06:18:00 24.06.2025
Համեմատած մեծ ու համակարգում հաստատված քաղաքական ուժերի հետ՝ ես չունեմ նման կապեր, գումարներ և ուժի լծակներ։ Բնականաբար, իմ կամ «Հոսանք»-ի ռեսուրսները չեն կարող համեմատվել նրանց ռեսուրսների հետ։ Այդ առումով սար ու ձորի տարբերություն կա։ Ամեն դեպքում ես միշտ էլ գիտակցել եմ, որ նրանց մեծ, բայց անգաղափար ու անբովանդակ կուսակցությունները, որոնք լի են պատեհապաշտ սրիկաներով, ընդամենը փուչիկներ են, որոնք մի փոքր ասեղի թեթև դիպչելուց կարող են պայթել, և հենց այդպես էլ կլինի մի օր:
Այդուհանդերձ, ես ունեմ մի ռեսուրս, մի շատ կարևոր առավելություն, որ տեսնում եմ՝ չունեն նրանք կամ առհասարակ որևէ այլ մեկը։ Եվ այդ ռեսուրսը երիտասարդ հայ ազգայնականների (14-25 տարեկան սահմանում) ուշադրությունն է, որոնք մեր շարժման տարբեր սոցցանցերում հետևում և արձագանքում են՝ Հայաստանից թե Սփյուռքից՝ արտահայտելով իրենց համակրանքն ու աջակցությունը ինձ կամ «Հոսանք»-ին։ Կարող եմ վստահաբար ասել, որ «Հոսանք»-ից բացի ուրիշ քաղաքական կազմակերպություն չկա հայության մեջ, որ կարողանում է ազգայնական երիտասարդներին ներգրավել՝ հանուն գաղափարի և նպատակի։ Բազմիցս է եղել այս վերջին երկու տարում, որ Երևանի փողոցում քայլելիս նման երիտասարդ տղաներ մոտեցել են ինձ ու ցանկացել նկարվել։ Նրանք նույնիսկ չգիտեն ԱԺ-ի անդամների մեծ մասին, բայց գիտեն իմ մասին ու ուշադիր հետևում են՝ այն պարագայում, երբ ԶԼՄ-ները հազվադեպ ինչ-որ բան ասում կամ գրում են իմ մասին (սովորաբար չեզոք կամ բացասական բան են գրում), մինչդեռ ամեն օր ցուցադրում են քաղաքական մարմնավաճառների անուններն ու դեմքերը։
Այն օրվանից, երբ հիմնադրեցի այս շարժումը երեքուկես տարի առաջ՝ որպես անհայտ հայրենադարձ ու հասարակ շարքային զինվոր, անցել եմ բազմաթիվ հիասթափությունների ու փորձությունների միջով: Պարբերաբար անցել են դադարելու կամ հանձնվելու մտքեր, քանի որ վիճակը անհույս էր թվում։ Սակայն այդ երիտասարդների աջակցությունն ու ձայնն էր, որ իմ մեջ նորից հույս արթնացրեց՝ շարունակելու անել այն, ինչ սկսել եմ։ Հիմա էլ կան երիտասարդ անդամներ, ովքեր տարբեր մարզերից պարտաճանաչ կերպով ամեն անգամ գալիս են ժողովներին մասնակցելու։ Այս ամենը ինձ համար ցուցիչ եղավ և Արարչի կողմից նշան, որ ես ճիշտ ուղին եմ բռնել և կապ եմ հաստատել մի կարևոր օղակի հետ, քանի որ մի շարժում, որն ի վիճակի է ներգրավել երիտասարդներին, տիրում է ապագային։
Հասկացել եմ, որ որքան էլ խաբեբա, դավաճան, կոմունիստ, անգրագետ, գեղցի սրիկաններ լինեն մեր այսօրվա հասարակության մեջ, ես պայքարը շարունակելու եմ այդ գիտակից երիտասարդների համար, որպեսզի ապագայում՝ իրենց հասուն տարիներում, քաղաքական հիմք ունենան, որի վրա կարող են կանգնել և կառուցել կանգուն հայկական պետություն։ Այդ հարցում անձնական պատասխանատվություն ստանձնեցի և պարտականություն զգացի շարունակել իմ պայքարը, որովհետև տեսա, որ եթե ես չանեմ, ապա ուրիշ ոչ ոք չի անելու և չի էլ կարող անել։ Տեսա, որ որքան էլ անհույս թվա վիճակը, միշտ էլ ելք ու լուծում կա. ուղղակի գաղտնիքը՝ անկոտրում վճռական կամք և անսասան հավատ ունենալու մեջ է։
Միայն նոր սերնդի ազգայնական, նվիրված, հայկազուն երիտասարդներին համախմբելով՝ ազգային, կարգապահ և գաղափարական քաղաքական շարժման շուրջ, մենք կարող ենք որևէ հույս ունենալ ապագայում իրական ազգային պետություն կերտելու և փրկելու մեր անկախ պետականությունը կործանումից։ Մեր առաքելությունն է ցանել ապագա՝ անկախ, միացյալ և հզոր Հայաստանի՝ Մեծ Հայքի սերմերը, և մեր անզիջող պայքարով օրեցօր ջրել այդ սերմերը։
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
#Այս_Անգամ_Աշխարհը
Հետևե՛ք՝ t.me/hosank
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ