ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Զորահանդեսը լավ բան է, բայց եկեք ձեր հիշողությունը թարմացնեմ մի քանի կարևոր ու սթափեցնող փաստերով...

07:39:00 28.05.2026

Զորահանդեսը լավ բան է, բայց եկեք ձեր հիշողությունը թարմացնեմ մի քանի կարևոր ու սթափեցնող փաստերով...

Զորահանդեսը լավ բան է, բայց եկեք ձեր հիշողությունը թարմացնեմ մի քանի կարևոր ու սթափեցնող փաստերով։ Հայաստանի «Երրորդ Հանրապետության» հիմնադրման առաջին օրվանից մինչև 2020թ․ Հայաստանի Հանրապետությունում տեղի է ունեցել 5 ռազմական շքերթ, իսկ Արցախի Հանրապետությունում՝ ևս 5 ռազմական շքերթ, որտեղ ցուցադրվել էին բազմաթիվ տարբեր տեսակի զենքեր։ Իհարկե, չմոռանանք նաև, թե ինչպես էր ներկայիս կառավարությունը պատերազմից առաջ ցուցադրում նոր ստացած զենքերը, ասում՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», և Տավուշում ցուցադրում ադրբեջանական բանակի դեմ դիմադրությունը։

Բայց արի ու տես, որ այդ ամենից հետո 44-օրյա դավադիր պատերազմում ինչ դանակ խրվեց մեր բանակի մեջքին, ինչի արդյունքում ինչ խայտառակ պարտություն կրեցինք, ու դրանից հետո որքան մեր զենքերից ընկան ոսոխի ձեռքը։ Փաստորեն ստացվում է, որ այդ տասը ռազմական շքերթերը իրականում մեծ դեր չկատարեցին, քանի որ պատերազմի նսեմացուցիչ պարտության թիվ մեկ պատճառը ներքին դավաճանությունն էր և առհասարակ այն, որ մեր զինված ուժերի ռազմավարությունը սխալ հիմքերի վրա էր դրվել ստեղծման առաջին իսկ օրվանից։ Տանուլ տվեցինք պատերազմը, որովհետև խնդիրը ավելի շատ քաղաքական էր, քան ռազմական։ Այդ զորահանդեսները կարծես մեզ ցույց էին տալիս, թե ամեն ինչ կարգին է, մինչդեռ իրականությունը բոլորովին այլ էր։ Եվ կարծես թե նույն բանը հիմա էլ են անում։

Եթե տասը ռազմական շքերթից հետո Արցախը այդպես դավաճանեցին, ի՞նչ երաշխիք ունենք, որ ճիշտ նույն կերպ չեն վարվի ամբողջ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Միակ տարբերությունն այն է, որ այն ժամանակ հաղթանակած պետություն էինք, ավելի լավ դիրքերում էինք, և կառավարությունն ագրեսիվ տոնով էր խոսում թշնամու հետ, իսկ հիմա սրտիկներ են անում, փոքրացած ու ավելի վտանգված Հայաստանի քարտեզ են ցուցադրում և կեղծ «խաղաղության» լոզունգների տակ քարոզում իրենց պարտվողական քաղաքականությունը՝ կարծես թե այդ ամենը ձեռքբերում է։ Սակայն ցանկացած ողջամիտ ու գիտակից հայի համար պարզ է, որ այս ամենը ոչ թե առաջընթաց է, այլ միանշանակ ողբալի հետընթաց։

Փառք ու պատիվ մեր բանակում ծառայող բոլոր զինվորներին, բայց եկեք չմոռանանք, որ մինչև մենք արմատապես ու հեղափոխական ձևով չլուծենք մեր քաղաքական խնդիրները՝ ազգային պետություն կերտելով և իրական հայկական բանակ կառուցելով, երբեք չենք կարող լուծել մեր առջև դրված ռազմական խնդիրները և չեզոքացնել մեր երկրին սպառնացող օրհասական վտանգները։

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։