ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Մի քանի օր առաջ հոդված գրեցի՝ ցույց տալով...

08:05:00 03.04.2026

Մի քանի օր առաջ հոդված գրեցի՝ ցույց տալով...

Մի քանի օր առաջ հոդված գրեցի՝ ցույց տալով, թե Ռուսաստանը վերջին 250 տարում քանի անգամ է թուրքերին փրկել ճգնաժամից ու օրհասական ժամանակներից, ինչպես օրինակ՝ 1798թ., 1920թ. և 2016թ.: Սա ցույց է տալիս, որ պանթուրանի կամ պանթյուրքիզմի ծրագիրը ոչ թե հակառուսական ծրագիր է, այլ հենց Ռուսաստանի կայսերական շահերից է բխում, քանի որ երկու կողմն էլ խստիվ դեմ են, որ այս տարածաշրջանում նորից ծնվի անկախ, միացյալ ու հզոր Հայաստան, որը կընդգրկի մեր պատմական հողերի մեծ մասը։

Եթե պանթուրանի օրակարգը հակասում է Ռուսաստանի վարած քաղաքականությանը, ապա ինչո՞ւ էր Մոսկվան 2020թ. պատերազմից առաջ անընդհատ ասում, որ Հայաստանը պետք է «հինգ շրջանները» տա Ադրբեջանին, որպեսզի «խաղաղ» ձևով լուծվի «Ղարաբաղյան հարցը»՝ շատ լավ իմանալով, որ առանց Արցախի այդ հինգ շրջանների մենք կկորցնեինք ամբողջ Արցախը, ինչը ճանապարհ կբացեր պանթուրանի համար։ Հենց այդպես էլ եղավ պատերազմի մեր խայտառակ պարտությունից հետո, քանի որ ռուս «խաղաղապահները» իրականում ոչինչ չարեցին հայ բնակչության անվտանգությունն ապահովելու համար: Նրանք նույնիսկ դրա միտումն էլ չունեին, որովհետև ամեն ինչ նախօրոք պլանավորված էր Բաքվի բռնապետի և Հայաստանում գործող դավաճան նեոբոլշևիկների հետ։

Սա հայ ազգի համար ամենակարևոր ժամանակակից դասն է․ մենք մեր անվտանգության հույսը երբեք չպետք է դնենք օտար երկրի վրա, հատկապես Ռուսաստանի նման նենգ «դաշնակցի» վրա։ Եթե մեր բանակը չի ապահովում ու երաշխավորում մեր հողի անվտանգությունը, ապա այդ հողը արդեն կարելի է համարել օկուպացված։ Բնականաբար կարող ենք դաշնակիցներ ունենալ, բայց հայկական հողի ամեն քառակուսի մետրի վրա պետք է կանգնած լինի հայ զինվոր։

Ո՞ր մի «հակաթուրքական» պետություն կհորդորի իր «դաշնակցին», որ նա իր հողերը տա հենց թուրքերին, երբ շատ լավ գիտի, որ թուրքերի համար Արցախը ընդամենը խոչընդոտ էր պանթուրանը ստեղծելու ճանապարհին։ Պանթուրանի օրակարգի դեմ գործող պետությունը ամեն ինչ կանի, որ Հայաստանը լինի այս տարածաշրջանի ամենահզոր պետությունը, ոչ թե Հայաստանին անընդհատ թիկունքից հարվածի ու թուլացնի, ինչպես Կրեմլն է միշտ արել։

Նժդեհը այս ամենը լավ հասկացել էր հարյուր տարի առաջ, երբ ասաց.

«Ռուսական բոլշևիզմի և թուրք-թաթարական պանիսլամիզմի մերձարևելյան նպատակները զուգադիպում և համերաշխում են իրար։ Այդ դիվային ծրագրերի իրականացման զոհ է բերվում հայ երկիրը»։

Հետևաբար պանթուրանի վտանգը երբեք չի վերանա, մինչև մեր Հայրենիքում չոչնչացվի նեոբոլշևիզմի քաղցկեղը, որը տասնամյակներ շարունակ ներսից քայքայում է մեր երկիրը։ Պետք է, որ Ռուսաստանի Դաշնությունը ներսից փլուզվի գալիք մեծ համաշխարհային ճգնաժամի ժամանակ, որպեսզի ձախողվեն թուրքերի հակահայկական նպատակները, և հայ ազգը կարողանա առանց շղթաների պայքարել ոսոխի դեմ մինչև հաստատվի արդարությունը։ 


Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։