10:54:00 30.03.2026
Հաճախ նշում եմ, որ ռուսական կայսրությունը (ինչպես նաև ամերիկյան կայսրությունը) կործանման եզրին է, քանի որ ապրում է իր վերջին տարիները, և նրա փլուզումը ավելի դաժան է լինելու, քան ցարական Ռուսաստանի և Սովետի փլուզումները իրար հետ միասին վերցրած: Սա նշում եմ որպես գալիք դրական իրադարձություն հայ ազգի համար, քանի որ դա մեզ համար հնարավորության պատուհան կբացի՝ իրական ազգային հեղափոխություն անելու ու ազգային պետություն կերտելու: Սակայն շատ հայեր նման սցենարը վտանգավոր են համարում, քանի որ, իրենց պատկերացմամբ, Ռուսաստանի կործանման դեպքում Թուրքիան գերակայություն կունենա այս տարածաշրջանում, և Հայաստանը ամբողջությամբ կթրքացվի կամ նման այլ պնդումներ են անում:
Մի պահ կար իմ կյանքում, նախքան քաղաքականությամբ ակտիվ զբաղվելը և շարժում հիմնադրելը, որ ես էլ էի հավատում այդ մեծ ստին, որովհետև կարծում էի՝ հետսովետական Ռուսաստանը տարբերվում է ցարական ու սովետական Ռուսաստանից: Բայց հետո հասկացա, որ իրականում նույն քաղաքականությունն է շարունակվում. քաղաքականություն, որն ուղիղ հակադրվում է մեր ազգի շահերին: Հազար անգամ կրկնել եմ, որ ռուսներն ու թուրքերը կարող են իրար ատել, տարաձայնություններ ունենալ և նույնիսկ միմյանց դեմ պատերազմել, բայց հայկական հարցի դեպքում նրանք միանում են իրար՝ ընդդեմ Հայաստանի: Թուրքերը՝ որպես մեր բացահայտ ոխերիմ թշնամի, իսկ ռուսները՝ որպես մեր թիկունքին հարվածող նենգ «դաշնակից»: Երկուսն էլ իրենց շահերն են առաջ տանում այս տարածաշրջանում՝ մեր անկախ պետականության շահերի հաշվին: Նրանք, ինչպես նաև սիոնիստները, ամեն ինչ անում են, որպեսզի հանկարծ անկախ, միացյալ ու հզոր Հայաստան չստեղծվի:
Առաջին հայացքից գուցե տրամաբանական թվա, որ առանց Ռուսաստանի Թուրքիան կհզորանա, բայց պատմությունը մեզ ցույց է տվել լիովին այլ բան՝ որ Ռուսաստանը օրհասական ժամանակներում գրեթե միշտ օգնել է թուրքերին: Ահա մի քանի կարևոր պատմական փաստեր.
1798թ-ին ֆրանսիական բանակը, Նապոլեոն Բոնապարտի առաջնորդությամբ, ներխուժեց Եգիպտոս, որը պաշտոնապես Օսմանյան կայսրության մաս էր կազմում: Նապոլեոնի նպատակն էր թուլացնել Մեծ Բրիտանիային՝ սպառնալով Բրիտանիայի ճանապարհին դեպի Հնդկաստան և ընդլայնելով Ֆրանսիայի ազդեցությունը Մերձավոր Արևելքում: Այս ամենը, բնականաբար, մեծ սպառնալիք էր առաջին հերթին հենց օսմանցիների համար, սակայն նրանց փրկության եկավ Ցարական Ռուսաստանը: Չնայած նրան, որ Ռուսաստանը և Օսմանյան կայսրությունը «թշնամիներ» էին, Նապոլեոնի ներխուժումը երկուսին էլ ահազանգեց ու համախմբեց, որի արդյունքում հենց այդ նույն թվականին կնքվեց «Ռուս–Օսմանյան դաշինքը» Ֆրանսիայի դեմ, որը տևեց մինչև 1806թ.:
1920թ-ին Օսմանյան կայսրությունը արդեն փլուզվել էր և շարունակվելու էր մասնատվել, եթե բոլշևիկյան Ռուսաստանը՝ Վլադիմիր Լենինի ղեկավարությամբ, չֆինանսավորեր ու չզիներ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին: Բոլշևիկները դա արեցին, որպեսզի քեմալիստները հաղթեն Թուրքիայի անկախության պատերազմում, որի արդյունքում չեղարկվեց Սևրի պայմանագիրը, և 1921թ-ին կնքվեցին Մոսկվայի և Կարսի «եղբայրության» պայմանագրերը», իսկ դրանից հետո՝ 1923թ-ին Լոզանի պայմանագիրը, որը հիմնադրեց ժամանակակից թուրքական պետությունը:
2016թ-ին, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ հեղաշրջման փորձ էր կատարվում, նեոբոլշևիկյան Ռուսաստանը՝ Վլադիմիր Պուտինի ղեկավարությամբ, նրան օգնության հասավ՝ նախօրոք զգուշացնելով հեղաշրջման փորձի մասին: Ըստ տարբեր աղբյուրների՝ ռուսական հետախուզությունը որսացել էր թուրք սպաների հաղորդակցությունները և զգուշացրել Էրդողանին, որի արդյունքում ավելի ամրապնդվեց նեոքեմալիստական բռնապետությունը Թուրքիայում:
Չեմ էլ նշում բազմաթիվ այլ փաստեր, թե ինչպես, օրինակ, 2020թ-ի դավադիր պատերազմը և Արցախի հայաթափումը երբեք չէր լինի առանց Կրեմլի թույլտվության ու աջակցման:
Փաստորեն տեսնում ենք, որ այս վերջին 250 տարում ռուսական կայսրությունը՝ իր տարբեր ձևաչափերով (ցարական, սովետական, պուտինյան), Թուրքիային լուրջ վտանգներից փրկել է առնվազն երեք անգամ երեք ամբողջությամբ տարբեր ժամանակներում: Ի՞նչ կլիներ թուրքերի իրավիճակը այսօր, եթե ռուսական քաղաքականությունը նման պրոթուրքական դիրքորոշում չբռներ նման ճակատագրական ժամանակներում, միայն Արարիչը գիտի: Սակայն մենք այս ամենից կարող ենք եզրակացնել, որ «առանց Ռուսաստանի Թուրքիան կհզորանա» տարածված մեծ սուտը չի համապատասխանում պատմական իրականությանը: Ճշմարտությունն այն է, որ ռուսական կայսրության վերջնական փլուզման արդյունքում շատ հավանական է, որ Թուրքիան էլ նույն ճակատագրին արժանանա: Դա կարող է կատարյալ իրավիճակ ստեղծել իրական հայ ազգային վերածննդի և Մեծ Հայքի վերականգնման համար:
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ
Մենք ենք մեղավոր։մեր կայքի համար թուրքի ձեռից ոսկի վերցնել հայրենիքով քվիդ լինոխ։ Նիկոլ ովա որ ասի Արծվաշենը ազերիննա,մեչներս դուխով ՀՈՔԻ չկա։որ դրա գլխից խփի։
05/04/2026