Հայկ Նազարյան - Ճառ #18 - «Հոսանք»-ի Ժողովում (17-01-2026)
03:00:00 17.01.2026
Ճառ #18
Ժողովում
Այս ամիս մենք նշեցինք մեր սպարապետ Գարեգին Նժդեհի ծննդյան 140-ամյակը, ինչպես նաև նրա հիմնադրած Ցեղակրոն ուխտերի 93-ամյակը ընդամենը մի քանի օր առաջ: Մենք հաճախ ներկայանում ենք, որպես այն երիտասարդ ու ազգային քաղաքական շարժումը, որը ոչ միայն քարոզում է Նժդեհի գաղափարները, այլև 21-րդ դարում նորից կյանքի է կոչում դրանք: Իհարկե, եղել են բազմաթիվ կազմակերպություններ, որոնք ներկայացել են Նժդեհի անունով, որպեսզի հեղինակություն ձեռք բերեն և ցույց տան, որ իբր հայրենասեր են կամ ազգայնական, բայց նրանց ճնշող մեծամասնությունը, եթե ոչ բոլորը, ընդհանրապես ոչ մի կապ չեն ունեցել ազգայնականության և հատկապես Նժդեհի գաղափարախոսության հետ:
Ցավոք սրտի, տարիների ընթացքում այդ տարբեր կազմակերպություններ կամ խմբեր արժեզրկել են և շարունակում են արժեզրկել Նժդեհի գաղափարները, քանի որ նրանք այնքան կապ ունեն ցեղակրոնության հետ, որքան մենք կապ ունենք բալետի հետ: Դրա համար կարծում եմ, որ այսօր ճիշտ կլինի՝ մի քիչ խոսեմ Նժդեհի ու նրա պայքարի մասին, որպեսզի բոլորը հասկանան, թե մենք ինչպես ենք այդ ամենը ընկալում, և ինչու մեր պայքարի համար դա շատ կարևոր նշանակություն ունի: Սա նաև մեզ կօգնի հասկանալ ոչ միայն մեր օրերում առաջնորդ ունենալու կարևորությունը, այլև դրա անհրաժեշտությունը:
Վերջին հատկապես 20 տարում շատերս ենք խոսել Նժդեհի մասին և նրա խոսքերը ցիտել, նրա պատվին ելույթներ ունեցել ու կենացներ ասել, և անթիվ գովասանքի խոսքեր արտահայտել նրա հասցեին: Բայց կարծում եմ՝ շատ չնչին տոկոսն է հասկացել Նժդեհի իսկական էությունը և գիտակցել նրա յուրահատկությունը ժամանակակից հայոց պատմության համար: Մեծ մասը իրականում մակերեսային պատկերացում ունի, թե ով էր իրականում Նժդեհը, և նրա կերպարը անընդհատ մեծարելով՝ մարդիկ կարծում են, որ նա կիսաստված կամ գերմարդ է եղել: Բայց զարմանալին հենց այն է, որ նա ընդամենը մարդ է եղել, ով չի կարողացել հրաշքներ գործել՝ անկախ նրանից, որ նա ուներ աստվածային ու գերբնական կամք:
Նա կախարդական փայտիկով սպիտակ ձիու վրա նստած հերոս չէր, ինչպես շատերը պատկերացնում են: Որքան էլ սիրենք, հարգենք ու մեծարենք մեր մարգարե Սպարապետին, պետք է հասկանանք, որ նա օդից չհայտվեց, որ փրկի Սյունիքը և դրանով՝ նաև մեր Հայրենիքը մասնատումից: Նա այդ ամենը արեց ու հաջողության հասավ միմիայն քրտնաջան աշխատանքի, զոհաբերությունների և կազմակերպված, հետևողական պայքարի շնորհիվ: Տարիների ընթացքում նա գյուղից գյուղ էր գնում և հասարակ գյուղացիներին ու բանվորներին զինվոր դարձնում ու համախմբում:
Նժդեհը մեզ ցույց է տվել, թե ինչ է կարող անել արիացի մարդը, երբ նա անկոտրում անհողդողդ կամք և անսասան հավատ է ունենում մեր հաղթանակի նկատմամբ: Սա է հիմնական պատճառը, որ մեզ համար Նժդեհը ոչ միայն հերոս է ու օրինակելի ռազմական ու քաղաքական գործիչ, այլև վեհության չափանիշ, որովհետև նա ոչ միայն մեր Հայրենիքի փրկության սրբագույն գործում չափազանց մեծ դեր է ունեցել, այլև ուրիշ ոչ մի հայ ժամանակակից պատմության մեջ այնքան ավելի շատ չի ծառայել տիեզերական կյանքի ուժին՝ արարչաստեղծ գործընթացին, որքան նա:
Նժդեհը, ի տարբերություն իր ժամանակվա մեր մյուս հերոսների, ոչ միայն ստեղծեց նոր գաղափարախոսություն՝ մեր ազգին բուժելու համար, այլև իր անձնական օրինակով դարձավ այդ գաղափարախոսության մարմնավորումը: Դրա համար նա ոչ միայն ռազմական կերպար էր, այլև բոլորից ավելի շատ՝ գաղափարական, քաղաքական և հոգևոր կերպար: Նա մեզ համար հայ ազգայնականության հիմքը դրեց մեր պատմության ժամանակակից դարաշրջանում, և ինչպես ասացի սկզբում, մեր նպատակն է նրա գործը առաջ տանել՝ նրա պայքարը շարունակելով նոր հազարամյակում՝ կերտելով ցեղային արժեքների վրա հիմնված ազգային պետություն:
Սա է մեր շարժման պատկերացումը Գարեգին Նժդեհի և նրա գործունեության, գաղափարների ու պայքարի մասին, բայց մեր երկրում, ինչպես արդեն ասացի, շատերը կարծես թե այլ պատկերացում ունեն, որովհետև Նժդեհի անունը տալուն զուգահեռ՝ քարոզում են Նժդեհի գաղափարներին լրիվ հակասող գաղափարներ: Արդեն մոտ տասը տարի ապրելով Հայաստանում՝ ամեն տեսակ խելագարություն լսել եմ: Տեսել եմ մարդկանց, ովքեր միաժամանակ իրենց ցեղակրոն են համարել, բայց ջուղաշվիլի Ստալինին են պաշտպանել, Նժդեհի խոսքերն են ցիտել, բայց ռուսամետ կամ սովետամետ են եղել, ազգայնականությունից են խոսել, բայց կոմունիզմի հանդեպ դրական վերաբերմունք են ունեցել , և նման այլ ցնդաբանություններ: Ամեն տարի ավելի շատ էի նկատում նման հակասություններ, և դրա համար կամաց-կամաց հասկանում էի, որ Հայաստանում իրեն նժդեհական կամ ազգային համարողների շատ չնչին տոկոսն է իրապես այդպիսին: Վերջապես հասկացա, որ ճնշող մեծամասնությունը իրականում նեոբոլշևիկներ են՝ ազգային մորթի հագած ու Նժդեհի գիրքը բռնած:
Սրա լավագույն ապացույցը մենք տեսանք երկու տարի առաջ, երբ հավաքվեցինք Նժդեհի արձանի մոտ՝ նշելու համար նրա ծննդյան 138-ամյակը: Արցախը նոր էր ամբողջությամբ հայաթափվել. մեր այդ փոքրաթիվ հավաքի և քայլերթի նպատակն էր ոչ միայն նշել մեր Սպարապետի տարեդարձը, այլև ուղերձ հղել մեր արտաքին թշնամիներին ու հայադավներին, որ Հայաստանում կա իսկական հայ ազգայնական քաղաքական շարժում, որը չի ընդունում նրանց հակահայկական օրակարգը, դեմ է նրանց բռնություններին և չի հանդուրժում նրանց դավաճանությունները։
Դա մի քայլերթ էր, որը ցնցեց ոչ միայն Հայաստանը, այլև ողջ աշխարհը: Այդ ուղերձը կայծակի պես հասավ Բաքու, Անկարա, Մոսկվա և Թել Ավիվ, քանի որ վերջին 30 տարիների ընթացքում ոչ մի ուրիշ քայլերթ նրանց մեջ այնքան սարսափ չէր ներշնչել, որքան մեր քայլերթը։ Այդ ուղերձը ցույց տվեց բոլորին, որ հայ ազգը դեռ կենսունակ է և ծնկի չի գալու։ Ցույց տվեց, որ կա մի ուժ, որը խափանելու է մեր Հայրենիքի դեմ ուղղված նրանց բոլոր սատանայական ծրագրերը:
Սակայն մեր քաղաքական դաշտում և մեդիայում մեծ վայնասուն բարձրացվեց մեր հավաքի ու քայլերթի դեմ, նույնիսկ իրենց «ազգային» կամ «հայրենասեր» համարող բազմաթիվ տհասների կողմից, ինչ է թե՝ Նժդեհի արձանի դիմաց արիական ողջույնն ենք արել ու բացականչել ենք՝ «Մի՛շտ հայ»: Այդ սրիկաները դրա համար մեծ վայնասուն բարձրացրին, բայց մի ծպտուն չհանեցին, երբ մեր հավաքից ընդամենը երկու ամիս հետո, Պուտինի մեծ որմնանկարով մի ռուսոֆիլի կողմից կազմակերպված ակցիա տեղի ունեցավ Սարդարապատ հուշարձանի մոտ: Նրանց համար Նժդեհի արձանի մոտ արիական ողջույն անելը ու «Միշտ հայ» բացականչելը անընդունելի են, իսկ Սարդարապատում Ռուսաստանի Ֆեդերացիայի նախագահին քծնող ակցիան ոչ միայն ընդունելի է, այլև ողջունելի: Սրանից ավելի լավ օրինակ ու ապացույց չեմ կարող մտաբերել, թե որքան ապազգային, հակահայկական ու կոռումպացված է մեր ամբողջ քաղաքական ու մեդիա դաշտը:
Այդ դեպքերից հետո ես շատ պարզ հասկացա ու համոզվեցի, որ Հայաստանի քաղաքական ասպարեզում իրոք մենք ենք միակ ազգայնական քաղաքական շարժումը: Իսկ մեր այն հայրենասեր հայրենակիցները, ովքեր նեոբոլշևիկ չեն, Նժդեհի գաղափարներն ու մտքերը միայն կիրառում են մշակութային ոլորտում, մինչդեռ մենք կիրառում ենք հենց քաղաքական պայքարում, որը շատ ավելի կարևոր ու անհրաժեշտ գործ է: Մեր շարժման բոլոր վերլուծությունները մեր ազգին վերաբերող ամեն ներքին և արտաքին կարևոր հարցի շուրջ արվում են ցեղակրոնի ոսպնյակների միջոցով: Մենք ցանկացած հարցում քաղաքական դիրքորոշում ունենալուց առաջ միշտ ինքներս մեզ հարցնում ենք, թե Նժդեհը ի՞նչ կմտածեր այս հարցի մասին կամ ի՞նչ դիրքորոշում կբռներ այս հարցի դեպքում, որովհետև նման հարցեր տալով՝ մենք կկարողանանք մեր պայքարը առաջ տանել դեպի հաղթանակ: Այդպես ենք մենք շարունակում Նժդեհի հիշատակը վառ պահել և առաջ տանել այս 21-րդ դարում, մինչդեռ կեղծ ազգայնական նեոբոլշևիկները շարունակում են նրա անունը վարկաբեկել ու պղծել:
Նժդեհի գաղափարները քարոզելը այս նոր դարում չափազանց կարևոր է՝ մեր ազգին ճիշտ ճանապարհը ցույց տալու համար, բայց ամեն դեպքում պետք է շեշտենք, որ մարդիկ հետևում են ոչ թե գաղափարներին, այլ այդ գաղափարները մարմնավորող առաջնորդներին: Այդ է պատճառը, որ ամենուրեք կան Նժդեհի արձաններն ու նկարները, բայց ոչ երբեք՝ ցեղակրոն գաղափարախոսությանը նվիրված արձաններ ու նկարներ: Ինչպես արդեն նշել եմ, Նժդեհը այդ գաղափարների մարմնավորումն էր, և առանց նրա՝ գաղափարը մարմնավորող կերպարի, 105 տարի առաջ Լեռնահայաստանում հաջողություններ չէինք ունենա: Նա ցույց տվեց, որ օրհասական ժամանակներում կարևոր և նույնիսկ անհրաժեշտ է ոչ միայն վեհ գաղափարներ քարոզելը, այլև վեհ գաղափարներ մարմնավորող առաջնորդ ունենալը: Նա ապացուցեց, որ գաղափարները առանց այդ գաղափարները առաջ տանող առաջնորդի իրականում արժեք չեն ունենում:
Ով կարծում է, որ առանց ազնիվ, երկաթե կամքով և հաստատակամ առաջնորդի մենք կարող ենք դուրս գալ այս ստոր ու ծանր վիճակից, նա չի ճանաչում մարդկանց հոգեբանությունն ու ոչինչ չի սովորել մարդկության պատմությունից: Ահա այս «խաղաղ» և հարմարավետ ժամանակներում տիրում է կեղծիքը, և հանրության կողմից ավելի ընդունելի են բանավեճերը և «կլոր սեղանները»: Սակայն գալիք մեծ ճգնաժամի ժամանակ մարդիկ մոռանալու են այդ դատարկաբանությունը և փնտրելու են մեկ վճռական ու անզիջող առաջնորդի, քանի որ արթնանալու են նրանց բնական բնազդները: Ինչպես Նժդեհն է ասել՝ «Իսկական առաջնորդը շատ անգամ չի նշանակւում, նա երեւան է գալիս, երբ նրա կարիքն է զգացւում, նա յայտնւում է վտանգի ժամանակ»: Նման վտանգավոր ու ծայրահեղ իրավիճակներում ճշմարտությունը կարողանում է ստի պատրանքը ճեղքել և առաջ շարժվել:
Սակայն խնդիրն այն է, որ Հայաստանի քաղաքական դաշտում բոլորը ձգտում են առաջնորդ լինել ու կարծում են, որ կարող են առաջնորդ լինել՝ չգիտակցելով, որ առաջնորդ լինելու հետ գալիս են չափազանց մեծ պատասխանատվություն ու զոհաբերություն։ Այդ է պատճառը, որ այս հարաբերական կայուն ու խաղաղ ժամանակներում մեծ համախմբում չի լինում մեկ առաջնորդի շուրջ, հատկապես եթե այդ առաջնորդը դեռ երիտասարդ է։ Շատ տղաներ իրենց էգոյի պատճառով չեն հասկանում, որ հետևորդ լինելու մեջ ոչ միայն ոչ մի վատ կամ նսեմացուցիչ բան չկա, այլև՝ լավ առաջնորդ լինելու համար նախ և առաջ պետք է լինել լավ հետևորդ։
Երբ դեռ չէի մտել քաղաքականություն, որպես անհայտ հայրենադարձ՝ Տավուշի դիրքերում պայմանագրային զինվորական ծառայություն էի իրականացնում: Դրանից մի երկու տարի հետո էլ կամավորագրվեցի 2020թ-ի պատերազմին և սկզբից մինչև վերջ ծառայեցի Մարտակերտի առաջնագծում։ Իմ ողջ ծառայության ընթացքում՝ թե՛ խաղաղ, թե՛ պատերազմի ժամանակ, ես իմ հրամանատարների բոլոր հրամանները առանց վարանելու կատարում էի՝ անկախ նրանից, որ դասակի կամ վաշտի հրամանատարը ինձնից տարիքով փոքր են եղել։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում եմ ծնվել, մեծացել, բարձրագույն կրթություն ստացել և 3 տարի համալսարանում դասավանդել, բայց այդ ամենը երբեք պատճառ չի հանդիսացել, որ ինձ իմ հրամանատարներից բարձր դասեմ։ Հերթապահություն չի եղել, որը չեմ կատարել՝ անկախ նրանից, թե որքան վատ եմ զգացել կամ որքան հիվանդ եմ եղել։ Ես բարդույթներ չունեի, քանի որ բանակում ինձ չէի դիտարկում որպես առանձին մարդ, այլ զորքի մի մասնիկ, և եթե այդ զորքը պետք է ճիշտ շարժվի, ապա զորքի բոլոր զինվորները պետք է ճանաչեն իրենց պարտականությունները և պատվով կատարեն դրանք՝ անկախ ամեն ինչից։
Բոլորը ուզում են առաջնորդ լինել, բայց բոլորը չեն ուզում կամ պատրաստ չեն անցնելու առաջնորդի ծանր ու դժվար ուղու միջով։ Բոլորը գահին են ուզում նստել, բայց ոչ մեկը չի ուզում զոհաբերություններով ու քրտնաջան, հետևողական աշխատանքով արժանանալ այդ գահին։ Սակայն միայն այդ ճանապարհով է հնարավոր գահը ծառայեցնել ազգին, հայրենիքին ու պետականությանը։ Հետևաբար առաջնորդ լինելը ինքնակոչ չի լինում։ Առաջնորդ լինելու համար մարդը պետք է նախ և առաջ իր սեփական կյանքի օրինակով ու սեփական անհողդողդ պայքարով ապացուցի, որ իր խոսքերն ու գաղափարները ոչ թե օդ են, այլ հիմնված են հստակ քայլերի ու գործողությունների վրա։
Կործանման շեմին կանգնած ազգը չի կարող գոյատևել անորոշության կամ կիսատ-պռատ քայլերով: Այսպիսի ժամանակներում միայն ազգային առաջնորդը կարող է միավորել ազգին, վերականգնել արժանապատվությունը և ընդունել այն ծանր որոշումները, որոնք անհրաժեշտ են ազգին ոտքին կանգնեցնելու և Հայրենիքը փրկելու համար: Հայրենասիրությամբ և ազգայնականությամբ հիմնված առաջնորդությունը տխրությունը վերածում է հույսի, անտարբերությունը՝ գործողության, քաոսը՝ կարգի և թույլությունը՝ ուժի: Առանց նման առաջնորդի՝ ազգը կշարունակի կործանվել, իսկ նման առաջնորդով ազգը կարող մոխրից վեր կենալ:
Ճակատագրի բերումով մենք նորից կանգնած ենք նույն խնդրի առջև, որի դիմաց մեր Սպարապետն էր կանգնած մոտ հարյուր տարի առաջ: Սյունիքը, ինչպես նաև ողջ Հայաստանի անկախ պետականությունը, կրկին խորտակման եզրին են: Դրա համար առավել քան երբևէ պարտավոր ենք մեր օրերին նոր շունչ տալ Նժդեհի գաղափարներին: Այն, որ Նժդեհի նման մի մարդ ծնվել էր մեր Հայրենիքի օրհասական ժամանակներում, ապացույց էր, որ Հայաստանը դեռ կենսունակ էր։ Մնում է, որ Հայաստանը դարձյալ ցուցաբերի իր կենսունակությունը մեր պատմության այս ամենաօրհասական ժամանակում։
Միայն Նժդեհի վճռական կամքով ու բոցավառ ոգով օրհնված քաղաքական պայքարը կարող է մեր երկիրը մաքրել այս նեոբոլշևիկյան աղետից ու հակահայկական երևույթից, որոնք մեր Հայրենիքը տանում են վերջնական մասնատման, իսկ մեր ազգին` նոր ցեղասպանության: Մենք պետք է կասեցնենք այս ամբողջ ազգակործան գործընթացը: Դրա համար մենք այլընտրանք չունենք. Նժդեհի ուսերի վրա նստելով պետք է շարունակենք նրա գործը՝ հանուն մեր վեհ արժեքների, հանուն մեր պատվի և հանուն մեր ազգի ու սուրբ հողի։
- Հայկ Նազարյան,
17 Հունվարի 2026թ