07:00:00 17.01.2025
Երբ մենք ուշադիր նայում ենք մեր վերջին 100 տարվա պատմությունը, մի հետաքրքիր ու շատ կարևոր օրինաչափություն ենք կարողանում տեսնել: Տեսնում ենք, որ երբ մենք մեր անկախության համար պայքար ենք մղել հաղթել ենք, երբ շատ ակտիվ չի եղել (կամ ընդհանրապես չի եղել) ռուսական գործոնը, իսկ պարտվել ենք, երբ այն բավականին ակտիվ է եղել կամ գլխավոր դեր խաղացել:
Օրինակ 1918թ-ի Մայիսին մեր մղած հերոսամարտերում մենք հաղթանակներ արձանագրեցինք և այդ ժամանակ Ռուսաստանը խառը վիճակում էր, քանի որ դրանից մի տարի առաջ տապալվել էր ցարական Ռուսասատանը և իշխանության էին եկել բոլշևիկները: Իսկ երկու տարի հետո՝ 1920թ-ի աշնանը քեմալական զորքերի դեմ մեր անկախության համար մղած պատերազմում մենք պարտվեցինք, քանի որ այդ ճակատում (Սյունիքում գործում էր Նժդեհը և նրա ազատամարտիկները, դրա համար հաղթեցինք այդ ճակատում) մեր բանակի մեջ գործում էին՝ Ռուսաստանի ռազմական ակադեմիաները ավարտած հայ սպաներ, ովքեր կամ ուղիղ Ռուսաստանի գործակալներ էին կամ ուղղակի ազդեցության գործակալներ, ու չմոռանանք նաև, որ բոլշևիկյան Ռուսաստանն էր հենց ֆինանսավորել ու զինել քեմալականներին` ընդդեմ Հայաստանի:
1918թ-ից յոթանասուն տարի անց սկսվեց Արցախի համար ազատագրական պատերազմը, և այն մենք ազատագրեցինք (բայց, ցավոք, թղթով չամրագրեցինք) 1994թ-ի Մայիսի 12-ին, որովհետև Խորհրդային Միությունը նոր էր կործանվել և Ռուսաստանը այդ ժամանակ շատ թույլ ու ծանր վիճակում էր: Հենց դրա շնորհիվ մենք կարողացանք շունչ քաշել և նորից հաղթանակ տանել: Սակայն դրանից 26 տարի անց մենք դավաճանաբար պարտվեցինք 2020թ-ի այսպես կոչված 44-օրյա դավադիր պատերազմը, քանի որ ինչպես 1920թ-ին, այնպես էլ այդ ժամանակ, մեր բանակը կրկին անգամ վարում էին՝ Ռուսաստանի ռազմական ակադեմիաները ավարտած հայ սպաներ, ու հարկավոր է շեշտել, որ առանց Ռուսաստանի թույլտվությամբ և նույնիսկ աջակցությամբ Թուրքիան Ադրբեջանի հետ չէր կարող Արցախում նման գործողություն անել և սա հարյուր տոկոս փաստ է:
Հետևաբար կարող ենք գալ հետևյալ եզրահանգման, որ երբ ռուսական գործոնը չի լինում և պայքարում ենք ազատագրական ոգով, մենք կարողանում ենք հաղթել թուրքերին, իսկ երբ այն առկա է լինում և մեր բանակում պակաս է այդ ազատագրական ոգին ու միայն գործում են մեծամասամբ ռուսամետ հայ սպաներ ու գեներալիտետ, մենք խայտառակորեն պարտվում ենք: Այդպիսի աղետալի արդյունք ենք ունենում, որովհետև Կրեմլի ու Հայաստանում նրա հետ համագործակցողների կողմից մեր մեջքին նենգորեն դանակ է խրվում, որից հետո ռուսական զորքերը միշտ գալիս են որպես «փրկիչներ»:
Թող այս փաստը հիշեն նրանք, ովքեր շարունակում են պնդել, որ առանց Ռուսաստանի մենք չենք կարող թուրքերի դեմ կռվել ու հաղթել, քանի որ պատմությունը և իրականությունը մեզ լրիվ հակառակն է ցույց տալիս:
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ