ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Ես իրականում արվեստներից հեռու մարդ եմ եղել...

03:56:00 02.01.2026

Ես իրականում արվեստներից հեռու մարդ եմ եղել...

Ես իրականում արվեստներից հեռու մարդ եմ եղել, քանի որ մաթեմատիկան ու գիտությունները ինձ համար ավելի բնական են եղել, և ի վերջո ունեմ ֆիզիկայի մագիստրոսի կոչում։ Սակայն դեռահաս տարիքից, և հատկապես Կալիֆորնիայի համալսարանում ուսանելու տարիներին, զգում էի որոշակի սեր հռետորության նկատմամբ։ Ինձ միշտ հետաքրքրել են պատմության մեջ ամենահզոր հռետորները, որոնք միևնույն ժամանակ եղել են նաև պատմության ամենամեծ հեղափոխականներն ու առաջնորդները։

Այդ արվեստի նկատմամբ նման համակրանք ունեի, որովհետև, թերևս, ենթագիտակցորեն զգացել եմ, որ ապագայում ճակատագրի կանչով սկսելու եմ խորանալ դրա մեջ և օգտագործելու եմ այն որպես միջոց՝ իմ հայրենակիցներին ճշմարտությունը հասցնելու և քարոզելու համար։ Երբ երբեմն հայրենասիրական երգեր էի երգում (մի քանի հատ անգիր արել էի), մարդիկ ասում էին, որ խրոխտ ձայն ունեմ, և հենց այդտեղից էլ սկսեցի մտածել, որ գուցե ունեմ մի «թաքնված տաղանդ», որը դեռ չեմ բացահայտել։

Ամեն դեպքում, Հայաստան տեղափոխվելուց հետո արագ հասկացա, որ պարտավոր եմ հայերենս կատարելագործել, եթե ցանկանում եմ ապրել ու առաջ գնալ Հայաստանում, հատկապես եթե նպատակ ունեմ մտնելու քաղաքականություն։ Պատերազմից վերադառնալուց հետո էլ սկսեցի գիտակցել, որ կամաց-կամաց մոտենում է հռետոր դառնալու իմ ժամանակը։ Իմ համակրանքը այդ արվեստի նկատմամբ, հայերենիս կատարելագործումը և պատմական իրադարձությունները վերջապես համընկան, և ես պատրաստ էի օգտագործել ցանկացած «մարգինալ» հեղափոխական քաղաքական գործչի ամենակարևոր զենքը։

Սկսեցի աստիճանաբար խորանալ հռետորության մեջ, և որքան խորանում եմ, այնքան ավելի եմ համոզվում, որ այն ոչ միայն արվեստ է, այլև՝ արվեստների թագավորը։ Ոչ մի այլ արվեստ այդքան մեծ ազդեցություն չի թողել պատմության վրա, որքան հռետորությունը։ Յուրաքանչյուր մեծ գաղափար, շարժում կամ հեղափոխություն, ի վերջո, ձայնի կարիք է ունեցել՝ կյանքի կոչվելու համար։

Նկարչությունը շարժում է աչքը, երաժշտությունը՝ սիրտը, գրականությունը՝ միտքը, բայց հռետորությունը շարժում է մարդկանց ոգիները։ Այն միավորում է միտքն ու զգացմունքը՝ բառերը վերածելով գործողության, իսկ անհատներին՝ ուժի։ Ոչ մի այլ արվեստ չի կարող մեկ ակնթարթում փոխել պատմության ընթացքը և ազգի ճակատագիրը այնպես, ինչպես հռետորությունը։ Ահա թե ինչու հռետորությունն գերազանցում է մնացած բոլոր արվեստներին։

Հետևաբար, յուրաքանչյուր մարդ, ով իրեն հեղափոխական է համարում, և առավել ևս՝ ազգային գործիչ, պարտավոր է լուրջ վերաբերվել հռետորությանը, եթե նպատակը ազգին մեկ վեհ գաղափարի, նպատակի և առաքելության շուրջ համախմբելն է։

Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք

Փա՛ռք Հայքին ու Հաղթանակին

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։