12:54:00 28.12.2025
Հայաստանի քաղաքական դաշտում բոլորը ձգտում են առաջնորդ լինել ու կարծում են, որ կարող են առաջնորդ լինել՝ չգիտակցելով, որ առաջնորդ լինելու հետ գալիս է չափազանց մեծ պատասխանատվություն ու զոհաբերություն։ Այդ է պատճառը, որ այս հարաբերական կայուն ու խաղաղ ժամանակներում մեծ համախմբում չի լինում մեկ առաջնորդի շուրջ, հատկապես եթե այդ առաջնորդը դեռ երիտասարդ է։ Շատ տղաներ իրենց էգոյի պատճառով չեն հասկանում, որ հետևորդ լինելու մեջ ոչ միայն ոչ մի վատ կամ նսեմացուցիչ բան չկա, այլև՝ լավ առաջնորդ լինելու համար նախ և առաջ պետք է լավ հետևորդ լինել։
Երբ դեռ չէի մտել քաղաքականության մեջ, որպես անհայտ հայրենադարձ Տավուշի դիրքերում ծառայում էի որպես պայմանագրային զինծառայող, դրանից մի երկու տարի հետո էլ կամավորագրվեցի 2020-ի պատերազմին և սկզբից մինչև վերջ ծառայեցի Մարտակերտի առաջնագծում։ Իմ ողջ ծառայության ընթացքում՝ թե խաղաղ, թե պատերազմի ժամանակ, ես իմ հրամանատարների բոլոր հրամանները առանց վարանելու կատարում էի՝ անկախ նրանից, որ դասակի կամ վաշտի հրամանատարը ինձնից տարիքով փոքր են եղել։ ԱՄՆ-ում եմ ծնվել, մեծացել ու բարձրագույն կրթություն ստացել, բայց այդ ամենը երբեք պատճառ չի հանդիսացել, որ ինձ իմ հրամանատարներից բարձր դասեմ։ Հերթապահություն չի եղել, որը չեմ կատարել՝ անկախ նրանից, թե որքան վատ եմ զգացել կամ որքան հիվանդ եմ եղել։ Ես բարդույթներ չունեի, քանի որ բանակում ինձ չէի դիտարկում որպես առանձին մարդ, այլ որպես զորքի մի մասնիկ, և եթե այդ զորքը պետք է ճիշտ շարժվի, ապա զորքի բոլոր զինվորները պետք է ճանաչեն իրենց պարտականությունները և պատվով կատարեն դրանք՝ անկախ ամեն ինչից։
Բոլորը ուզում են առաջնորդ լինել, բայց բոլորը չեն ուզում կամ պատրաստ չեն անցնել առաջնորդի ծանր ու դժվար ուղու միջով։ Բոլորը գահին են ուզում նստել, բայց ոչ մեկը չի ուզում զոհաբերություններով ու քրտնաջան, հետևողական աշխատանքով արժանանալ այդ գահին։ Սակայն միայն այդ ճանապարհով է հնարավոր գահը ծառայեցնել ազգին, հայրենիքին ու պետականությանը։ Հետևաբար առաջնորդ լինելը ինքնակոչ չի լինում։ Առաջնորդ լինելու համար մարդը պետք է նախ և առաջ իր սեփական կյանքի օրինակով ու սեփական անհողդողդ պայքարով ապացուցի, որ իր խոսքերն ու գաղափարները ոչ թե օդ են, այլ հիմնված են հստակ քայլերի ու գործողությունների վրա։
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Մի՛շտ Հայ
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ