Հայկ Նազարյան - Ճառ Ջրահովիտում՝ Անդրանիկի կիսանդրու դիմաց (01-03-2026)
02:00:00 01.03.2026
Ճառ #21
Ջրահովիտում՝ Անդրանիկի կիսանդրու մոտ
Մի քանի օր առաջ մենք նշեցինք Զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 161-ամյակը և հիշեցինք նրա անմահ օրինակը: Եվ այսօր հավաքվել ենք այստեղ՝ Արարատյան մարզում՝ նրա կիսանդրու դիմաց, որպեսզի ոչ միայն հարգանքի տուրք մատուցենք և վառ պահենք նրա հավերժական հիշատակը, այլև գիտակցենք, որ մենք պարտականություն ունենք հատկապես այս օրերին՝ շարունակելու նրա սուրբ գործը:
Անդրանիկը ոչ միայն ազատամարտիկ էր և ազատամարիկների զորավար, այլև հայ ազատագրական պայքարի խորհրդանիշը: Ուստի նրան հիշելով՝ մենք ինքնըստինքյան հիշում ենք մեր բոլոր ազատամարտիկներին, ովքեր վճռականորեն պայքարել են մեր հայրենիքի ազատագրման համար: Ինքնաբերաբար նաև հիշում ենք մեր ազատագրական շարժումը, որը ժամանակակից աշխարհում մեր ազգի մեջ արթացրեց Մեծ Հայք կերտելու երազանքը: Անդրանիկը իր պայքարը սկսել էր, երբ հայությունը ապրում էր իր ամենադաժան տարիները՝ անցնելով բազմաթիվ ջարդերի ու ցեղասպանության միջով: Երբ շատերը կարծում էին, թե անհույս էր վիճակը, թե հայ ազգը դատապարտված է կործանման ճակատագիր ունենալուն, Անդրանիկը և նրա նմանները դիմեցին զենքի ուժին, որովհետև նրանք չգիտեին՝ անհույս լինելը ինչ է նշանակում: Նրանք հասկանում էին, որ չկան անհույս իրավիճակներ, կան միայն անհույս մարդիկ: Որտեղ թույլերը, վախկոտներն ու ստրկամիտները տեսնում էին ավար, ուժեղ քաջորդիները տեսնում էին նոր փառահեղ պայքարի սկիզբ:
Նրանց մտքով երբեք չէր անցնում հանձնվել, քանի որ նրանց համար դա երբեք տարբերակ չէր կարող լինել: Հանձվնել նշանակում էր դավաճանել Հայրենիքին ու պատմության վրեժին և ձախողել հայ ազգի ազատագրական առաքելությանը: Անդրանիկի կիսանդրուն նայելով՝ չենք կարող չզգալ, որ մենք պատասխանատվություն ունենք այն բոլոր ազատամարտիկների հանդեպ, ովքեր քրտինք ու արյուն են թափել մեր հայրենի երկրի համար: Մեր հերոս նախնիները մեր հայրենի հողերը ազատագրելով՝ հավաստիացնում էին ապագա սերունդների գոյությունը: Ամեն քառակուսի մետր հող, որն արյամբ ու զոհաբերությամբ ազատագրվել է, ազատագրվել է այն հայորդիների կողմից, ովքեր Անդրանիկի ազատատենչ ոգին են կրել:
Անդրանիկը այնպիսի մարդ էր, որ երբեք չէր կասկածում մեր ազգի ներուժին՝ քաջ գիտակցելով, որ երբ հայ ազգը միասնական ու զինված է լինում, անհաղթահարելի է դառնում: Այդ խառնիճաղանջ ժամանակներում Անդրանիկը միշտ անկոտրում էր մնացել, որովհետև շատ պարզ գաղափարախոսություն ուներ․ հողն ու ջուրը պահում են միայն նիզակն ու թուրը: Ինչպես իր զինակից Նիկոլ Դումանն էր ասել, «մի ազգ, եթե չի ուզում կորչել, պետք է լինի զենքի ընդունակ»: Անդրանիկը գիտեր, որ ինչքան շատ հայեր զենք էին վերցնում, այնքան ավելի էինք մոտենում հաղթանակին, քանի որ զենքն ու պայքարն էին մեր անվտանգության միակ երաշխավորը: Մեր Զորավարը տեսավ, որ միայն թղթե շերեփը երկաթե շերեփ դարձնելով՝ հայ ազգը կկարողանա պայքարել իր իրավունքների և անկախության համար, քանի որ անատամ երկրին միշտ անօգուտ խղճում են, իսկ ատամնավորի հետ՝ միշտ հաշվի նստում:
Այսօր, երբ մեր արտաքին թշնամիներն ու հայադավները փորձում են մեզ նենգաբար զինաթափել ու ամբողջությամբ ծնկի բերել, պարտավոր ենք հիշելու մեր հերոսների պայքարը: Ապրում ենք այնպիսի օրհասական ժամանակներում, որ առավել քան երբևէ հարկավոր է մեր մտքերում պահել նրանց օրինակը, ու սրտներում՝ նրանց հիշատակը: Յուրաքանչյուր քայլ, որը մենք անում ենք, յուրաքանչյուր գործողություն պետք է լինեն նրանց հաղթական ոգով՝ առանց կասկածի և երկմտանքի:
44-օրյա դավադիր պատերազմից ու մեր խայտառակ պարտությունից անցել է առավել քան հինգ տարի, և մեր թշնամիները, համագործակցելով հայադավների հետ, ուզում են մինչև վերջ քաղել իրենց կեղծ հաղթանակի պտուղները: Նրանք ցանկանում են Հային տեսնել կզած ու հնազանդ, իսկ Հայաստանը՝ ամբողջությամբ պառակտված ու նսեմացված՝ առանց բանակի, ինքնիշխանության ու անկախության: Իսկ մինչև ե՞րբ է շարունակվելու այս անպատվումը: Պետք է Հայաստանի իշխանության ղեկին գա մի ազգային առաջնորդ, ով բռունցքը կխփի սեղանին և կասի՝ վե՛րջ, մենք այլևս չենք հանդուրժելու այս ստորացումը:
Մենք չենք ընդունում նրանց կեղծ խաղաղության օրակարգը, որը պարզապես հայ ազգի մարտական ոգին վերացնելու օրակարգ է: Մենք կասկած չունենք, որ այդ հակահայկական օրակարգը ձախողելու է, իսկ նրանց ազգուրաց իշխանությունը՝ տապալվելու, որովհետև այն, ինչ հիմնված է կեղծիքների վրա, չի կարող երկարաժամկետ հեռանկարում հաջողություն ունենալ: Ոսոխը շարունակում է զինվել և անդադար սպառնալ մեր երկրին՝ խոսելով, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» ծրագրի մասին, մինչդեռ ազգադավ նեոբոլշևիկները շարունակում են մեր հայրենակիցներին խաբել ու մոլորեցնել՝ խոսելով համերաշխության մասին:
Ուզում են մեզ համոզել, թե իբր թղթերով կարող ենք այս հարցը լուծել: Սակայն լինելով Անդրանիկի համեստ աշակերտները՝ մենք իմանում ենք, որ զենքին կարող ենք հաղթել միայն զենքով, սպառնալիքները կարող ենք ոչնչացնել միայն ուժ ցուցաբերելով և վտանգները կարող ենք չեզոքացնել միայն զինյալ պայքարով: Միմիայն ուժային գործոնի վերածվելով՝ կարող ենք մեր բոլոր խնդիրները լուծել և մեր առջև դրված բոլոր մարտահրավերները հաղթահարել:
Մեր թշամիները ուզում են գրավել մեր երկիրը և իրենց գերակայությունը հաստատեն հայոց աշխարհի վրա՝ անելով Հայաստանի Հանրապետությանը այն, ինչ արեցին Արցախին: Իսկ մեր շարժումը այսօր աշխարհի դիմաց պնդում է, որ Հայաստանը ոչ թե «Արևմտյան Ադրբեջան» է, այլ Ադրբեջանն է Արևելյան Հայաստան: Նոր դարաշրջան է մոտենում, որտեղ այս խոսքերը միանշանակ իրականոթյուն կդառնան: Այս անգութ պայքարում կա՛մ նրանք են անցնելու մեր դիակների վրայով, կա՛մ Արարչի կամքով՝ մենք ենք անցնելու նրանց դիակների վրայով:
Երբ գա մեծ ճգնաժամը, և պարտվի այս ամբողջ պատրանքը, ճակատագիրը մեզ կստիպի անել այն, ինչ պետք է անենք՝ ոսոխին ջաջախելու համար՝ փրկելով մեր հայրենիքը համընդհանուր մասնատումից և մեր անկախ պետականությունը վերջնական փլուզումից: Հայ ազգը կրկին ոտքի կկանգնի ու մեր հավերժության դրոշը առաջ կտանի:
Անդրանիկը մեզ խրատում էր․ «Ամեն օր ձեր գլուխը բարձին դնելուց ու քնելուց առաջ հիշեք, թե այդ օրը ի՛նչ եք արել ձեր ազգի համար»։ Հետևելով նրա հրամանին՝ մենք այսօր երդվում ենք, որ ամեն օրվա ամեն ժամին մենք միայն մտածելու ենք մեր ազգի զարգացման, հայրենիքի բարգավաճման ու պետության հզորացման մասին: Եկել է ժամանակը, որ Անդրանիկի ոգով ու մեր բազկի ուժով գրենք մի նոր պատմություն, որտեղ միայն մեր հաղթանակի շեփորն է հնչում:
Կեցցե՛ մեր դյուցազնական զորավարի ու ազատամարտիկների փառավոր հիշատակը։
Կեցցե՛ Հայաստանը։
- Հայկ Նազարյան
01 Մարտի 2026թ