ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Արցախցիների վերադարձ օկուպացված Արցախ, որպեսզի ապրեն ադրբեջանցիների լծի տակ բացարձակ չի նշանակում «Արցախի հարց բարձրացնել»...

04:49:00 07.11.2025

Արցախցիների վերադարձ օկուպացված Արցախ, որպեսզի ապրեն ադրբեջանցիների լծի տակ բացարձակ չի նշանակում «Արցախի հարց բարձրացնել»...

Արցախցիների վերադարձ օկուպացված Արցախ, որպեսզի ապրեն ադրբեջանցիների լծի տակ բացարձակ չի նշանակում «Արցախի հարց բարձրացնել»: Նման պահանջ կարող է դնել միայն խղճուկ ու ստրիկամիտ դավաճանը, ո՛չ երբեք արժանապատիվ հայ ազգայնականը։ Նման խոսակցություններ պարզապես ինձ շատ են բարկացնում: Բաքվի բռնապետը, լավ իմանալով, որ Արցախը երբեք իրենցը չի եղել 26 տարում ԵՐԲԵՔ չէր պահանջում, որ ադրբեջանցիները գնան հայերի լծի տակ ապրեն «Ղարաբաղում», այլ պահանջում էր, որ հայկական զորքերը դուրս գան «իրենց» տարածքից և ճանաչեն «Ղարաբաղը» որպես Ադրբեջանի մաս: Սա ևս մի ապացույց է, որ մեր թշնամիները մեզնից ավելի ողջամիտ ու պրագմատիկ մոտեցումներ են ցուցաբերում, քան մենք, որովհետև նրանք ավելի լավ են հասկանում, թե այս աշխարհը իրականում ինչ կանոնների վրա է հիմնված: Նրանք մեզնից լավ են գիտակցում, որ Երկրագնդի վրա, հատկապես այս տարածաշրջանում, թույլերի համար բացարձակ տեղ չկա: Նրանք գիտեն՝ անիմաստ է մի տեղ ապրել, եթե քո բանակը չի պաշտպանում այդ տարածքի անվտանգությունը: 

 Հետևաբար Արցախի հարց բարձրացնելը նշանակում է պահանջել, որ Ադրբեջանի զինված ուժերը դուրս գա Արցախից, անվերապահորեն Արցախը ամբողջությամբ միանա Հայաստանին, և Արցախը Բաքվի կողմից ճանաչվի որպես Հայաստանի անբաժանելի մաս: Սակայն մեր քաղաքական դաշտում ապիկար, մուրացող, անողնաշար նեոբոլշևիկները, նույնիսկ իրենց ամենավառ երևակայությամբ չեն էլ կարող պատկերացնել ոսոխին նման պահանջ ներկայացնել, քանի որ նրանք բոլորը ուղն ու ծուծով դավաճան են, ովքեր վաղուց ոտնահարում են հայ ազգի ու հայոց պետականության իրական շահերը: Նրանք տասնամյակներ շարունակ դավաճանել են հայ ազատագրական պայքարի նպատակները և մի օր պատասխան են տալու դրա համար: Գուցե կկարծեք այս ամենը նորից «անիրատեսական» ու «ծայրահեղ» է, բայց լավ իմացեք, որ մեր նահատակված ԲՈԼՈՐ ազատամարտիկները անկասկած կստորագրեին այս ամեն գրածի տակ:    

Մեզ այլևս պետք չէ ստրուկի պես ապրենք թշնամու իշխանության ներքո, ինչքան դա արել ենք պատմության մեջ բավական է: Այդ խավար դարաշրջանի էջը պետք է վերջնականապես փակենք և բացենք լիովին նոր հաղթական ու փառահեղ էջ մեր ազգի պատմության համար: Մեզ պետք չէ կանայք ու երեխաններ գնան օկուպացված Արցախում բնակվեն, ու մենք հետո Երևանից լսենք, որ Ստեփանակերտում նույն տեսակ ջարդ է կատարվել, ինչպես տասնամյակներ առաջ կատարվել է Սումգայթում ու Բաքվում: Մեր վերադարձը Արցախը պետք է լինի ու միանշանակ լինելու է, սակայն միայն այն ժամանակ, երբ մենք մեր կամքը ու պայմանները թելադրենք թշնամուն: Այդ վերադարձը լինելու է ոչ միայն ճամպրուկներով, այլև ավելի կարևոր՝ զենքերով...

Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք

Դեպի Փառահե՛ղ Ապագա


Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։