01:28:00 29.04.2026
Ոչինչ չանող ու միայն մեծ-մեծ խոսող դատարկաբանները շատ են սիրում ուրիշներին ասել՝ «գործ արեք, գործ, գործ», կարծես թե կյանքը հոլիվուդյան ֆիլմի պես մի բան է, որտեղ անդադար կռիվների մեջ պետք է լինենք։ Նման տգետ մարդիկ ոչինչ չգիտեն պատմությունից և ամբողջովին կտրված են իրականությունից։ Կյանքում, և հատկապես քաղաքական պայքարում, պատրաստության շրջանը իրականում հարյուր անգամ՝ եթե ոչ ավելի երկար է տևում, քան բուն «գործ անելու» ժամանակը։
Բռնցքամարտիկը ամիսներ շարունակ մարզվում ու պատրաստվում է մի կռվի համար, որը ընդամենը կտևի առավելագույնը 30 րոպե։ Երգիչները ամիսներ շարունակ պատրաստվում են մի համերգի համար, որը ընդամենը մի քանի ժամ է տևում։ Հազարավոր այլ օրինակներ կարող ենք բերել։ Նրանք ամիսներ ու տարիներ փակ դռների հետևում աշխատում ու չարչարվում են, բայց հանդիսատեսը չի տեսնում այդ չարչարանքը․ տեսնում է միայն վերջնական փայլուն արդյունքը։ Եվ այն, ինչ վերաբերում է նրանց, առավել ևս վերաբերում է քաղաքական գործիչներին՝ հատկապես հեղափոխական գործիչներին։ Նույնիսկ բանակը կարող է տասնամյակներ պատրաստվել, որպեսզի կռվի մի պատերազմում, որը կտևի ընդամենը մի քանի ամիս կամ շաբաթ։
Այո՛, մեր նպատակն է օրինական միջոցներով ազգային հեղափոխություն իրականացնել, բայց դրա նախապատրաստումը տարիների քրտնաջան ու հետևողական աշխատանք է պահանջում։ Բացի այդ, մեծ փոփոխություններ անելու համար անհրաժեշտ են մեծ հնարավորություններ, և այդ հնարավորության պատուհանը միշտ բաց չի լինում, որ երբ ուզենք՝ արմատական փոփոխություն անենք։ Մի պահ է բացվում այդ պատուհանը, հետո տասնամյակներ շարունակ կարող է կրկին փակ մնալ։ Այդ հնարավորության պատուհանը վերջին անգամ բացվեց մեր ազատամարտիկների համար 35 տարի առաջ, երբ Սովետը կործանվեց, և մենք կարողացանք Արցախը ազատագրել։ Դրա համար մեր ազատամարտիկները, որքան էլ ցանկանային ու պատրաստ լինեին, պարզապես չէին կարող «գործ անելով» Արցախը, օրինակ, 80-ականների սկզբին ազատագրել։ Եվ իմ խորին համոզմունքն ու հավատն է, որ այդ հնարավորության պատուհանը նորից բացվելու է մոտ ապագայում, որպեսզի կարողանանք հաղթական ավարտին հասցնել այն, ինչ մեր ազատամարտիկները նախորդ դարում սկսեցին։
Մեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունը, նույնիսկ համեմատաբար ավելի խելացի մարդիկ, չեն գիտակցում այս ամենը և նման օրինաչափություններից նույնիսկ տեղյակ չեն։ Եվ հենց այդ է պատճառը, որ անընդհատ նույն բաներն են անում ու զարմանում, թե ինչու ոչինչ չի փոխվում։ Շարունակում են հուսահատվել ու հիասթափվել՝ առանց հասկանալու պատմության այս գործընթացները։ Ինչ անում ենք, պետք է անենք այդ հնարավորության պատուհանի բացման պահին պատրաստ լինելու համար, եթե մեր ազնիվ միտումն է՝ ազգային հեղափոխությամբ կերտել իրական ազգային պետություն։
Այս ամենը Ամերիկայի նախկին նախագահ Աբրահամ Լինքոլնը շատ դիպուկ բացատրեց, երբ ասաց․ «Տվե՛ք ինձ վեց ժամ՝ ծառը կտրելու համար, և ես առաջին չորսը կանցկացնեմ կացինը սրելով» (սա, իհարկե, փոխաբերական իմաստ ունի)։ Մնում է, որ մենք հասկանանք այս ճշմարտությունը և շարունակենք մեր «կացինը սրել»՝ ապագայում «ծառ կտրելու համար»։ Մեզ մնացել է մեկ հնարավորություն՝ մեր Հայրենիքն ու պետականությունը վերջնական կործանումից փրկելու համար, և մենք չենք կարող այն բաց թողնել։
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ