ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Նախ և առաջ կցանկանայի ներողություն խնդրել...

02:00:00 12.07.2013

Նախ և առաջ կցանկանայի ներողություն խնդրել...

Նախ և առաջ կցանկանայի ներողություն խնդրել՝ այսքան երկար գրելու համար: Ես պարզապես մտածեցի, որ հրաշալի կլիներ թղթին հանձնել իմ բոլոր մտքերս ու զգացմունքներս, որ ներսումս կուտակվել էին անցած 40 օրերի ընթացքում: Ես գրում եմ Անգլերեն, որպեսզի բոլորը կարողանան հասկանալ՝ ներառյալ ամբողջ աշխարհով մեկ սփռված այն Հայերը, ովքեր չեն կարողանում կարդալ Հայերեն և իմ Եվրոպացի ընկերները: Իմ կարծիքով շատ կարևոր է պատմել ամենքին կյանքումս առաջին անգամ Հայրենիքում լինելու փորձառությանս մասին: Քառասուն օր է անցել և այսօր Հայրենիքումս գտնվելու վերջին օրն է: Սիրտս կոտրվում է, որ ստիպված եմ հետ գնալ, քանի որ ես հեռանալու եմ մի վայրից, որը այնքան թանկ է ինձ համար: Իմ ողջ կյանքում (24 տարի) ես մի տեսակ դատարկություն և օտարացում եմ զգացել, որն անհետացավ հենց այն վայրկյանից, երբ ես ոտք դրեցի իմ նախնիների Երկիրը: Ես զայրացած եմ իմ Ամերիկացի հայրենակիցների վրա, որոնք Հայաստանի մասին միայն բացասական են խոսում, և այստեղ ես պարզեցի որ այդ ամենը լրիվ սուտ է։ Ես երբեք ինձ այդքան ամբողջական մարդ չէի զգացել՝ մտավոր, ֆիզիկական և հոգևոր առումով, որքան որ զգացի իմ սեփական Երկրում: Լինել քո յուրայիների մեջ և ապրել այն Երկրում, որի համար քո նախնիները կռվել, պայքարել և մահացել են, մի տեսակ այնպիսի ուժ է տալիս քեզ, որ բառերն անգամ անզոր են նկարագրելու: Ես որպես զբոսաշրջիկ չեմ եկել իմ Երկիրը, ով գալիս է միայն այցելելու տեսարժան վայրերը և մնալու քաղաքի կենտրոնի մի շքեղ հյուրասենյակում: Ես վարձեցի մի համեստ և հարմարավետ սենյակ քաղաքի հարավային հատվածում, որտեղ ոչ մի զբոսաշրջիկ անգամ ոտք չէր դնի և անցկացրեցի իմ 40 օրերը շփվելով հասարակության բոլոր խավերի մարդկանց հետ: Ես հանդիպեցի և ժամանակ անցկացրի դասախոսների, ազատամարտիկների, գեներալների, քաղաքական գործիչների, զինվորների, բանվորների, բժիշկների, ոստիկանների, ծրագրավորողների, գյուղացիների, տաքսու վարորդների և շատ այլ մասնագիտության մարդկանց հետ՝ հասկանալու և զգալու համար, թե ինչպիսին է կյանքն այստեղ: Ես լեռներ եմ մագլցել, լողացել եմ ջրվեժի կողքի գետերում, նախաճաշել եմ բանվորների հետ իրենց աշխատավայրում։ Ես բազում օրեր եմ անցկացրել տարբեր գյուղերում, ազատամարտիկների հետ հարսանիքներին պարել եմ «քոչարի» և շատ ու շատ այլ բաներ: Այստեղ անցկացրած իմ ժամանակը երբեք չի մոռացվի և հավերժ կմնա իմ հիշողության մեջ: Ես միշտ գիտակցել և զգացել եմ, որ Հայաստանն է այն վայրը, որին ես պատկանում եմ և այս ուղևորությունն իսկապես ինձ ցույց տվեց, որ ոչ միայն Հայաստանն է ստեղծված ինձ համար, այլ նաև ես՝ Հայաստանի համար: Հայաստանի հետ կապված ամեն ինչ կարծես խոսում է հոգուս հետ: Այս վայրում հստակ ինչ-որ շատ ոգեղեն բան կա և այստեղ ապրելիս ես իսկապես զգում էի, որ մարմինս միավորվել է հոգուս հետ: Իմ ամբողջ կյանքում ես կասկած չեմ ունեցել, որ այստեղ ես հատուկ առաքելություն ունեմ և այս ուղևորությունը դրա լիակատար հաստատումն էր: Մի հավատացեք այն ամենին, թե մարդիկ ինչ են ասում, մինչև որ ինքներդ չունենաք ձեր ուրույն փորձառությունը: Դա մեկ այլ կարևոր դաս էր, որ ես սովորեցի այստեղ լինելուս ընթացքում: Ես այստեղ շատ մարդկանց եմ հանդիպել և կարող եմ անկեղծորեն ասել, որ գրեթե ամեն ինչ միայն դրական տպավորություն է թողել ինձ վրա: Այստեղ, այս 40 օրերի ընթացքում, ես ձեռք բերեցի ավելի հարազատ ընկերների քան թե ես ունեմ Կալիֆորնիայում ապրելու իմ ողջ կյանքի ընթացքում: Սերն ու նվիրվածությունն իմ հայրենակիցների և իմ Հայրենիքի հանդեպ մի այնպիսի զգացմունք է, որը աշխարհում ոչ մի հարստության հետ չի կարելի փոխանակել: Մեզ համար բացարձակ կարևորություն ունի հասկանալ, որ մենք պետք է անձնական պատասխանատվություն կրենք մեր Երկրի թե լավ և թե վատ վիճակի համար: Մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր հետագա սերունդներն ունենան ավելի լավ Երկիր ապրելու համար։ Մենք ուրիշներին մեղադրելու փոխարեն և ուրիշներից ակնկալելու փոխարեն, որպեսզի նրանք անեն դա, մենք ինքներս պետք է շենացնենք մեր Հայրենիքը և ոչ թե ձեռքներս ծալած նստենք ու բողոքենք։ Յուրաքանչյուրը պարտավոր է մասնակցել այդ գործին և ոչ մի պատճառաբանություն ներելի չէ: Մենք ստում ենք ինքներս մեզ՝ ասելով, որ կարելի է Հայ մնալ ապրելով Հայրենիքից դուրս, մի բան, որին հավատալը իմ կարծիքով անմտություն է: Հայերը կարող են Հայ մնալ միայն Հայաստանում և դա է հստակ ու պարզ ճշմարտությունը: Ես եկել եմ այն եզրակացության, որ յուրաքանչույր Հայ միայն իր Հայրենիքում կարող է մնալ որպես իսկական ազգայնական և հայրենասեր Հայ։ Իմ կատարած այս ճանապարհորդությունը, պարզապես ուղևորություն չէր իմ համար Հայաստանը բացահայտելու, այլ ավելի շատ ուղևորություն էր ինքս ինձ բացահայտելու համար: Այն փորձառությունը, որ ես այստեղ ձեռք բերեցի, կախարդական էր, և ես կցանկանայի շնորհակալություն հայտնել այն մարդկանց, ովքեր այս ուղևորությունը դարձրեցին ինձ համար այդքան հրաշալի: Ես ինձ վերածնված եմ զգում և սա պարզորոշ ոչ թե իմ «փորձությունների» 40 օրերն էին անապատում, այլ ավելի ճիշտ իմ ինքնաբացահայտման 40 օրերը Հայոց Լեռներում: Ես ավարտում եմ իմ ճամփորդությունը ուրախ սրտով և այն պարզ գիտակցությամբ, որ իմ իրական կոչումը եղել է և միշտ կլինի՝ ծառայել Հայաստանին անհրաժեշտ բոլոր միջոցներով, առանց որևէ եթեների, բայցերի, կամ ինչուների։ Ես հույս ունեմ որ շատ շուտով, մի նվիրական օր, վերադառնալ Հայրենիք և այլևս երբեք չնայել ետ: Իմ անհուն սերը քեզ՝ իմ միակ Արարչաստեղծ Հայաստան, թող որ դու ծաղկես ու ապրես հավերժ:

- Հայկ Նազարյան

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։