այդպիսի դեպքեր չկան,
եթե սովամահ չեն լինում), այլ այն հիվանդություներից, որի ամենամեծ
պատճառներից մեկը անասնական սնունդն է:
Միս ուտելը ոչ միայն վնասակար է
մեր առողջությանը, այլ նաև վնասակար է երկիր մոլորակի բնությանը: Կարելի է
վստահաբար շեշտել ու գիտական փաստերով հիմնավորել, որ բնությանը ոչինչ
ավելի շատ չի վնասում, քան անասնապահությունը: Շատերը պարզապես կզարմանան
այս փաստից, քանի որ գրեթե երբեք չեն մտածել, թե իրականում որտեղից և
ինչպես է կենդանական սնունդը հասնում իրենց ափսեին: Ամեն տարի աշխարհում
արհեստականորեն բեղմնավորվում և հետո մորթվում են գրեթե յոթանասուն միլիարդ
ցամաքային կենդանիներ (և սպանվում գրեթե 3 տրիլիոն ծովային կենդանիներ):
Այդքան ցամաքային կենդանիներ պահելու և կերակրելու համար բնականաբար
պահանջվում են շատ մեծ հողատարածքներ և անթիվ տոննաներով կեր և ջուր: Մի
կիլոգրամ միս ստանալու համար անհրաժեշտ է մոտավորապես տասնվեց կիլոգրամ
բուսականություն և 4000-15000 լիտր ջուր (նայած որ կենդանու համար), իսկ
բուսականության համար մոտավորապես 100-1000 լիտր ջուր (նայած՝ ինչ բույսի
համար): Սա պարզապես անարդյունավետ համակարգ է, որը մեծ բեռ է դնում երկիր
մոլորակի վրա և անիմաստ կերպով վատնում է անհրաժեշտ ռեսուրսները:
Անհեթեթություն է, որ անիմաստ այսքան ծախսվում է կեր ու ջուր, բայց
միաժամանակ աշխարհում ամեն օր հազարավոր մարդիկ են մեռնում սովից և ջրի
պակասությունից: Այնքան բուսականություն կարելի է աճեցնել, որ հեշտությամբ
կկերակրվեն տասնապատիկ ավելի շատ մարդիկ, եթե ամբողջ աշխարհն անցնի
բուսակերության և երկիր մոլորակի գյուղատնտեսությունը դրվի բուսակերության
ռելսերի վրա: Անասնապահությունը նաև օդի կեղտոտման մեծ պատճառներից մեկն է,
որովհետև այդ բոլոր կենդանիները արտաշնչելով՝ մթնոլորտ են արտանետում
ածխաթթու գազ: Անտառահատման թիվ մեկ պատճառը հենց անասնապահությունն է,
քանի որ այդքան արոտավայրեր ունենալու համար անհրաժեշտ է հատել սաղարթախիտ
անտառները: Իհարկե, պետք է նաև շեշտվի, որ ջրի պղտորման թիվ մեկ պատճառը ևս
անասնապահությունն է, և դա պիտի որ պարզ լինի, երբ մտածես, թե այդքան
կենդանիների արտաթորանքը վերջում որտեղ է հայտնվում: Այդուհանդերձ,
ամենամեծ վնասը, որը անասնապահությունը տալիս է բնությանը,
կենսաբազմազանության կորուստն է, որովհետև վերոհիշյալ երեք բացասական
հետևանքները նպաստում են այս վատագույն հետևանքին: Շատերը, այս ամենը
ուսումասիրելով ու խորը մտածելով, կհարցնեն, թե ինչ պիտի անել այդքան
կենդանիների հետ, եթե մարդիկ բուսակեր դառնան․ պատասխանը շատ պարզ է:
Նախևառաջ պետք է հասկանալ, որ այդքան անասուններ կան ագարակներում ու
սպանադոցներում, որովհետև մարդիկ արհեստականորեն բեղմնավորում են նրանց՝
բնակչության պահանջը բավարելու և գումար վաստակելու համար: Մարդկությունը
մի օրվա մեջ չի անցնի բուսակերության, դա բավականին երկար գործընթաց է,
բայց որքան շատ մարդիկ կամաց-կամաց անցեն բուսակերության, այնքան ավելի շատ
կնվազի մսի և անասնական սնունդի պահանջը, որի արդյունքում ավելի քիչ
կենդանիներ արհեստականորեն կբեղմնավորվեն: Այսպիսով՝ կարող ենք եզրակացնել,
որ անհնար է բնապահպան լինել առանց բուսակեր լինելու, սա պարզագույն
ճշմարտություն է:
Արդեն գիտական փաստարկումներով նշեցի, թե ինչպես է
մսակերությունը և առհասարակ անասնապահությունը վնասում մեզ և երկիր
մոլորակին, սակայն բուսակերության անցնելու կարևորագույն պատճառը
էթիկականն է՝ այն, որ վնասում ենք կենդանիներին և ընդհանրապես կենդանական
աշխարհը: Նույնիսկ եթե մսակերությունը մեզ վնաս չլիներ ու
անասնապահությունը՝ երկիր մոլորակին, ապա էլի բարոյապես սխալ ավանդույթ է,
քանի որ առանց արդար պատճառի դաժանորեն անմեղ կենդանու կյանքն ես խլում:
Եթե որևէ ազնիվ մղում չկա, ապա կարելի է մսակերությունը համարել ոչ միայն
մարդկության ամենամեծ մոլություններից մեկը, այլև մարդ արարածի էության
պղծությունը: Մսակերները իրենց մոլությունը փորձում են արդարացնել տարբեր
անհիմն և ոչ գիտական փաստարկներով, որոնք ոչ մի տրամաբանական հիմք չունեն:
Այդ փաստարկներից մեկն էլ այն է, որ մարդկությունը հազարավոր տարիներ
զբաղվել է որսորդությամբ և անասնապահությամբ ու նաև միս կերել.
ավանդույթներ, որոնք կան աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդների մշակույթում:
Այստեղ պետք է մի բան հաստատենք. ոˊչ ժամանակը և ոˊչ էլ մշակույթն է
որոշում, թե որն է արդարը, այլ միայն տրամաբանական ճշմարտությունը: Տասնյակ
հազարավոր տարիներ մարդիկ նաև շատ սարսափելի բաներ են արել միմյանց
նկատմամբ՝ սպանություններ, խոշտանգումներ, բռնաբարություններ և այլն, բայց
բնականաբար դա չի նշանակում, որ դրանք արդար կամ ճիշտ սովորություններ են:
Մեր նախնիները որսորդությամբ են զբաղվել և միս են կերել հիմնականում
գոյատևելու համար, հատկապես ցուրտ եղանակների ժամանակ: Ուստի այն
կամաց-կամաց դարձավ վատ սովորություն և մշակույթի մի նողկալի մաս:
Մեր
նախնիները կերել են գոյատևման համար և եթե գոյատևումն է նպատակը, ապա
այդքան ռեսուրս չէին ծախսի որսորդության վրա, եթե կարողանային հեշտությամբ
բուսական սնունդ ձեռք բերել: Ժամանակակից դարում որսորդությամբ զբաղվելը
անհեթեթություն է, էներգիայի անիմաստ վատնում, և եթե աշխարհի բնակչության
նույնիսկ կեսն այս պահից սկսած որսորդությամբ զբաղվեր, ընդամենը մեկ
շաբաթում կկործանեինք ամբողջ բնության էկոհամակարգը և վայրի բնությունը: Դա
նրանից է, որ բնության մեջ քիչ են գիշատիչները, որոնք պահպանում են
հավասարակշռության դերը էկոհամակարգերում: Ինչպես պարզեցինք, մարդու
էությունը բուսակերական է, և երբ մարդն իր էությունից շեղվում է և դառնում
«գիշատիչ», կոռումպացնում է էկոհամակարգերի բնական գործընթացը և խախտվում է
հավասարակշռությունը: Գիշատիչները որսորդությամբ են զբաղվում, որովհետև
բնածին մսակերներ են և պետք է դա անեն գոյատևման համար, և որսորդությամբ
զբաղվելիս գիշատիչները թիրախավորում են թույլերին, որի արդյունքում
բարելավվում է որսերի գենետիկ որակը, իսկ մարդիկ ժամանակակից դարում
որսորդությամբ են զբաղվում հիմնականում սպորտի համար՝ թիրախավորելով
ամենահզոր որսերին, որը վատթարացնում է որսերի գենետիկ որակը: Դա ևս մի
օրինակ է, թե ինչպես է մարդկությունը փչացնում վայրի բնությունը՝ զբաղվելով
որսորդությամբ: Ինչ է թե բնության մեջ մի բան կատարվում է, չի նշանակում,
որ մենք անպայման պետք է այդ ամենը ընդօրինակենք քաղաքակիրթ
հասարակությունում: Շատ սարսափելի բաներ են կատարվում բնության մեջ և
մարդկությունը զարգացել է հենց նրա համար, որ հնարավորինս փորձի զերծ մնալ
նման վայրագություններից: Ի տարբերություն կենդանիների, մենք նաև բարոյական
զգացում ունենք, և կարող ենք որոշ չափով գիտակցել մեր արարքների բարոյական
կամ ոչ բարոյական լինելը: Կենդանիներն այդ իմաստով շատ նման են փոքր
երեխանների, որոնք նույնպես չունեն այդ բարոյական զգացումը: Շատերն իրենց
կենդանասերներ են համարում, բայց միաժամանակ անուղղակիորեն աջակցում են
անմեղ կենդաների դեմ սարսափելի տանջանքներին, երբ միս և այլ տեսակ
կենդանական սնունդ են գնում կամ պատվիրում: Մարդիկ ընդհանրապես կտրված են
այդ ամբողջ գործընթացից և չեն էլ մտածում, թե ինչպես է այդ միսը հասնում
իրենց ափսեին: Այդ տգիտության պատճառով է, որ այդ արդյունաբերությունները
շարունակում են գոյություն ունենալ, և դրա համար է, որ սպանդանոցները
մարդկանցից հեռու վայրերում են գտնվում: Կենդանական սնունդի վրա ժպտացող
կովի և հավի պիտակներ են դնում, որպեսզի մեր խիղճը թեթևացնեն՝ շատ լավ
հասկանալով, որ այդ կենդանիները ամեն զգացում ունենում են, բացի
ուրախությունից: Շատ խորամանկ մարկետինգային քայլ է, որի նպատակն է ավելի
շատ գումար դնել այդ կորպորացիաների գրպաններում: Ոմանք էլ կասեն, որ այդ
կորպորացիաներն են խնդիրը, ոչ թե մսակերությունը կամ անասնապահությունը:
Կասեն, օրինակ, որ գյուղերում լավ են հետևում կենդանիներին և որպես
«ընտանիքի անդամ» են վերաբերվում: Դա պարզապես զավեշտալի է, որովհետև
անասնապահները անասուններին նայում են ընդամենը որպես եկամտի աղբյուր:
Իրականում այդքան էլ կարևոր չէ, թե որքան լավ են խնամվում այդ անասունները,
որովհետև վերջում մորթվում են, և ոչ մի բարոյական ձև չկա անմեղ կենդանուն
սպանելու, եթե այդ կենդանին չի ուզում մեռնել: Սխալ բան անելու ճիշտ ձևը
չկա: Կարող ենք ասել, որ լավ խնամված կենդանուն մորթելը ավելի սարսափելի է,
որովհետև այդ ամբողջ ընթացքում այդ կենդանին քեզ նայում է որպես ընկերոջ և
հարազատի, իսկ դու դավաճանի պես նրանից խլում ես իր կյանքը՝ գումար
վաստակելու համար: Եթե ցանկացած երեխայի տաս ծիրան ու գառ, նա կուտի ծիրանը
ու կխաղա գառի հետ: Հավատացյալները կպնդեն՝ «Աստծո կամքն է», որ մենք միս
պիտի ուտենք, և մսից հրաժարվելով՝ մենք գնում ենք նրա դեմ: Այս մարդիկ արժե
կարդան Աստվածաշնչի Ծննդոց 1:29. «Եվ Աստված ասաց. «Ահա ամեն խոտ, որ սերմ
ունի ամբողջ երկրի վրա, և ամեն ծառ, որի մեջ կա սերմ տվող ծառի պտուղ, ահա
ձեզ տվեցի, որ կերակուր լինի ձեզ համար»։ Հիշենք նաև, որ Ադամ ու Եվան
միայն բուսականությամբ էին սնվում դրախտում, մարդկությունը սկսեց միս ուտել
միայն երբ դրախտից դուրս վտարվեց: Ամեն դեպքում, ոչ մի կրոնում միս
ուտելու մանդատ չկա, և բուսակեր ու հավատացյալ լինելը իրարամերժ չեն: Կասեի
ավելին՝ հոգևոր կյանքով ապրելու համար անհրաժեշտ է բուսակեր լինելը, քանի
որ անհեթեթություն է քեզ հոգևորական համարել, եթե շարունակում ես աղիքներդ
լցնել մեռած կենդանիների դիերով ու իրենց արտազատումներով: Ինչպես հնագույն
հայ գիտնական Անանիա Շիրակացին է ասել. «Եթե հեթանոս քուրմերը տեսնեին, թե
որքան միս են այժմ ուտում, անշուշտ պիտի ասեին, որ մարդիկ իրենց որովայնը
դարձրել են կենդանիների գերեզմանոց»: Ի վերջո, անասնապահությամբ զբաղվելով՝
մենք մեզ դնում ենք Արարչի տեղ, և արհեստականորեն բեղմնավորելով
կենդանիների՝ լույս աշխարհ ենք բերում միլիարդավոր կենդանիների միմիայն մեր
քմահաճույքի համար և որսորդությամբ զբաղվելով՝ սպանում ենք Արարչի
ստեղծած էակներին: Ըստ իս, դրանք մեծ մեղքեր են հենց Արարչի դեմ: Եթե իրոք
Արարիչը կենդանիներին ստեղծել է մեր կողմից սպանվելու ու սնունդ դառնալու
համար, ապա ինչո՞ւ է նրանց տվել ցավ զգալու կարողություն: Մսակերների
կողմից ամենամեծ ու ամենազավեշտալի փաստարկն այն է, որ բուսակերները
«սպանում» ու ուտում են բույսերին, որոնք կենդանիների նման ցավ են զգում ու
տառապում: Աշխարհում չի գտնվի նույնիսկ մեկ հեղինակավոր գիտնական, ով
կասի, որը բույսերը կենդանիների նման ցավ են զգում կամ կենդանիների պես
գիտակցություն ունեն: Ամեն առումով դա անհեթեթություն է: Կենսաբանական
տեսանկյունից, մի արարած ցավ զգալու համար նախ և առաջ պետք է ուղեղ ունենա,
կենտրոնական նյարդային համակարգ և ցավի ընկալիչներ, որոնք, բնականաբար,
չունեն բույսերը: Անհնար է բույսերին տանջել և ինչքան էլ փորձես, չես կարող
չարչարել գազարին կամ կաղամբին: Էվոլուցիայի տեսանկյունից զավեշտալի է,
քանի որ ցավ զգալու ամբողջ իմաստն այն է, որ մենք հասկանանք՝ վտանգի տակ
ենք ու փախչենք վտանգներից, որպեսզի շարունակենք մեր գոյությունը: Բույսերը
չունեն ոˊչ ցավ զգալու, ոˊչ էլ փախչելու կարողություն: Բույսերը ողջ են,
բայց կենդանի չեն. կարող են մթնոլորտի տարբեր խթաններից փոքր-ինչ ազդվել,
բայց չեն կարող գիտակցաբար արձագանքել, որովհետև չունեն գիտակցություն:
Գիտակից էակներ չեն, որոնք ունենում են իրենց յուրահատուկ սուբյեկտիվ
փորձառությունը այս իրականության մեջ: Համոզված եմ, որ այս հիմար փաստարկը
պնդողները իրականում չեն էլ հավատում իրենց ասածներին. ուղղակի փորձում են
ինչ-որ ձևով արդարացնել իրենց մոլությունը: Կենդանիների իրավունքները
պաշտպանելով՝ անուղղակիոարեն նաև պաշտպանում ես մարդկանց իրավունքները,
քանի որ այդ վայրագ ու դաժան արդյունաբերությունները վնասակար են
հասարակության համար: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ սպանդանոցներում
աշխատողները տարիների ընթացքում ստանում են ծանր հոգեբանական խեղումներ,
քանի որ աշխատում են դաժան ու անբնական պայմաններում: Ի վերջո,
կենդանիներին սպանելը մարդկությանը ապազգայունացրել է և դրդել մարդկանց
սպանությունների: Հայտնի ռուս գրող ու բուսակեր Լև Տոլստոյը շատ դիպուկ
արտահայտել է այդ միտքը, երբ ասել է. «քանի դեռ կան սպանդանոցներ, կլինեն
նաև մարտի դաշտեր»: Չենք կարող մոռանալ հնագույն աշխարհի ամենահանճարեղ ու
բուսակեր փլիսոփաներից մեկին՝ Պյութագորասին, ով ասել էր. «Քանի դեռ մարդը
շարունակում է լինել կենդանի էակների անխիղճ կործանիչը, նա երբեք չի իմանա՝
ինչ է խաղաղությունը: Քանի դեռ մարդիկ կոտորում են կենդանիներին, նրանք
կսպանեն նաև միմյանց: Իսկապես, նա, ով ցանում է սպանության և ցավի սերմերը,
չի կարող քաղել ուրախություն և սեր»: Իհարկե, պատմության մեջ եղել են
հարյուրավոր այլ հանճարներ, որոնք բուսակեր են եղել բարոյական պատճառներից
ելնելով, ինչպես օրինակ Դա Վինչի, Նիկոլա Տեսլա, Ռիխարդ Վագներ և այլոք:
Այնպես որ, բուսակերությունը նոր «թրենդ» չէ, ինչպես շատերը սիրում են
հիմարաբար ասել, այլ եղել է քաղաքակրթության սկզբնավորումից ի վեր: Միս
(կենդանի) ուտելն անձնական որոշում չէ, քանի որ զոհ է լինում այդ
ընթացքում: Եթե այդ որոշման արդյունքում միայն դու ինքդ քեզ վնասես, նոր
կարելի է ասել, որ դա անձնական որոշում է: Բուսակեր լինելու համար պարտադիր
չէ նույնիսկ մարդ կենդանիներին սիրի կամ հատուկ կարեկցանք ունենա
կենդանիների նկատմամբ, ոչ էլ պիտի ընդունի, որ նրանց իրավունքները
հավասարազոր են մարդկանց իրավունքներին: Ընդամենը պիտի հարգի նրանց ազատ
ապրելու իրավունքը, որը ունեն բոլոր էակները և պետք է այդ իրավունքը ավելի
վեր դասի իր քմահաճույքից: Ինչ է թե մենք ավելի խելացի ենք նրանցից, դա մեզ
իրավունք չի տալիս նրանց ստրկացնել, շահագործել և սպանել: Մենք մտավոր
հաշմանդամ մարկանց չենք մտածում ստրկացնել կամ ուտել, այլ տալիս ենք նույն
ազատ ապրելու իրավունքը, և նույնպես պետք է վարվենք կենդանիների հանդեպ:
Մեր դուրը չէր գա, եթե այլմոլորակայինները գրավեին Երկիր մոլորակը և մեզ
ստրկացնեին ու ուտեին՝ պատճառաբանելով, որ իրենք ավելի խելացի են մեզնից:
Ինչպես մարդկանց նկատմամբ, այնպես էլ կենդանիների նկատմամբ, պետք է գործի
նույն տիեզերական սկզբունքը՝ Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզեիր,
որ նա քեզ հետ վարվի: Հավատում եմ, որ տիեզերքում գործում է կարմայի
օրենքը, և եթե խախտում ենք այդ օրենքները, բնությունը մեզ պատշաճ կերպով
պատժում է: Բնակչության ճնշող մեծամասնությունը համաձայն է, որ
կենդանիներին տանջելը ու անիմաստ կերպով սպանելը սխալ է և չարիք, հետևաբար
ժամանակն է իրենց ասածներն ու հավատը համապատասխանի իրենց արարքներին ու
գործողությանը:
Իրականում գրքեր կարելի գրել այս թեմայի վերաբերյալ,
որովհետև շատ ծավալուն է ու անսահման, բայց մի թեմա է, որը պահանջում է ողջ
մարդկության լիարժեք ուշադրությունը: Աշխարհում նոր գիտակցություն է
զարգանում և օրեցօր աճում է բուսակերության շարժումը. մարդիկ սկսում են
կամաց-կամաց արթնանալ և գիտակցել, թե ինչ են ուղարկում իրենց որովայն և դա
ինչպես է բացասաբար ազդում կենդանական և վայրի բնության վրա: Ժամանակը
գալու է, երբ մարդկությունը գարշանքով հետ է նայելու և ապշելու, թե որքան
վայրագ ենք վերաբերվել անմեղ ու անպաշտպան կենդանիների նկատմամբ և
պատմության գրքերում մսակերության դարերը համարվելու են խավար դարաշրջան:
Բուսակերությունն իսկապես ապագան է:
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։