ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Հայկ Նազարյան - Ճառ #13 - «Հոսանք»-ի Ժողովում - Անգլերեն ենթագրերով (13-09-2025)

03:00:00 13.09.2025

Հայկ Նազարյան - Ճառ #13 - «Հոսանք»-ի Ժողովում - Անգլերեն ենթագրերով (13-09-2025)

Ճառ 13
Ժողովում

       Վերջին մի քանի ժողովներում ես նշեցի, թե որոնք են եղել հիմնական ներքին պատճառները, թե մենք ինչու պարտվեցինք 44-օրյա դավադիր պատերազմը։ Հաճախ ենք մենք խոսում այդ պատերազմի խայտառակ պարտության մասին, որովհետև առանցքային նշանակություն ունի մեր ներկայիս պատմության համար։ Այդ պարտությունից հետո լիքը դիմակներ պատռվեցին և ավելի պարզ դարձավ ամեն ինչ։ 2020 թ․-ի նոյեմբերի 9-ը նաև դարձավ այն օրը, երբ մենք հաղթող ազգից նորից դարձանք պարտված ազգ, երբ հաղթական մտածելակերպից սկսեցինք նորից կրել պարտվողական ու ստրկամիտ մտածելակերպ։
Իհարկե, ինչպես արդեն ասել եմ, միայն ներկայիս հակահայ իշխանությունը մեղավոր չէ դրա համար, քանի որ հայրենադավ այսպես կոչված «նախկիները» տարիներ շարունակ վարում էին այնպիսի ապազգային քաղաքականություն, որը հեշտացրեց Արցախի հանձնումը «ներկաների» կողմից։ Այդ իսկ պատճառով նրանք ոչ թե իրար հակասում են, այլ շատ լավ էլ իրար լրացնում են, քանի որ երկուսն էլ Հայաստանում գործող նեոբոլշևիզմի հինգերորդ շարասյան երկու տարբեր դիմակներն են։
Առանց շատ խորանալու մենք բավականին հեշտությամբ կարող ենք տեսնել, թե նրանց վարած քաղաքականությունը և պարտվողական դիրքորոշումը մեզ ինչպես հասցրին այս նսեմացուցիչ ու ստորացված վիճակին։ Եվ մենք չենք կարող լավ հասկանալ, թե մեզ հետ ինչ է կատարվում այսօր, եթե լավ չհասկանանք, թե ինչ կատարվեց հատկապես պատերազմի ժամանակ։ 
Սակայն կարծում եմ, որ ամբողջ մեղավորությունը կառավարության ու կեղծ ընդդիմության վրա բարդելը այդքան էլ ճիշտ չէ, քանի որ մենք որպես ազգ ունենք մեր մեղավորության բաժինը, և հենց դրա մասին կուզեմ խոսել այսօր։ Իհարկե, ամբողջ ազգին մեղավորելը այդքան էլ տրամաբանական չէ, քանի որ կառավարության պատասխանատվությունն է ազգին ճիշտ դաստիարակել, բայց այնուամենայնիվ պետք է ճանաչենք մեր սխալները։
Նախ կարող ենք սկսել նրանից, որ մենք տարիներ շարունակ թերագնահատել ենք մեր թշնամիներին և հաճախ նրանց ծաղրել, մինչդեռ նրանք մեր հանդեպ շատ լուրջ էին տրամադրված։ Դուք ինքներդ շատ լավ կհիշեք, որ մենք ադրբեջանցիներին անընդհատ «ոչխար» էինք ասում և հաճախ մուլտֆիլմերում նրանց ներկայացնում էինք որպես ոչխարներ, իսկ ադրբեջանցիները նույնը մեզ չէին անում։ Ընդհակառակը, նրանք մեզ անընդհատ ասում էին «ահաբեկիչներ» ու «ֆաշիստներ» և մեզ միշտ հրեշի կերպարով էին ներկայացնում։ 
Հետաքրքիրն այն է, որ նրանք շարունակում են մեզ նույնը ասել և նույն ձևով ներկայացնել նույնիսկ այս պատերազմի իրենց հաղթանակից հետո։ Այսինքն՝ նրանք չեն անում այն սխալը, որը մենք սկսեցինք անել Արցախյան ազատագրական պատերազմում Ադրբեջանին հաղթելուց հետո։ Նրանք լավ են գիտակցում, որ չպետք է թերագնահատեն թշնամուն, հատկապես մեզ նման թշնամուն, ով իրենց զորքերին լավ ջախջախել ու վռնդել էր Արցախից 31 տարի առաջ՝ ավելի քիչ նյութական ու մարդկային ռեսուրսներ ունենալով հանդերձ։ Բազմիցս ասել եմ, որ նրանք մեզ ավելի լավ են ճանաչում, քան մենք ինքներս մեզ, և հենց դրա համար 2020 թ․-ի նոյեմբերի 9-ի ամենասկզբից մեզ հետ շարունակում են լուրջ վերաբերվել՝ անկախ նրանից, որ ցավոք սրտի առայժմ դեռ ունենք ապիկար, թույլ ու ծաղրածու ղեկավարություն։ Նրանք չեն ուզում անել նույն կոպիտ սխալը, որը մենք կատարեցինք։ Պետք է մեր էգոները մի կողմ դնենք և ընդունենք, որ մեր թշնամիները ավելի իմաստուն ու հեռատես եղան այս հարցում, քան մենք։
Եթե Բաքվի բռնապետը մեզ հիմա սպառնալիք չհամարեր, մեզ չէր շարունակի «ֆաշիստ» պիտակավորել, հոխորտալով իր բռունցքը թափ տար մեր վրա և փորձեր որքան հնարավոր է շուտ իր հաղթանակի պտուղները քաղել։ Սա նրա համար ոսկե հնարավորություն է, քանի որ հայ ազգը շարունակում է քնած մնալ և խաղաղության պատրանքներով ապրել։ Եվ առհասարակ հեգնական է, որ մեզ շարունակում են ահաբեկիչ համարել ու ֆաշիստ ասել, մինչդեռ հենց իրենք են շարունակում սպառնալ մեր երկրին և պարգևատրում հայ զինվորների գլխատողներին։ Նրանք նպատակադրված են իրենց լիակատար գերակայությունը հաստատել մեր հայրենիքի վրա՝ շարունակելով իրենց հակահայկական ու նվաճողական քաղաքականությունը, մինչդեռ մեր ապիկար ու դավաճան կառավարությունը մեր ժողովրդին անընդհատ հիպնոսացնում է խաղաղության մասին կեղծ լոզունգներով։ 
Նրանք հետևողականորեն աշխատում են Հայաստանի Հանրապետությունը վերածել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի»՝ անդադար զինվելով, մինչդեռ մեր նեոբոլշևիկյան կառավարությունը սրբացնում է ներկայիս Հայաստանի սահմանները, որը ըստ էության սովետական Հայաստանի սահմաններն են, և շարունակում է հերթով կատարել Բաքվի բռնապետի պահանջները։ Ահա սա է այն գինը, որը մենք մուծում ենք մեր ոխերիմ թշնամիներին թերագնահատելու պատճառով։
Մեր մյուս սխալը եղել է այն, որ մենք գերագնահատեցինք մեր ուժերն ու կարողությունները, և սա կարող ենք համարել թշնամուն թերագնահատելու մյուս կողմը։ Մենք երկար ժամանակ կարծում էինք, որ պատերազմի ժամանակ հայ զինվորը կկռվի մինչև վերջ՝ անկախ նրանից՝ զինվորական պատրաստություն ունի, թե ոչ, հոգեպես պատրաստ է, թե ոչ։ Կարծում էինք, որ եթե հայ զինվորին զենք տանք ու գցենք խրամատ, ապա երբեք չի լքի դիրքը։ Բայց դա իրականում ամենաբարձր աստիճանի պարզամտություն էր։ 
Պատերազմի ժամանակ, բնականաբար, եղան բազմաթիվ հայ քաջեր ու հերոսներ, ովքեր մարտի դաշտում մեծ սխրանքներ գործեցին, բայց պետք է խոստովանենք՝ ինքներս մեզ հետ անկեղծ լինելով, որ եղել են բազմաթիվ հակառակ տեսակի զինվորներ, ովքեր փախել են մարտի դաշտից նույնիսկ ամենափոքր պատճառների համար։ Սա վստահաբար պնդում եմ ոչ միայն նրա համար, որ լսել եմ շատ նման դեպքեր, այլև նրա համար, որ պատերազմի օրերին հենց իմ սեփական աչքերով տեսել եմ, երբ մեր դասակից չորս զինվոր փախավ հենց առաջին օրը, երբ թշնամին սկսեց ռմբակոծել գյուղի դիրքերը։
Շատերը գնում էին կամավորագրվելու, բայց լուրջ չէին ընդունում՝ կարծելով, որ մի քանի օրվա պատերազմ է լինելու և հետո հանգիստ հետ էին գնալու տուն։ Ոչ նյութապես էին պատրաստ գնացել, ոչ էլ հոգեպես։ Մենք վաղուց պիտի գիտակցեինք, որ ամեն զինվորին՝ ծառայության մեջ թե պահեստազորային, պարտավոր ենք պատրաստել նման դաժան մարտերի համար։ Այլևս մեր հույսը չպետք է միայն դնենք հայ ազատամարտիկի հերոսական ոգու վրա, թեպետ հաճախ հենց դա է փրկել մեզ պատմության մեջ, երբ դարերով չենք ունեցել անկախ պետականություն։ Մեր պատրաստականությունից պետք է բխի թշնամու հրոսակախմբերը ջախջախելու մեր պատրաստակամությունը։ Սա, իհարկե, միայն մեր բանակին չի վերաբերում, սա վերաբերում է երկրագնդի վրա բոլոր պետությունների բանակներին։ 
Ամեն մեկին չենք կարող հերոս դարձնել, բայց կարող ենք ճնշող մեծամասնությանը դաստիարակել որպես պարտականություններ ու հրամաններ կատարող զինվորներ, նույնիսկ նրանց, ովքեր պատերազմի ժամանակ մի կրակոց լսելուց փախչում էին։
Այս ամենը ասելով՝ ես ամենևին չեմ արդարացնում կառավարությանը ու գեներալիտետին, քանի որ մեղքի մեծ բաժինը նրանց է հասնում։ Նրանք պարտավոր էին այնպիսի զինվորներ դաստիարակել և այնպիսի բանակ կառուցել, որ նման խնդիրներ շատ քիչ առաջանային կամ ընդհանրապես գոյություն չունենային։ Ոչ էլ արդարացնում եմ դիրքից փախչողներին, քանի որ դա ինձ համար երբեք ընդունելի չի կարող լինել: 
Մեր երրորդ սխալը, որը կարծում եմ՝ ամենամեծ ու կործանարար սխալներից է, այն էր, որ մենք շարունակեցինք ցուցաբերել գավառասիրական հայրենասիրություն՝ անկախ նրանից, որ անկախությունը ձեռք ենք բերել 34 տարի առաջ։ Պատերազմի օրերին ինձ համար ավելի պարզ դարձավ, որ մարդկանց զգալի մասը իրենց հոգու խորքում իրականում Արցախը չէր դիտարկում որպես Հայաստանի մաս, այլ որպես լիովին այլ պետություն։ Եվ, ցավոք սրտի, մինչև հիմա էլ է այդպես։ Դրա համար հայության մեծ մասի սիրտը բնավ չցավաց, երբ թշնամու կողմից օկուպացիայի տակ ընկավ Արցախը։ Ցավալի է, որ ադրբեջանցիները Արցախը ավելի շատ էին համարում իրենցը, քան մենք՝ անկախ նրանից, որ Արցախը, բնականաբար, միշտ հայկական հող է եղել։ 
Այս գավառասիրության ամենավառ օրինակներից մեկն այն է, որ հենց առաջնագծում հաճախ լսում էի․ «Ինչու եմ Հայաստանից եկել Ղարաբաղ կռվեմ, եթե ղարաբաղցիներ կան, ովքեր գնացել են Հայաստան քեֆ են անում»։ Մեկն էլ կար, որ ասում էր․ «Ես էլ երբեք զենք չեմ վերցնի, մինչև թուրքը չգա իմ գյուղ»։ Այսպիսի տհաս մտքերն ու խոսքերը ինձ շատ էին բարկացնում, և հաճախ վիճաբանության մեջ էի մտնում զինվորների հետ նման բաներ լսելիս։ Նման արտահայտություններից ավելի հակահայկական ու հակապետական արտահայտություններ չեմ լսել։ Նման խոսքերը տրամաբանությունից ու ողջամտությունից զուրկ են, որոնք երբեք չպիտի հանդուրժվեն ապագա ազգային պետությունում։ Ես նրանց միշտ պատասխանում էի․ «Բա որ թուրքերը հարձակվեն Իջևանի կամ Կապանի վրա ու հարյուրավոր կամ հազարավոր իջևանցիներ կամ կապանցիներ փախնեն գան Երևան, ուրեմն դա նշանակո՞ւմ է, որ մենք չպետք է մեր կյանքով պաշտպանենք Իջևանն ու Կապանը»։ Նման հարցերին չէին կարողանում պատասխանել, որովհետև պարզ կերևար իրենց տգիտությունն ու երկերեսանությունը։
Այդ նույն տրամաբանությամբ ես՝ որպես ԱՄՆ-ում ծնված ու մեծացած հայրենադարձ, կարող էի ասել․ «Ինչու եմ տեղափոխվել Հայաստան, եթե տասնյակ հազարավոր հայեր արտագաղթում են», կամ «Ինչու եմ եկել պատերազմ, եթե շատերը բանակից փախնում են»։ Իհարկե պետք է նաև հաշվի առնենք այն, որ շատերը նման բաներ ասում են, որպեսզի արդարացնեն իրենց վախը և փախչելու միտումները, բայց ամեն դեպքում նման բաներ նույնիսկ մտածելը կամ ասելը ոչ միայն վախկոտություն է, այլև պարզ դավաճանություն։ 
Հարկավոր է այդ պետականաքանդ գավառասիրությունը արմատախիլ անել, եթե ուզում ենք ունենալ իրապես հայրենասեր հասարակություն և պետություն։ Իրական հայրենասեր զինվորը խորապես կգիտակցի, որ իր տունը չի սահմանափակվում միայն իր տան չորս պատերով, այլ ընդգրկում է հայրենիքի ամբողջ սահմանը․ նրա համար հայրենիքը սկսվում է յուրաքանչյուր սահմանային դիրքից, և նրա տան մասն են հայրենիքի ամեն լիճ, գետ, սար, և անտառ: 
Մենք չպետք է նայենք, թե կողքի մարդը ինչպես է մտածում կամ ինչ է անում։ Մենք պարտավոր ենք անձնական պատասխանատվություն կրել և մեր պարտականությունները կատարել՝ անել այն, ինչ պետք է անել հանուն մեր ազգի զարգացման, հայրենիքի բարգավաճման ու պետության հզորացման։ Պետք է անենք այն, ինչը ճշմարիտ է ու արդար, այլ ոչ թե վախկոտ սրիկայի պես արդարացումներ ստեղծենք մեր պարտականություններից խուսափելու համար։ Հայտնի ասացվածք կա, որը լավ բնութագրում է այս ամենը․ «Նվաստ մարդը վիճում է իր իրավունքների շուրջ, մինչդեռ վեհ մարդը պարտականություններ է դնում իր վրա»։
Կարևոր է, որ մենք մեր սխալներից սովորենք և մեր թերությունները իմանանք, որպեսզի կարողանանք շտկել դրանք՝ պատրաստ լինելով գալիք մեծ ճգնաժամի ու դժվար մարտահրավերների, որոնք մեզ անխուսափելիորեն սպասվում են։ Չպետք է մոռանանք, որ պատմությունը երբեք չի ներում այն ժողովուրդներին, ովքեր իրենց սխալներից դասեր չեն քաղում և պատրաստ չեն դիմակայելու իր դաժան փորձություններին։
        Մեր ճակատագիրը մեր ձեռքերում է. եթե մենք չկերտենք այն, ուրիշները կկերտեն մեր փոխարեն։ Իրական փոփոխությունը սկսվում է հենց մեր նմաններից, նույնիսկ եթե առայժմ փոքրամասնություն ենք կազմում։ Ամեն ժողովուրդ արժանի է լինում իր կառավարությանը, հետևաբար եկեք դառնանք այն փոփոխությունը, որն ուզում ենք տեսնել մեր երկրում, որպեսզի ունենանք այնպիսի կառավարություն, կառուցենք այնպիսի բանակ, կերտենք այնպիսի ազգային պետություն, որը մեր ազգի մեջ կներշնչի իմաստություն, քաջություն և զորություն։ 

- Հայկ Նազարյան
        13-09-2025

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։