04:17:00 18.12.2025
Երբ ասում եմ, որ ներկայիս Ռուսաստանի Դաշնությունը այս ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո ամենայն հավանականությամբ տրոհվելու է տարբեր խոշոր մարզերի, այնպես ինչպես սովետա-աֆղանական պատերազմից հետո Խորհրդային Միությունը տրոհվեց տարբեր հանրապետությունների, և որ դրա հետևանքով Հայաստանում առաջանալու են լուրջ ցնցումներ, որոնք կարող են բառացիորեն մի գիշերվա մեջ մեր ամբողջ համակարգը կանգնեցնել խոր ճգնաժամի առաջ, քանի որ Հայաստանը ցավոք սրտի ամեն առումով կախված է այդ նողկալի ֆեդերացիայից, մեծամասնությունը կարծում է, թե ես չափազանցնում եմ։ Կարծում են չափազանցնում եմ հատկապես այն ժամանակ, երբ ասում եմ, որ այս անգամ ռուսական կայսրությունը երրորդ և վերջին անգամ է կործանվելու։
Սակայն սա ոչ թե մարգարեություն է, այլ պարզ հաշվարկ։ Սովետա-աֆղանական պատերազմը տևեց շուրջ տասը տարի, որի ընթացքում ԽՍՀՄ-ը ունեցավ մոտ տասնհինգ հազար զոհ։ Իսկ այս՝ արդեն չորս տարի շարունակվող ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում, Ռուսաստանի Դաշնությունը տվել է անհամեմատ ավելի մեծ մարդկային կորուստներ՝ մոտ մեկ միլիոնի, որոնց մեջ ներառված են նաև Ռուսաստանում ապրող հազարավոր մեր հայրենակիցները, որոնք այս պարագայում իսկապես զոհվեցին հանուն ոչնչի:
Պետք է նաև հաշվի առնել, որ ԽՍՀՄ-ը աշխարհաքաղաքական առումով անհամեմատ ավելի ծանրակշիռ գործոն էր, քան այսօրվա Ռուսաստանը, որը միաժամանակ բախվում է բազմաթիվ խորքային խնդիրների՝ նվազող աշխատուժ, արտագաղթ, ծայրահեղ ցածր ծնելիություն և տնտեսական կառուցվածքային խոցելիություն։ Կան նաև բազմաթիվ այլ հասարակական, քաղաքական և տնտեսական գործոններ, որոնք հուշում են, որ ռուսական կայսրությունը գտնվում է անկման փուլում և ապրում է իր վերջին տարիները։ Այդ ամենի մեջ այս պատերազմում Ռուսաստանի ռազմաքաղաքական ձախողումը հանդիսանում է առանցքային գործոններից մեկը։
Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ բոլոր մեծ կայսրությունները, իրենց վերջնական կործանումից առաջ, պատերազմներում սկսում են ձախողումներ կրել։ Սա չի վերաբերում միայն Խորհրդային Միությանը։ Հռոմեական կայսրությունը իր անկումից առաջ կրեց բազմաթիվ ռազմական պարտություններ գերմանական ցեղերի, հոների և պարսիկների դեմ։ Օսմանյան կայսրությունը 18–19-րդ դարերում աստիճանաբար թուլացավ եվրոպական տերությունների դեմ ռազմական պարտությունների հետևանքով։ Չինաստանում Ցին դինաստիան 19-րդ դարում պարտվեց Օփիումի պատերազմներում և մի շարք այլ հակամարտություններում, ինչի արդյունքում խորացավ ներքին անկայունությունը և վերջապես տեղի ունեցավ համակարգային կործանումը։ Կարճ ասած՝ պատերազմում պարտություններն ու ձախողումները կործանարար են կայսրությունների համար, քանի որ դրանք չափազանց թանկ են, առաջացնում են ներքին անկայունություն և քանդում են հզորության պատրանքը՝ բացահայտելով իրական խոցելիությունը։
Այս ամենի ֆոնին մեզ՝ հայ ազգայնականներիս, մնում է սթափ գնահատել զարգացումները և հիմիկվանից պատրաստվել տարածաշրջանային մեծ ցնցումներին, որպեսզի կարողանանք գալիք փոթորիկի ժամանակ պաշտպանել մեր ազգային շահերը՝ հիմնադրելով իրական հայ ազգային պետություն և չկրկնել անցյալի սխալները՝ այս անգամ լիարժեքորեն կատարելով մեր պատմական առաքելությունը:
#Այս_Անգամ_Աշխարհը
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ