02:09:00 19.10.2025
Մենք՝ հայ ազգայնականներս, չենք ընդունում «Երրորդ հանրապետության» գաղափարը, որը պարզապես Ռուսաստանի Դաշնությանը հպատակ, հետսովետական, կիսանկախ (դե յուրե անկախ) հանրապետություն է, և բնականաբար մերժում ենք «Չորրորդ հանրապետության» մասին ապազգային մտքերը, որոնք Հայաստանը ոչ միայն հպատակ են դարձնելու Ռուսաստանի Դաշնությանը, այլև Ադրբեջանին։ Այս տերմինները առհասարակ հակահայկական են, որովհետև իրականում գոյություն չի ունեցել «Երկրորդ հանրապետություն»։ Այն ընդամենը եղել է Հայաստանի ապօրինի օկուպացիան Խորհրդային Միության կողմից, որտեղ, իհարկե, չկար ոչ մի ինքնիշխանություն և անկախություն։ Հետևաբար, եթե չի եղել «Երկրորդ հանրապետություն», ապա չի կարող լինել «Երրորդ» կամ առավել ևս «Չորրորդ» հանրապետություն։
Դեմ ենք այս ամբողջ խելագարությանը, որովհետև այդ պիղծ գաղափարները հակասում են մեր ազգի իրական շահերին։ Հենց դրա համար էլ 1991 թ.-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության (որը ոչնչացվեց բոլշևիկ-քեմալական համագործակցության պատճառով) իրավահաջորդը հռչակվելու փոխարեն, Հայաստանում գործող Կրեմլի գործակալ նեոբոլշևիկները ստեղծեցին արհեստական նոր հանրապետություն (իսկ Ադրբեջանը իրեն համարեց իր առաջին հանրապետության իրավահաջորդը), որպեսզի ռուսական համակարգը դե ֆակտո շարունակի իր օկուպացիան ու գերակայությունը Հայաստանի վրա։ «Երկրորդ», «Երրորդ» և հատկապես «Չորրորդ» հանրապետության գաղափարները ընդունել ու կիրառել նշանակում է ընդունել և սատարել թշնամու օրակարգը՝ ոտնահարելով անկախության գաղափարը և դավաճանելով հայ ազգի ազատագրական պայքարի առաքելությունը։
Սակայն հարկ է շեշտել՝ երբ ասում ենք, որ Հայաստանը պետք է դառնա Հայաստանի առաջին հանրապետության իրավահաջորդը, ամենևին նկատի չունենք, որ պետք է վերադառնանք հին կառավարման համակարգին։ Հայաստանի առաջին հանրապետության իրավահաջորդ դառնալը նշանակում է ընդունել այդ հանրապետության իրավական հիմքերը, որոնք ընդգրկում էին Մեծ Հայքի մեծ ու ամենակարևոր մասերը։ Առաջին հանրապետության շարունակությունը դառնալուց հետո մենք կկարողանանք բնական ու սահուն անցում կատարել դեպի իրական ազգային պետություն՝ կերտելով արքայապետություն, որը կլինի սահմանադրական միապետության և արժանապետության ճիշտ ու տրամաբանական համադրությունը։ Մենք պետք է պատմությունից վերցնենք այն, ինչ պետք է, ներկայից դեն նետենք այն, ինչ վնաս է, և ապագայի համար ավելացնենք այն, ինչ անհրաժեշտ է մեր ազգի զարգացման, հայրենիքի բարգավաճման և պետության հզորացման համար։
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Դեպի՛ Փառահեղ Ապագա
#Այս_Անգամ_Աշխարհը
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ