ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Երբ հետևողականորեն գրառումներ եմ անում, տեսանյութեր պատրաստում...

08:58:00 26.11.2025

Երբ հետևողականորեն գրառումներ եմ անում, տեսանյութեր պատրաստում...

Երբ հետևողականորեն գրառումներ եմ անում, տեսանյութեր պատրաստում, ճառեր ասում և ժողովներ կամ փոքրաթիվ հավաքներ կազմակերպում, ինձ և մեր անդամներին ամենահաճախ կրկնվող քննադատությունն այս է․ «հերիք է միայն խոսեք, գործ արեք» կամ ինչ-որ նման անհեթեթ մի բան։ Իհարկե, նման բաներ ասողները քաղաքական ասպարեզում ընդհանրապես ոչ մի գործ չեն արել, և ես վստահ եմ, որ նրանք գաղափար անգամ չունեն, թե այդ «գործ անելը» իրականում ինչ է նշանակում։ Վստահ եմ նաև, որ նրանք դա ասում են իրենց սեփական ծուլությունն ու անգործունեությունը արդարացնելու համար։ Նրանք ցանկանում են ստեղծել տպավորություն, թե իրենք են իրական «գործ անողները», իսկ մեր նմանները միայն «խոսում են», բայց իրականում ճիշտ հակառակն է։ Իրական դատարկախոսները հենց այդ մարդիկ են․ նրանք միայն մեծ-մեծ կխոսեն, բայց կյանքում մի փոքր գործ չեն անի և մի փոքր հաճույք չեն զոհաբերի, որովհետև էապես վախկոտ սրիկաներ են։

Այդպես խոսողները կամ պատմությունից ոչինչ չեն սովորել, կամ ընդհանրապես պատկերացում չունեն, թե ինչպես են առաջացել և ինչպես են առաջանում իրական հեղափոխությունները։ Նրանք այնքան տհաս, տգետ, գեղցի ու կարճատես են, որ չեն պատկերացնում՝ յուրաքանչյուր մեծ շարժում կամ հեղափոխություն սկսվում է ամենափոքր և տարրական քայլերից։ Չեն հասկանում նաև, որ որքան էլ մարդ պատրաստակամ ու ոգով լինի, եթե իրավիճակը հասունացած չէ, ոչ մի գործնական քայլ հնարավոր չէ անել։ Սակայն սա բոլորովին չի նշանակում, որ մենք պետք է ձեռքերս ծալած նստենք և սպասենք, թե երբ է այդ հնարավորության պատուհանը բացվելու։ Մենք պետք է պատրաստվենք դրան, և պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ նման հնարավորության պատուհան միշտ բացվում է։ Եվ նրանք, ովքեր պատրաստ են եղել, հասել են հաջողության ու կերտել են պատմություն։

Շատ հեռու պետք չէ գնալ դրա օրինակները տեսնելու համար։ Մեր ազատամարտիկները, ովքեր 30 տարի առաջ ազատագրեցին Արցախը, երբեք չէին կարող դա անել, եթե իրավիճակը չհասունանար նման գործողության համար։ Նրանք անսահման քաջություն ունեին և լիովին նվիրված էին մեր ազգին, բայց նույնիսկ նրանք չէին կարող, օրինակ, 80-ականների սկզբին ազատագրել Արցախը, որքան էլ ցանկանային։ Պատմությունը նրանց այդ հնարավորությունը տվեց Սովետի կործանման ժամանակ, և նրանք կարողացան գործի անցնել ճիշտ պահին ու ազատագրել մեր հողերը։

Այսօր մենք ունենք մի շարք առավելություններ, որոնք նրանք չունեին․ համախմբվելու, կազմակերպվելու և նախօրոք պատրաստվելու հնարավորությունները։ Սովետի օրոք նրանք չէին կարող ազատորեն կազմակերպություն ստեղծել, մարդկանց ներգրավել և հստակ ազգային գաղափարախոսություն քարոզել առանց լուրջ հետապնդումների ու վտանգների։ Իսկ մենք այսօր կարողանում ենք դա գոնե ստվերում անել, թեպետ համակարգի մեդիան միտումնավոր անտեսում ու արհամարհում է մեզ։ Սա է պատճառը, որ երբ Սովետը փլուզվեց, ամեն ինչ շատ վատ կազմակերպված էր․ նրանք վերջին պահին հազիվ էին կարողանում հավաքներ ու մարտական ջոկատներ կազմակերպել։ Անակնկալի եկան և պատրաստ չէին ճգնաժամը առավելագույնս ճիշտ օգտագործելու։ Եթե այդ անկազմակերպված ժամանակ կարողացան Արցախը ազատագրել, պատկերացրե՛ք, թե ինչ կարող էին անել, եթե տարիներ շարունակ նախօրոք կարողանային պատրաստվել դրան։

Ամեն դեպքում մենք այսօր ունենք այդ կենսական առավելությունը՝ ժամանակին պատրաստվելու հնարավորությունը, և պարտավոր ենք այն լիարժեք օգտագործել, որպեսզի հաջորդ հնարավորության պատուհանի բացման պահին մենք լինենք պատրաստ՝ կերտելու իրական ազգային պետություն։ Այս անգամ իրավունք չունենք թույլ տալ, որ հայադավ ուժերը գրավեն պետությունը, ինչպես դա տեղի ունեցավ 90-ականների սկզբին։ Այս անգամ մենք պետք է երաշխավորենք, որ նույն սխալը չի կրկնվելու, որովհետև այս անգամ ամեն ինչ շատ տարբեր է լինելու…

#Այս_Անգամ_Աշխարհը #Անխուսափելություն #Ճակատագրի_Շարժումը #Sic_Parvis_Magna


Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։