ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Հայկ Նազարյան - Ճառ #19 - «Հոսանք»-ի ժողովում (31-01-2026)

03:00:00 31.01.2026

Հայկ Նազարյան - Ճառ #19 - «Հոսանք»-ի ժողովում (31-01-2026)

Ճառ #19
Ժողովում

Այս վերջին տարվա իմ տված ճառերում ես բազմաթիվ անգամ շեշտել եմ, որ մեր ազգայնական-քաղաքական շարժման գլխավոր նպատակներից մեկն է ոչ միայն պահպանել մեր անկախությունը, այլև իրական անկախ պետականություն ձեռք բերել և երաշխավորել նրա զարգացումը: Ես անձամբ նշել եմ պատմական, ինչպես նաև ներկա օրինակներ, թե ինչպես են մեր թշնամիները անցյալում փորձել վերացնել մեր անկախությունը, և ինչպես են հիմա շարունակում նույնը անել: Իհարկե, նաև բազմիցս նշել եմ, թե ինչու է ոչ միայն կարևոր, այլև հարկավոր, որ մենք լուրջ դիմադրություն ցուցաբերենք այս ամբողջ հակահայկական երևույթի դեմ: 
Խոսել եմ նաև մեր բանակի մասին, որը մեր անկախության կարևորագույն մասն է: Բայց կարծում եմ՝ անհրաժեշտ է, որ այսօր մի քիչ ավելի շատ խոսեմ մեր բանակի ու նրա կարևորության մասին, քանի որ մեր թշնամիները ու հայադավները չեն կարող մեր անկախությունը վերացնել, եթե նախ և առաջ մեր բանակը չքանդեն ներսից: Սա պարզ ճշմարություն է, որովհետև առանց անկախության՝ բանակ չի կարող լինել, ինչպես նաև չի կարող լինել անկախություն` առանց բանակի: 
Պատերազմից տարիներ հետո անընդհատ լսել ենք, թե ինչպես է Բաքվի բռնապետը շարունակում հոխորտալով, ուղղակիորեն ու անուղղակիորեն սպառնալ մեր երկրին: Այդ սպառնալիքները ոչ թե նվազել են ու մեղմացել, այլ շատացել են ու ավելի թեժացել: Կարծես թե որքան շատ է ներկայիս ազգուրաց կառավարությունը «խաղաղության» մասին խոսում, այնքան ավելի շատ են ադրբեջանցիները պատերազմից խոսում: Փաստացի Ադրբեջանը շարունակում է մեծացնել իր ռազմական ներուժը՝ տարբեր տեսակի նոր զենքեր ձեռք բերելով, քանի որ ոսոխը պնդում է, որ պետք է ցանկացած պահի պատրաստ լինի պատերազմի: 
Մինչդեռ Հայաստանում վարչապետի աթոռը զբաղեցնողը և առհասարակ նրա ամբողջ խմբակը «խաղաղության» հետ կապված սին հույսեր են կապում՝ ասելով, որ, օրինակ, 2026 թվականի բյուջեում ծախսերի էական աճ կամ պաշտպանական ծախսերի աճ ընդհանրապես չի լինելու։ Պատերազմից հետո ներկայիս կառավարությունը ցույց է տվել, որ բարելավել է բանակի վիճակը՝ իբր ավելացնելով ռազմական բյուջեն ու նոր զենքեր առնելով: Բայց մենք, ուսումնասիրություն կատարելով, ապացուցել ենք, որ այդ ամենը ընդամենը ցուցադրական է ու  վիճակագրական մանիպուլյացիա: Կարծես թե հատուկ ու դիտմամբ  են ցուցադրում, թե իբր բանակ են զարգացնում, որպեսզի իրենց ցանկացած ապագա պարտությունը նորից բարդեն ժողովրդի վրա, ինչպես արեցին 2020թ.-ի 44-օրյա դավադիր պատերազմում:
Մեր թշնամիները պատրաստվում են պատերազմի ու իրենց երկրի ներսում ռազմատենչ արտահայտություններով քարոզում են միլիտարիզմ, իսկ նեոբոլշևիկ հայադավները պատրաստվում են «խաղաղության» և մեր երկրի ներսում համերաշխության մասին դատարկ խոսքերով քարոզում են հնազանդություն։ Մեկը պատրաստվում է տիրանալ, մյուսը՝ ստրկանալ։ Եվ ձեր կարծիքով այս՝ ուժային հարաբերությունների աշխարհում, որտեղ ամեն քառակուսի մետր հողի համար արյունալի պայքար է գնում, ո՞ր մի ուժն է գերակայություն ունենալու և ապագան իր ձեռքերում պահելու։
Իհարկե, մեր կառավարության կողմից վարած դավաճանական ու հակահայկական քաղաքականությունը համապատասխան է իրենց խղճուկ ու վախկոտ էությանը։ Մեր հասարակությանը պահում են հիպնոսի տակ՝ մարդկանց գլխի տակ բարձ դնելով, սակայն որևէ կասկած չունենք, որ այս ամբողջ «խաղաղության» օրակարգը մի օր թղթե տնակի պես քանդվելու է հենց այդ «խաղաղասերների» գլխին, որից հետո ակնհայտ կդառնա բոլորին, որ բնության օրենքներից անհնար է հրաժարվել ու «լավ» ապրել։ Դաժանորեն ցույց կտա, որ բնության օրենքներից և պայքարից հրաժարվելով՝ մենք հրաժարվում ենք խաղաղությունից, ապրելուց ու նաև մեր ապագայից։
Եկեք մեր թշնամիներից սովորենք ու հասկանանք, թե որը որից հետո է գալիս։ Շատ բան կարող ենք նաև սովորել ոչ միայն մեր թշնամիներից, այլև մեր ոխերիմ «դաշնակից» Ռուսաստանից՝ հիշելով նրա կայսր Ալեքսանդր Երրորդի խոսքերը․ «Ռուսաստանը ունի միայն երկու դաշնակից՝ բանակը և նավատորմը»։ Նրանք շատ լավ գիտակցում են, որ բանակն է պետության հենասյունը, բայց ամեն ինչ անում են, որ մենք շեղվենք և մոռանանք այդ պարզ ճշմարտությունը: 
Ներկայիս իշխող ազգադավ խմբակը մակերեսորեն իբր զարգացնում է մեր բանակը, բայց միաժամանակ նաև բացահայտ ասում է, որ թքած ունի բանակի զարգացման վրա: Ասում է, որ, օրինակ, բանակը նույնիսկ անվտանգության երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ գործիքը չպետք է լինի, այլ բանակը պետք է լինի անվտանգության ամենավերջինը: Ասում են նաև՝ ինչքան բանակի նշանակությունը հետ է, այնքան երկիրը անվտանգ է, ինչը պարզապես հակասում տրամաբանությանը ու պատմության փորձին:
Ահա այսպիսի օրվելական բարբաջանքով դավաճան նեոբոլշևիկները մեր հայրենակիցներին հիպնոսացնում են և ուղեղները լվանում։ Սրանով ուզում են ասել, որ  «լեգիտիմությունն» է մեր անվտանգության երաշխիքը, և բանակը չի կարող անվտանգության երաշխիք լինել, որովհետև կհայտնվի մեր բանակից ավելի հզոր բանակ, որը մեր բանակին կհաղթի և ուժով կվերցնի մեր հողը։ Սա պարզապես անհեթեթություն է, որովհետև միշտ էլ կհայտնվի ուժեղից ավելի ուժեղը: Եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, ապա կպարզվի՝ իմաստ չկա, որ մակերեսով փոքր պետությունները ու փոքրաթիվ ազգերը բանակ ունենան, քանի որ, միևնույնն է,  գերտերությունների բանակները միշտ կգերազանցեն նրանց: Սակայն իրականությունը ճիշտ հակառակն է․ տարածքով փոքր պետությունները ու փոքրաթիվ ազգերը պարտավոր են ավելի շատ կարևորություն տալ իրենց բանակների զարգացմանը՝ գերտերությունների ոտքերի տակ չընկնելու համար:  Հիշենք Նժդեհի շատ իմաստուն խոսքերը․ «Փոքրաթիվ ազգերը պարտադրորեն ավելի հայրենասեր պիտի լինեն, քան մեծերը, մենք՝ ավելի, քան բոլորը»:
Կարծում են, որ թղթի վրա «լեգիտիմությունը» ավելի կարևոր է զենքերով ու ռազմիկներով լի բանակից, ինչը միաժամանակ ծիծաղելի է ու ողբալի: Արժի՝ մեկը նրանց հարց տա՝ բա որ մի ուժեղ բանակով պետություն հայտնվի ու թքած ունենալով մեր «լեգիտիմության» վրա՝ ուժով ջախջախի մեր՝ վերջին երաշխիքը դարձած թույլ բանակը ու գրավի մեր հողերը, ինչպես բազմիցս եղել է պատմության մեջ։ Եթե հզոր բանակ ունենանք, բայց ոչ նրանց ասած «լեգիտիմությունը», գոնե հնարավորություն կունենանք դիմադրություն ցույց տալու ավելի հզոր բանակին և նույնիսկ հաղթելու, իսկ եթե միայն ունենանք դատարկ «լեգիտիմություն»՝ առանց բանակի, պարզապես դատապարտված կլինենք ոչնչացման։ Այս մանկամիտները կա՛մ իրոք հավատում է իրենց արտահայտած տհաս մտքերին, կա՛մ ուղղակի ուզում են նենգաբար ավելի մոլորեցնել մեր՝ արդեն իսկ մոլորված ժողովրդին։
Մի՞թե այդքան բարդ է հասկանալ, որ լեգիտիմությունը օդից չի գալիս, այլ բխում է ուժից՝ հենց մեր զինված ուժերից։ «Լեգիտիմություն» առանց բանակի իրականում անվտանգության պատրանք է, որը երկար չի կարող շարունակվել և շուտով փլվելու է, երբ թշնամին նորից սկսի մեզ հետ իր սիրած լեզվով խոսել։ Այս «խաղաղության» կեղծ, նեոբոլշևիկյան օրակարգը ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ ազգին զինաթափելու և ծնկի բերելու դավադրություն, որը մեր պետության պարանոցին են ուզում խաբելով փաթաթել մեր թշնամիներն ու հայադավները։
Երբ Հայաստանում մի օր իշխանության գա իրական ազգայնական քաղաքական ուժ, վերջ կտա այս ամբողջ խելագարությանը: Քաջ կգիտակցի ու մեր բոլոր քաղաքացիների մեջ անընդհատ կարմատավորի, որ մեր բանակը պետք է լինի ոչ թե մեր հայրենիքի անվտանգության վերջին կամ նույնիսկ երրորդ կամ երկրորդ գործիքը, այլ միանշանակ՝ առաջինը ու ամենագլխավորը։ Մեր կերտած այդ ապագա ազգային պետությունը մեր հայրենակիցներին կհանի այս հիպնոսի ազդեցությունից և կսովորեցնի այն պարզ ճշմարտությունը, որ առանց ուժ ցուցաբերելու և քո հողի ու լեգիտիմության համար պայքարելու՝ դու իրականում ոչ միայն չես կարող, այլև իրավունք էլ չունես պետություն կոչվելու և նույնիսկ գոյություն ունենալու այս անգութ աշխարհում։ Պայքարից ու կռվելուց այլ ելք չկա ու չի կարող լինել: 
Քիչ առաջ ասացի, որ մեր թշնամիները պատրաստվում են պատերազմի, բայց տեսնելով, թե ինչ է կատարվում մեր տարածաշրջանում և Երկրագնդի տարբեր անկյուններում, կնկատենք, որ ամբողջ աշխարհն է պատրաստվում պատերազմի: Իսկ այս ապիկար կառավարությունը կարծում է, որ կարող է Հայաստանը մեկուսացած պահել այս ամեն ինչից, կարծես թե լիովին այլ մոլորակի վրա ենք ապրում: Այս հայադավ նեոբոլշևիկները հաղթանակած պետություն ու ազատագրած Արցախ ժառանգեցին, բայց 26 տարում ոչ միայն չկարողացան կամ չուզեցին  Արցախը ամբողջությամբ միացնել Հայաստանին, այլև մեզ տարան խայտառակ պարտության: Իսկ հիմա էլ կարծում են՝ պարտված պետություն ժառանգելով՝ մեզ կարող են տանել դեպի բարգավաճ ու խաղաղ ապագա: Ով իսկապես հավատում է սրանց կեղծ խոստումներին, կա՛մ շատ միամիտ է, կա՛մ իրոք հիմար է, կա՛մ զբավում է ինքնախաբեությամբ: Կապ չունի՝ այդ խայտառակ պարտությունը եղավ դավաճանությա՞ն, թե՞ ուղղակի ապիկարության արդյունքում, քանի որ երկուսն էլ մեզ համար անընդունելի են: Փաստը այն է, որ եղավ հենց նրանց օրոք ու նրանց հոժարակամ համագործակցության պատճառով, առանց ինչի մեր արտաքին թշնամիները մեզ վնաս չեն կարող հասցնել:
Տեսնելով այս դավաճան սրիկաների թրքասիրությունը՝ հաճախ հիշում եմ Ռումինիայի՝ տասնհինգերորդ դարի թագավոր ու ազգային հերոս Վլադ Երրորդին, ով պատմության մեջ վիճահարույց կերպար է համարվում։ Ես պատմաբան չեմ, հետևաբար շատ չեմ խորացել նրա կատարած գործերի մեջ, բայց գիտեմ կարևոր մասը․ Վլադ Երրորդը թուրքերի առաջ չէր ծնկում  ու խաղաղություն աղաչում, ինչպես այսօր են անում հայադավ նեոբոլշևիկները, այլ իր կամքն էր թելադրում նրանց։ Թուրքերին ժպիտներով ու «սրտիկներով» դիմավորելու փոխարեն՝ նա թրով ու ցիցերով էր դիմավորում նրանց, ինչի շնորհիվ սստացավ Վլադ «Ցեպեշ» մականունը: 
Նա թագավորում էր Ռումինիայի հարավային՝ «Վալախիա» կոչվող մարզում, և երբ օսմանցի թուրքերը մոտենում էին նրա սահմաններին, տեսնում էին, որ իրենց հայրենակիցների՝ ցցի հանած դիերի վրայից կախված էին պլակատներ, որոնց վրա գրված էր՝ «Բարի գալուստ Վալախիա»: Անցնելով սահմանը և տեսնելով այդ տեսարանը՝ թուրքերը մտածում էին, որ այս անգամ սխալ երկիր են ներխուժում...
Վլադը, նման քայլերի դիմելով, համբավ ստացավ որպես շատ դաժան ու անգութ մարդ, և նույնիսկ նրա անունը լսելիս թուրքերը սարսափում էին։ Այս հոգեբանական ահաբեկումը օգնեց ռումինացիներին՝ իրենցից ռեսուրսներով գերազանցող թուրքերին վտարել և հեռու պահել իրենց հայրենիքի սահմաններից։
Ինչ էլ ասեն պատմաբանները նրա մասին, մենք՝ հայերս, նրանից շատ բան ունենք սովորելու: Պետք չէ Վլադի նման քայլերի դիմենք, բայց պետք է հասկանանք, որ ուժին պետք է պատասխանենք ավելի մեծ ուժով և հարվածներին՝ ավելի հուժկու հակահարվածներով: Թուրքերին ու մեր մյուս թշնամիներին կարող ենք սանձահարել և մեր պայմաններով խաղաղություն հաստատել միմիայն ուժային գործոնի վերածվելով ու անհողդող պայքարի պատրաստվելով:
Սակայն լավ օրինակ տեսնելու համար պետք չէ պատմության մեջ այդքան հետ գնանք: Ժամանակակից դարում էլ շատ օրինակներ կան: Նախկինում նաև հաճախ նշել եմ այսօրվա Լեհաստանի օրինակը, որը կամաց-կամաց դառնում է ամենառազմականացված երկիրը Եվրոպայում, որպեսզի կարողանա դիմակայել Ռուսաստանի կայսերական նկրտումներին: Այնտեղ վերականգնվոմ է Պիլսուդսկու դիմադրության ոգին, և մենք էլ պետք է մեր երկրում վերականգնենք Նժդեհի պայքարի ու ասպետական ոգին, որպեսզի կարողանանք հաղթահարել մեր առջև դրված բազմաթիվ մարտահրավերները:  
Ամեն դեպքում, պետք է շեշտենք, որ նույնիսկ եթե ներկայիս կառավարությունը իսկապես հզորացրած լիներ բանակը, դա շատ բան չէր փոխի, եթե շարունակում են նույն պարտվողական, զիջումների ու խաղաղություն մուրացող քաղաքականությունը վարել։ Ո՞ւմ է պետք հզոր բանակ, եթե շարունակում են ժողովրդի մեջ ներարկել ստրկամտություն ու հնազանդություն և քարոզել հանձվնելու գաղափարախոսություն: 
2020թ-ի պատերազմից առաջ՝ «նախկինների» թե «ներկաների» օրոք ասվում էր, որ մեր բանակը «ամենամարտունակն» էր մեր տարածաշրջանում, և հաճախ ցուցադրում էին տարբեր տեսակի նոր զենքեր, բայց արի ու տես՝ այդ ամենը ոչ մի նշանակություն չունեցավ, քանի որ դավաճանությունն ու Արցախի դեմ դավադրությունը վաղուց էին կազմակերպված։ Այդ պատերազմում պարտվեցինք դավաճանության արդյունքում, քանի որ մեր հողերի մեծ մասը կորցրինք ստորագրություններից հետո, որի արդյունքում Ադրբեջանին հասան տարբեր տեսակի մեր հազարավոր զենքերից։ Այդ պատերազմը ցույց տվեց, որ հզոր բանակը, առանց ճիշտ քաղաքական նպատակի, մարտական ոգու վերականգնման, հաղթանակի կամքի ու ճիշտ քաղաքական առաջնորդության, իրականում ոչ մի արժեք չի ունենում։
Ուստի, ռազմական խնդիրները լուծելուց առաջ հարկավոր է նախ լուծել մեր քաղաքական խնդիրները: Երբ լուծենք մեր քաղաքական խնդիրները՝ մեր ազգային քաղաքական շարժման միջոցով առաջացնելով ազգային հեղափոխություն և կերտելով իրական ազգային պետություն, կունենանք մարտունակ ու հաղթական բանակ կառուցելու կամք ու հստակ նպատակ, որոնց շնորհիվ ապագայում կկարողանանք վերականգնել անկախ, միացյալ ու հզոր Հայաստանը:  
Հզոր բանակը ոչ միայն երաշխավորում է մեր անվտանգությունը ու անկախությունը, որը իր հերթին բերում է իրական ու երկարատև խաղաղություն, այլև երաշխավորում է մեր ապագա սերունդների գոյությունը և իր հերթին՝ մեր ազգի շարունակությունը: Հետևաբար, ցանկանում եմ բոլորին հիշեցնել մեր շարժման կարևոր կարգախոսներից մեկը՝ «հզոր բանա՛կ, անառիկ սահմաննե՛ր, կանգուն հայրենի՛ք:»   

- Հայկ Նազարյան, 
      31 Հունվարի 2026թ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։