Հայկ Նազարյան - Ճառ #23 - «Հոսանք»-ի ժողովում (11-04-2026)
03:00:00 11.04.2026
Այս տարի՝ ընդամենը երկու ամսից, ինչպես գիտենք, նորից ընտրություններ են լինելու, և մենք՝ որպես հայ ազգայնական քաղաքական շարժում, պարտավոր ենք մեր կարծիքը ասելու մեր երկրում ընթացող այս գործընթացի մասին: Շատերը, ինձ հետևելով, երևի արդեն գիտեն, թե ինչ կարծիք ունեմ այս ամենի վերաբերյալ, բայց ամեն դեպքում ստիպված եմ պաշտոնապես նորից կրկնելու այս ամբիոնից, որ հանկարծ ոչ մի թյուրիմացություն չլինի: Ոմանց այս ընտրարշավները գուցե հույս ներշնչեն, բայց կարծում եմ՝ մեծամասնության համար անտանելի են դարձել, քանի որ կարծես նույնն դեպքերն են անընդհատ կրկնվում: 2020 թ․-ի դավադիր պատերազմից, 2021 թ․-ի խայտառակ ընտրություններից և հատկապես Արցախի ՝ 2023 թ․-ի հայաթափումից հետո շատերը պարզապես զզվել են բոլորից ու իրավիճակը անհույս են համարում, որի արդյունքում սուզվել են խորը անտարբերության մեջ և ապրում են ջայլամի պես: Սակայն մենք միանշանակ ասում ենք, որ անհույս չէ մեր իրավիճակը, քանի որ չկան անհույս իրավիճակներ, կան միայն անհույս մարդիկ: Ուղղակի պետք է մաթեմատիկոսի պես պարզ հասկանանք խնդիրը, որովհետև միմիայն խնդիրը լավ հասկանալով կարող ենք այդ խնդրի համար լուծում գտնել և մեր հայրենակիցների մեջ ապագայի հանդեպ hույսը նորից արթնացնել: Կարող ենք պարզ ու կտրուկ ասել, որ հիմա այն ժամանակներն են, երբ ամեն տեսակի պատեհապաշտ ու անսկզբունքային քաղաքական մարմնավաճառ խավարասերի պես դուրս է գալիս քարի տակից՝ մասնակցելու գալիք կրկեսային ու խայտառակ ընտրություններին՝ «Ազգային ժողովում» աթոռներ զբաղեցնելու նպատակով։ Այս բազմազան, բայց իրարից ոչ մի կերպ չտարբերվող քաղաքական անպիտան խմբավորումները կարողանում են հանգիստ կուսակցություններ ստեղծել, Կենտրոնում հավաքներ ու համաժողովներ բացահայտ կազմակերպել, մեդիայի կողմից լուսաբանվել և մասնակցել ընտրություններին առանց որևէ դիմադրության, որը արդեն իսկ կասկածելի է։
Այս փաստը իմանալով՝ հերիք է գալ այն եզրահանգմանը, որ, բնականաբար, ընտրություններին հանգիստ մասնակցողների ճնշող մեծամասնությունը, այսպես կոչված, «դաբրոն» են ստացել հիմնականում Կրեմլից, քանի որ հետսովետական Հայաստանում Ռուսաստանի վերահսկողության տակ է մեր ամբողջ քաղաքական համակարգը, այդ թվում, իհարկե, նաև այս կեղծ «ընտրությունները»։ Սա, կարծում եմ, գիտակից հայերի համար այլևս գաղտնիք չէ, և միամտություն կլինի այլ բան կարծելը:
Բոլոր ընտրություններում հենց այսպես կոչված «Երրորդ Հանրապետության» ամենասկզբից «նախկին» ու «ներկա» դավաճաններից կազմված նեոբոլշևիկյան քաղաքական համակարգը ամեն անգամ վերարտադրվել է, և այս տարի էլ ոչինչ չի փոխվելու։ Նեոբոլշևիկյան համակարգը անընդհատ օգտագործում է նույն դախացած դեմքերին, բայց հաճախ որպես դիմակներ օգտագործում է նաև տարբեր խամաճիկներին՝ իր իրական դեմքը թաքցնելու համար, որպեսզի կարողանա ավելի լավ ժողովրդին խաբել ու մոլորեցնել։ Այն ունի նաև իր տարբեր արբանյակները, որոնք պտտվում են այդ համակարգի գլխավոր տնօրինողների շուրջ, ինչպես էլեկտրոնները՝ ատոմի միջուկի շուրջ։ Իրականում մեկը մյուսի ծոցը մտած են և իրար դեմ «պայքարում են» մակերեսային ու ոչ էական հարցերի շուրջ, սակայն կարևոր ու առանցքային հարցերում միշտ համաձայն են։ Շատերը կասեն խելամիտ ու ողջամիտ բաներ, բայց հենց այդ է պատճառը, որ մենք պետք է ուշադրություն դարձնենք ոչ թե նրան, թե ինչ են ասում, այլ թե ինչ չեն ասում ու ինչի մասին են լռում: Դա անելով՝ մենք ավելի լավ պատկերացում կարող ենք կազմել ցանկացած քաղաքական գործչի մասին:
Ամեն դեպքում մի հետաքրքիր բան կարող ենք նկատել, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը սովորաբար մասնակցում է այս խեղկատակ ընտրություններին ոչ թե այն պատճառով, որ իրապես համակրում է այս կամ այն թեկնածուին կամ համաձայն է նրա բարբաջանքի հետ, այլ նրա համար, որ նրա հակառակորդը հանկարծ չընտրվի: Նրանց ասածով՝ նրանք «աջակցում են չարյաց փոքրագույնին», ինչը իրենց պատկերացմամբ խելամիտ ու պրագմատիկ մոտեցում է, առանց հասկանալու, որ իրականում սա այս հրեշավոր համակարգի ստեղծած ծուղակն է, որի մեջ մեր հայրենակիցները ընկնում են ամեն հինգ տարին մեկ: Նախկինում նշել եմ, որ «չարյաց փոքրագույնները» հաճախ ավելի մեծ վտանգ են ներկայացնում ազգի համար, քանի որ շեղում ու մոլորեցնում են բնակչության համեմատաբար ավելի խելացի ու հայրենասեր հատվածին: Այս ամբողջ երևույթը կարող ենք տեսնել բոլոր ժողովրդավարական բռնապետություններում։
Նման նենգ մանիպուլյացիայով և ժողովրդին անընդհատ շանտաժի ենթարկելով է, որ այս հայրենադավ նեոբոլշևիկյան համակարգը վերջին 35 տարիների ընթացքում անընդհատ կարողանում է վերարտադրվել: Այդ պատճառով էլ մարդիկ ում էլ որ ընտրում են, ոչինչ չի փոխվում, որովհետև բոլոր ազգադավ թեկնածուները բուծված են նույն ապազգային համակարգից: Այս համակարգից մեկին ընտրել ու ակնկալել, որ նա ազգանվեր հայրենասեր կլինի, նման է գիշերային ակումբից պարուհի ընտրելուն ու ակնկալելուն, որ նա կույս կլինի: Դրա համար էլ հաճախ քաղաքացիներից լսում ենք, որ ոչ ոքի չեն վստահում ու աջակցում, որովհետև «բոլորը նույնն են», նույնիսկ եթե լավ չեն հասկանում, թե ինչու են բոլորը նույնը: Ենթագիտակցորեն նրանք զգում են, որ այս համակարգը լիովին կոռումպացված է, տեսնում են, որ նրանք պարզապես հիդրայի տարբեր գլուխներն են:
Սա նշան է, որ նեոբոլշևիկյան համակարգը գնալով սպառվում է, քանի որ կրճատվում է կեղծ ընտրություններին մասնակցողների քանակը, հատկապես երիտասարդների շրջանում: Այնքան սպառված ու ներսից փտած է համակարգը, որ գալիք փոթորիկի մեկ քամու հարվածից այն թղթե տնակի պես փլուզվելու է և այլևս չի կարողանալու վերարտադրվել ու խաբել մեր ժողովրդին: Հայ ազգը վաղ թե ուշ ազատվելու է այս չարիքից:
Մեր հայրենակիցների մեծ մասը փորձում է անտեսել այս համակարգը՝ «չզբաղվելով քաղաքականությամբ» և ապրելով իր առօրյա հոգսերով։ Բայց գալու է ժամանակը, երբ բոլորը ստիպված են լինելու զբաղվել քաղաքականությամբ և առերեսվել իրականությանը։ Այդ ժամանակ էլ արդեն հնարավորության պատուհան ու ճանապարհ կբացվի իրական հայրենասեր քաղաքական գործիչների համար, ովքեր առաջնորդվում են ոչ թե փողով, ստերով ու աթոռ զբաղեցնելու նպատակով, այլ ճշմարիտ ու ազգային գաղափարներով, անկոտրում կամքով և փառավոր տեսլականով։
Առհասարակ այսպես կոչված «ժողովրդավարությունը» կամ ժողովրդավարական բռնապետությունը կոռումպացված ու ձախողված համակարգ է, հատկապես այս ժամանակակից դարում, որտեղ մեդիա-բարոն օլիգարխներն են իրենց կամքը թելադրում քաղաքական դաշտին։ Եվ Հայաստանում էլ, ինչպես արդեն նշեցի, վաղուց պետք է պարզ լիներ բոլոր արժանապատիվ հայերին, որ այդ մեդիա-բարոն օլիգարխների ճնշող մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, ենթարկվում են Կրեմլին, և նրանց վարած քաղաքականությունը պետք է համապատասխանի Ռուսաստանի վարած քաղաքականությանը։ Հետևաբար ամեն ինչ անում են, որ մեզ նման համակարգից ամբողջությամբ դուրս անկախ-ազգայնական շարժումը քաղաքական դաշտում երբեք չերևա՝ որպես այս պիղծ նեոբոլշևիկյան համակարգի իրական այլընտրանք։
Կապ չունի, թե թվաքանակով և գումարով որքան մեծ կլինեն Հայաստանի գլխավոր քաղաքական կուսակցությունները և որքան արբանյակներ կունենան, որովհետև նրանք ընդամենը ուռած փուչիկներ են, որոնք պարզապես պայթելու են մեկ ասեղի հպումից։ Որքան էլ այդ կուսակցությունները ձևականորեն խոսեն հայկական ու ազգային գաղափարների մասին, միևնույնն է, այս համակարգի արտադրած բոլոր քաղաքական գործիչների կնքահայրերը եղել են և մնում են նույն հակահայ կերպարները։ Նրանց սրտի մեջ ու հոգու խորքում Մարքսի, Քեմալի, Լենինի և Ստալինի օրինակներն են, ոչ թե Արամ Մանուկյանի, Նժդեհի, Դրաստամատ Կանայանի և Անդրանիկի օրինակները։
Այդ է պատճառը, որ նրանք միայն անունով են հայ, բայց քաղաքականապես՝ ռուս կամ թուրք։ Նրանք կրում են ապազգային աշխարհայացք, քանի որ աշխարհը դիտարկում են աղավաղված ոսպնյակներով։ Նման մարդիկ երբեք չեն կարող հայ ազգի համար պայքարել կամ նրա շահերը պաշտպանել, նույնիսկ եթե իրենց կյանքը կախված լինի դրանից, որովհետև նման բանը նրանց էությանը պարզապես չի համապատասխանում։
Հետևաբար, կարող ենք գալ այն եզրահանգմանը, որ Հայաստանի բոլոր կուսակցությունները գիտակցաբար կամ անգիտակցաբար Հայրենիքի դավաճան են, քանի որ այս նեոբոլշևիկյան համակարգի մասն են կազմում։ Բոլորը հայ ազգի շահերը ծախել են օտար թշնամական ուժերին։ Այդպես է, որովհետև անհնար է Կրեմլի կողմից վերահսկվող այս համակարգի մաս կազմել՝ առանց ծառայելու հակահայկական ուժերին։ Սա, ցավոք, օբյեկտիվ իրականություն է։
Իզուր չենք ասում, որ ամբողջ համակարգը մինչև հիմքը նեխած է, և անհնար է այս համակարգից որևէ դրական բան սպասել։ Բացի հայ ազգին դավաճանելուց ու հայրենիքի մեջքին հարվածելուց՝ այս նեոբոլշևիկյան համակարգի մաս կազմող որևէ կուսակցություն այլ բան անել չի կարող։ Այս շինծու ընտրությունների միակ դրական կողմն այն է, որ այս ժամանակներում ավելի պարզ է դառնում այս դավաճանությունը, և ավելի հեշտ է լինում տեսնել, թե որ դեմքն է թաքնված տարբեր դիմակների հետևում։
Երբ մոտենում են այս կեղծ ընտրությունները, մարդիկ նորից սկսում են հավատալ, որ այս կամ այն թեկնածուն այդքան վատը չէ: Այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ դեմ են եղել բոլորին, սկսում են այս օրերին նորից հույս կապել այս համակարգի հետ: Սա իրականում հուսահատության և ինքնախաբեությամբ զբաղվելու նշան է: Մարդիկ չեն ուզում զգալ, որ անզոր են և ոչինչ չեն կարող անել, և կեղծ ընտրությունները մարդկանց համար ստեղծում են այդ պատրանքը, որ իբր կարող են նույն համակարգի տարբեր դավաճաններին ընտրելով՝ ինչ-որ էական բան փոխել: Բայց երբ ընտրությունները անցնեն, ու այդ պատրանքը վերանա, մարդիկ նորից հիասթափվելու են և հիշելու են մեզ նման ազայնականներին, ովքեր առանց շեղվելու ասել են պարզ ճշմարտությունը:
Շատերը խոսում են փոփոխությունից, բայց իրականում վախենում են դրանից, հատկապես տարեցները։ Այդ է պատճառը, որ իրական փոփոխությունը կարող է առաջանալ միայն նոր սերնդի ազգային երիտասարդությունից։ Մեզ իշխանափոխությունը կամ բարեփոխումները բացարձակ չեն կարող փրկել, ինչպես վերանորոգումը չի կարող փլուզումից փրկել ներսից նեխած տունը։ Պետք է դադարել ինքնախաբեությամբ զբաղվել, և վախը հաղթահարելով ընդունել այս դառը իրականությունը:
Մեր հայրենակիցները պետք է խորապես գիտակցեն հետևյալ պարզ ճշմարտությունը․ ավելի հեշտ է, որ ուղտը ասեղի ծակով անցնի, քան արդար ու ազնիվ մարդ հայտնվի այս համակարգում։ Հետևաբար, միայն այս համակարգից ամբողջությամբ դուրս և այս համակարգին ամբողջությամբ հակադրված նվիրյալ, ազգայնական քաղաքական ուժը կարող է ազգային հեղափոխություն անել և արդարություն հաստատել մեր երկրում՝ Հայաստանը ազատելով գործակալներից ու ձրիակեր դավաճաններից։
Այս ամենը հաշվի առնելով՝ «Հոսանքը» այս իրավիճակում ընտրություններին մասնակցելը սխալ է համարում, քանի որ ինչպես արդեն ասվեց, ամբողջ գործընթացը սկզբից մինչև վերջ վերահսկվում է օտար ուժերի կողմից։ Բացի դրանից՝ մենք նաև չենք ուզում թաթախվել այս աղտոտված ճահճի մեջ և մեր հեղինակությունը վարկաբեկել ու բիծ դնել մեր անվան վրա՝ հանուն մի քանի աթոռ զբաղեցնելու կամ մի քիչ ավելի հայտնի դառնալու։ Սակայն երբ գա մեծ ճգնաժամը և ինքնակործանման գնա նեոբոլշևիկյան այս ամբողջ դավաճանական համակարգը, մեր հայրենակիցները կտենչան կամքով հզոր ու մաքուր ուժի՝ կարգ ու կանոն հաստատելու համար: Այդ ծայրահեղ պայմաններում մենք նոր կմտածենք ընտրություններին մասնակցելու մասին, քանի որ մենք պատրաստ ենք իշխանության գալու համար օգտագործել բոլոր օրինական միջոցները։
Սակայն լինում են մարդիկ, ովքեր ինձ ասում են, որ մեր ոճը և գաղափարները տարբերվում են, ինչը լավ է, բայց նաև «լուրջ» էլ չեն: Սակայն ես այդ մարդկանց միշտ հարցրել եմ, թե նրանց պատկերացմամբ իրականում ո՞րն է «լուրջը», կամ «լուրջ» լինելը ի՞նչ է նշանակում: Երևի նկատի ունեն, որ մեր ոճը, գաղափարներն ու մոտեցումը շատ «ռոմանտիկ», «անիրատեսական» կամ «ծայրահեղական» են, քանի որ ես հաճախ խոսում եմ վճռական պայքարի միջով անցնելու, ոսոխին ջախջախելու, հաղթանակը նորից մերը դարձնելու, փառահեղ ապագա կերտելու և նման այլ բաների մասին ու անընդհատ քարոզում եմ այդ գաղափարները:
Ամեն դեպքում ոչ մեկը չի կարողանում պատասխանել իմ հարցին, թե «լուրջը» կամ «իրատեսականը» ո՞րն է կամ ովքե՞ր են: «Լուրջը» ու «իրատեսականը» նա՞ է, ով հավատում է «խաղաղության» կեղծ օրակարգին և այն մտքին, որ խաղաղություն մուրալով ու պարտվողական հայացքներ ունենալով՝ մենք կարող ենք բարգավաճ ու անվտանգ երկիր կառուցել: Թե՞ նա է «լուրջ» ու «իրատեսական», ով կեղծ խոստումներ է տալիս, հաճախ ստում է կամ ամեն տարի զիջումների գնալով՝ պատեհապաշտորեն կուսակցություն փոխում և հանուն պաշտոնի՝ դավաճանում իր սկզբունքներին: Այսպիսի «լուրջ» ու «իրատես» մարդի՞կ են մեր Հայրենիքին պետք: Սրա՞նք են, ովքեր կարող են ազգային հեղափոխություն անել և ազգային պետություն կերտել: Մենք տեսանք, թե սրանց նման խեղկատակների «լրջությունը» և «իրատեսությունը» այս վերջին 35 տարում մեզ ինչ նսեմացված ու խայտառակ վիճակի են հասցրել:
Տասնամյակներ շարունակ մեր հայրենակիցները, ցավոք սրտի, այսպիսի սրիկաներին են ամեն անգամ տեսել քաղաքական դաշտում և ենթագիտակցորեն նման մարդկանց են ասոցացնում «լրջության» ու «իրատես» լինելու հետ: Աչքներին դա է սովոր: Սակայն երբ տեսնում են սկզբունքային, անկախ, ճշմարտախոս, և իսկապես նվիրված ազգայնական քաղաքական փոքրաթիվ խմբավորում, չեն հասկանում, որովհետև սովոր չեն նման բան տեսնելու: Եվ այն, ինչ մարդիկ միանգամից չեն հասկանում, նաև չեն վստահում և կպիտակավորեն որպես «անլուրջ», «անիրատես», «ծայրահեղական» ու նման այլ անհիմն պիտակներով:
Սա իրականում նորմալ է: Պատմության մեջ բոլոր հեղափոխական շարժումները համեմատաբար կայուն ժամանակներում սկզբում հենց այսպիսին են համարվել հանրության կողմից: Դրանք հասկանալի են դարձել միայն այն ժամանակ, երբ ճգնաժամը մոտեցել է: Եվ մենք՝ որպես հեռատես ազգային հեղափոխականներ, ժամանակից առաջ ենք և գործում ենք այլ հաճախականության վրա: Այդ է պատճառը, որ շատերը մեզ այս պահին չեն հասկանում, բայց երբ ժամանակները փոխվեն և ճակատագիրը մեզ կանչի, շատերը կհամախմբվեն մեր հավերժության դրոշի ներքո, որովհետև մենք մեր ազնվությամբ ու անհողդողդ պայքարով կվաստակենք մեր հայրենակիցների վստահությունը:
Մեր հայացքը չենք սևեռում գալիք կեղծ, ժողովրդին մոլորեցնող և հիասթափեցնող ընտրությունների վրա, այլ հաղթանակի ու հավերժության վրա։ Թող ուրիշները պատրաստվեն կրկեսի համար, մենք կշարունակենք պատրաստվել գալիք փոթորկին, որն անխուսափելի է։ Մենք ամեն տեսակի փորձության տակ ենք դրվելու և պետք է պատրաստ լինենք այդ ամենի միջով անցնելու ու հաղթահարելու բոլոր մարտահրավերները՝ հանուն մեր ազգի միասնության և ապագա ազգային վերածննդի:
Մենք սովորական քաղաքական գործիչներ չենք, մենք նաև հեղափոխականներ ենք և պետք է գործենք որպես այդպիսին՝ հավատարիմ մնալով մեր վեհ գաղափարներին, արժեքներին, նպատակներին, տեսլականին ու առաքելությանը։ Մեզ համար բոլոր օրինական միջոցները հենց դա են՝ միջոցներ՝ իրական հայ ազգային պետություն հաստատելու համար։ Միայն այս ճանապարհային քարտեզով հնարավոր կլինի ապագայում կերտել Նժդեհի երազած Ցեղակրոն Հայաստանը։ Նախկինում ասել ենք ու անընդհատ կրկնելու ենք, մինչև արմատավորվի ամեն արժանապատիվ հայի մտքում. հայ ազգային հեղափոխությունը՝ մեր միա՛կ լուծումը:
- Հայկ Նազարյան
11 Ապրիլի, 2026 թ․