ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Հայկ Նազարյան - Ճառ #14 - «Հոսանք»-ի Ժողովում - անգլերեն ենթագրերով (04-10-2025)

03:00:00 04.10.2025

Հայկ Նազարյան - Ճառ #14 - «Հոսանք»-ի Ժողովում - անգլերեն ենթագրերով (04-10-2025)

Ճառ #14
Ժողովում

     Մենք հաճախ նշում ու վերլուծում ենք մեր երկրի հետ կապված արտաքին և ներքին խնդիրները, որպեսզի կարողանանք ճիշտ լուծումներ գտնել: Խոսել ենք մանրամասնությունների մասին, սակայն այս անգամ կուզեմ դիտարկել ավելի լայն պատկերը, որպեսզի մեր իրավիճակի մասին ավելի ճիշտ պատկերացումներ ունենանք: Կարծում եմ՝ շատ գիտակից հայերի համար այլևս գաղտնիք չէ, հատկապես 44-օրյա դավադիր պատերազմից հետո, որ մենք՝ հայերս, այս վերջին առնվազն 200 տարում ապրում ենք ռուս-թուրքական վանդակի մեջ: Մենք այդ վանդակի մեջ շարունակում ենք ապրել և կարծես թե չենք կարողանում դուրս գալ, որովհետև մի մեծ սուտ է շարունակվում տարածվել: Այդ սուտը տարեցտարի մեզ օտար ուժերից ավելի կախված է պահում և մեզ ընդհանրապես ավելի ստրկամիտ դարձնում: Այդ սուտը, կարճ ասած, այն է, որ մենք՝ հայերս, առանց Ռուսաստանի չենք կարող մեր անվտանգությունը ապահովել և պաշտպանվել թուրքերից: Տեսնելով մեր դիրքը աշխարհաքաղաքական բեմում`առաջին հայացքից շատերի համար դա գուցե տրամաբանական թվա, քանի որ Հայաստանը շրջապատված է թուրքերով՝ թշնամիներով, ովքեր հայի արյան ծարավ են: Սակայն, դա ոչ միայն տրամաբանական չէ, այլև ճշմարտությանը ամբողջությամբ հակասում է:
Իհարկե, այս ստից բխում է այն կեղծ գաղափարը, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է եղել ու շարունակում է մնալ: Մի պահ եղել է իմ կյանքում, 44-օրյա դավադիր պատերազմից առաջ, որ ես էլ էի հավատում դրան: Կասկածներ ունեի Կրեմլի նկատմամբ, որովհետև գիտեի, որ ջհուդները դեռ մեծ ազդեցություն ունեն ռուսական մեդիայի և ֆինանսի վրա: Ակնհայտ փաստ է, որ Ռուսաստանի միլիարդատերերի մեկ քառորդը ջհուդ է, և սա ընդամենը պաշտոնական թիվն է: Վաղուց գիտեի նաև, որ կոմունիզմը ստեղծել է ջհուդ Կարլ Մարքսը, և բոլշևիկյան հեղափոխությունը ղեկավարում էին ջհուդները և այն ֆինանսավորվում էր Վալ Սթրիթի կապիտալիստ ջհուդների կողմից: Խորհրդային Միության ժամանակաշրջանում բարձր պաշտոնյաների մեծ մասը եղել են ջհուդներ: Այս բոլոր փաստերը հաշվի առնելով՝ դժվար կլինի չընդունել այն իրողությունը, որ ջհուդները դեռ շատ մեծ ազդեցություն ունեն նաև հետսովետական Ռուսաստանի վրա:
Միշտ դեմ եմ եղել Խորհրդային Միությանը ու կոմունիզմին, բայց նույնիսկ այս փաստերը իմանալով, միամտորեն կարծում էի, որ հնարավոր կլինի Ռուսաստանի հետ դաշինք կնքել Ադրբեջանի, և ապագայում նաև՝ Թուրքիայի դեմ: Կարծում էի, որ այսօրվա Ռուսաստանը Սովետի շարունակությունը չէ, բայց հետո հասկացա, որ ներկայիս Ռուսական Դաշնությունը ոչ միայն Խորհրդային Միության շարունակությունն է, այլև այն, որ Խորհրդային Միությունը մեծամասամբ Ցարական Ռուսաստանի շարունակությունն էր: Ինձ համար պարզ դարձավ, որ ռուսական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ էապես չի փոխվել հենց ամենասկզբից, երբ ռուսական կայսրությունը իր ճանկերը խրեց մեր տարածաշրջանի մեջ: Տեսա, որ ռուսների ու ջհուդների քաղաքականությունը Հայաստանի դեմ համընկնում են: Իրականում նրանց վերաբերմունքը հայոց պետականության հանդեպ հետզհետե վատթարացավ, և դրա պարզ ապացույցն այն է, որ մեր տարածաշրջանում Ռուսաստանի ներխուժումից հետո մեր այն պատմական տարածքները, որտեղ բնակվում էին հայեր, աստիճանաբար փոքրացան:
Մի քիչ էլ խորանալուց հետո հասկացա, որ Մեծ Հայքի կերտումը հակասում է ոչ միայն թուրքական ու սիոնիստական շահերին, այլև`ռուսականին: Կրեմլը գիտի, որ մենք ենք իսկական տերը այս տարածաշրջանի, և մեծ հայկական պետության հաստատումը միայն խոչընդոտ կլինի նրա կայսերական նկրտումների հանդեպ: Իրականում ոչ մի կայսրություն էլ չի ցանկանա, որ իր սահմանին՝ իր քթի տակ, լինի հզոր ազգային պետություն, որը կարող է սպառնալիք հանդիսանալ նրա ազդեցությանը:
Այդ է պատճառը, որ Ռուսաստանը մեզ գրեթե միշտ դավելով՝ թիկունքից հարվածել է, երբ մենք թուրքերի դեմ ազատագրական պատերազմ ենք մղել, անկախ նրանից, որ 1921թ.-ի Լենին-Քեմալ պայմանագիրը կնքելուց առաջ նրանք իրար դեմ պատերազմել են 13 անգամ:
Իրականում մեզ՝ հայերիս համար, առանձնապես նշանակություն չունի, թե որքան կսրվեն թուրքերի, ռուսների և սիոնիստների միջև հարաբերությունները, կամ որքան իրար դեմ կպատերազմեն ու իրար կկոտորեն, քանի որ նրանք կրկին կհամախմբվեն ու դաշինք կկնքեն մեր անկախ պետականության դեմ, երբ տեսնեն, որ Հայաստանը փորձում է նորից ոտքի կանգնել և ուժային գործոն դառնալ այս տարածաշրջանում:
Պետք է դադարենք ամեն ինչ մակերեսորեն դիտարկել և կարծել, թե Ռուսաստանի նման 300 տարվա կայսրությունը կարող է փոխել իր հիմնարար դիրքորոշումը միայն այն բանի համար, որ, օրինակ, Ադրբեջանում ձերբակալվում են հանցագործ ռուս քաղաքացիները: Դա պարզապես զավեշտալի է: Նույնիսկ ամենահաշտ բարեկամները կամ ամուսինները երբեմն վեճեր են ունենում:
Ռուսաստանի նման պետությունները այդպիսի պարզունակ ու միաչափ մոտեցում չեն ցուցաբերում աշխարհաքաղաքականության հանդեպ: Նման դեպքերով միայն մեզ նման քաղաքականապես պարզամիտ ու դարերով անկախ պետականություն չունեցող ժողովուրդներին կարող են խաբել:
Ռուս, թուրք և սիոնիստական չարաբաստիկ ուժերին միշտ համախմբել է և միշտ էլ կհամախմբի հակահայկականությունը, և սա չպետք է մոռանալ, քանի որ նրանցից ոչ մեկին ձեռնտու չէ, որ այս տարածաշրջանում կերտվի իրապես ինքնիշխան ու անկախ Հայաստան: Եկեք դադարենք սին հույսերով ապրել՝ կարծելով, թե նրանց միջև վեճերից Հայաստանը կարող է մեծ ու երկարատև օգուտ քաղել:
Եկեք առերեսվենք իրականությանը և գիտակցենք, որ միայն մեր սեփական ուժերի վրա հենվելով և վճռական պայքարին պատրաստվելով՝ կարող ենք դիմադրել այս գիշատիչներին: Որքան էլ փորձենք անտեսել այս ճշմարտությունը, միևնույնն է, ստիպված ենք լինելու գնալ այդ պայքարին, ինչպես մեր ազատամարտիկները գնացին մոտ 35 տարի առաջ: Որքան շուտ սա գիտակցենք, այնքան ավելի լավ կկարողանանք դիմակայել գալիք փոթորիկին:
Ուղղակի շատ հետաքրքիր ու հեգնական է, որ որքան շատ են ռուսները մեզ դավում, այնքան ավելի շատ է մեր հայրենակիցների մի հատվածի մոտ ամրապնդվում այն նույն տեսակետը, որ ռուսները մեր դաշնակիցն են ու առանց ռուսների թուրքերը մեզ կոչնչացնեն: Հեգնական է, որովհետև հենց ռուսների վարած քաղաքականության պատճառով է տարածվել այն ողորմելի, ստրկամիտ, ու հայտնի ասույթը՝ «կամ ռուսի սապոկը, կամ թուրքի յաթաղանը»: Սակայն, իրականությունն այն է, որ ռուսի սապոկին դիմելով՝ մենք ավելի ենք մոտեցել թուրքի յաթաղանին:
Մեր շարժման դիրքորոշումը այս հարցում, որը պետք է լինի ամեն հայ ազգայնականի դիրքորոշումը, շատ պարզ է. «ո՛չ թուրքի արյունոտ յաթաղանը, ո՛չ էլ ռուսի կեղտոտ սապոկը, միա՛յն անկախ, միացյալ ու հզոր Հայաստանը»: Ոմանք, կամ նույնիսկ շատերը գուցե կկարծեն, որ այս դիրքորոշումը «անիրատեսական» է և «ռոմանտիկ»: Բայց մենք տեսանք, թե վերջին 30 տարում դավաճան նեոբոլշևիկների ու Նոյեմբերյան հանցագործների «իրատես» ու «պրագմատիկ» մոտեցումները մեզ ինչ օրին հասցրին: Տեսանք, թե նրանց պարտվողական ու ապազգային դիրքորոշումը մեզ հաղթական դիրքից ինչ խայտառակ ու նսեմացուցիչ վիճակի հասցրեց:  Մեր ազատամարտիկները, ովքեր 34 տարի առաջ իրենց պայքարով ու զոհաբերություններով ազատագրեցին Արցախը, այսօր անկասկած կունենային մեր պաշտպանած միակ ազգային ու հայամետ դիրքորոշումը։ Իրականում մեր ասածը ամենաիրական ու ողջամիտ դիրքորոշումն է մի փոքրաթիվ ազգի համար, որն ուզում է պահպանել ու զարգացնել իր անկախ պետականությունը այս անգութ աշխարհում:
Այս ամենը սկսեցի կամաց-կամաց լավ գիտակցել պատերազմից վերադառնալուց ամիսներ անց, և հատկապես՝ 2021թ.-ի խայտառակ ընտրություններից հետո: Ինձ համար շատ պարզ դարձավ, որ «ռուսները մեր ռազմավարական դաշնակիցն են» և «առանց ռուսների թուրքերը մեզ կոչնչացնեն» ասածները մեծ ստեր են, որոնք այս վերջին 200 տարիներին մեզ շղթայված են պահում ռուս-թուրքական վանդակին: Այդ ռուս-թուրքական դաշինքը կամ համագործակցությունը ամեն ինչ անում է, որ հայոց ազատատենչ արծիվը շարունակի մնալ այդ վանդակի մեջ՝ չթողնելով թևերը բացել, դուրս գալ և ազատվել այդ ստրկական վիճակից:
Երբ մենք ուշադիր նայում ենք մեր վերջին 100 տարվա պատմությանը, մի հետաքրքիր ու շատ կարևոր օրինաչափություն ենք տեսնում: Տեսնում ենք, որ մենք մեր անկախության համար պայքարել և հաղթել ենք այն ժամանակ, երբ ռուսական գործոնը շատ ակտիվ չի եղել, կամ ընդհանրապես չի եղել և պարտվել ենք, երբ այն բավականին ակտիվ է եղել, կամ գլխավոր դեր է խաղացել:
Օրինակ՝ 1918թ.-ի մայիսին մեր մղած հերոսամարտերում մենք հաղթանակներ արձանագրեցինք, և այդ ժամանակ Ռուսաստանը շատ խառը վիճակում էր, քանի որ դրանից մի տարի առաջ տապալվել էր Ցարական Ռուսաստանը և իշխանության եկան բոլշևիկները: Իսկ դրանից երկու տարի հետո՝ 1920թ.-ի աշնանը, քեմալական զորքերի դեմ մեր անկախության համար մղած պատերազմում մենք պարտվեցինք, քանի որ այդ ճակատում մեր բանակում գործում էին Ռուսաստանի ռազմական ակադեմիաները ավարտած հայ սպաներ, ովքեր կամ ուղիղ Ռուսաստանի գործակալներ էին, կամ՝ ուղղակի ազդեցության գործակալներ: Չմոռանանք նաև, որ բոլշևիկյան Ռուսաստանն էր հենց ֆինանսավորել ու զինել քեմալիստներին՝ ընդդեմ Հայաստանի: Եթե Նժդեհը չլիներ Սյունիքում ու հակաբոլշևիկյան պատերազմ չմղեր հանցավոր Կարմիր բանակի դեմ, ապա Արևելահայաստանը նույն ճակատագրին կարժանանար, ինչ Արևմտյան Հայաստանը:
Այդ դեպքերից մոտ յոթանասուն տարի անց սկսվեց Արցախյան ազատագրական պատերազմը, և այն մենք հաջողությամբ ավարտեցինք 1994թ.-ի մայիսի 12-ին, որովհետև Խորհրդային Միությունը նոր էր կործանվել՝ Ռուսաստանին թողնելով շատ ծանր վիճակում: Հենց դրա շնորհիվ մենք կարողացանք շունչ քաշել և նորից հաղթանակ տանել, բայց, ցավոք, այդ հաղթանակը չամրագրեցինք թղթի վրա Հայաստանում գործող դավաճան նեոբոլշևիկների պատճառով:
Սակայն, դրանից 26 տարի անց մենք դավադրաբար պարտվեցինք 2020թ.-ի այսպես կոչված 44-օրյա պատերազմում, քանի որ հատկապես վերջին 25 տարում Ռուսաստանի դիրքերը նորից ամրապնդվել էին այս տարածաշրջանում, ինչպես եղել էր 1920 թվականին: Հարկավոր է շեշտել, որ առանց Ռուսաստանի թույլտվության և նույնիսկ աջակցության՝ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան Ադրբեջանի հետ միասին չէր կարող Արցախում նման ռազմական գործողություն անել, և սա հարյուր տոկոսով փաստ է: Ով սա չի ընդունում՝ ուղղակի կտրված է իրականությունից:
Հետևաբար, կարող ենք գալ հետևյալ եզրահանգմանը. երբ ռուսական գործոնը չկա և մենք պայքարում ենք ազատագրական ոգով, մենք կարողանում ենք հաղթել թուրքերին, իսկ, երբ այն առկա է և մեր բանակում պակաս է այդ ազատագրական ոգին ու գործում են մեծամասամբ ռուսամետ քաղաքական գործիչներ, գեներալիտետ և կեղծ ընդդիմություն, մենք խայտառակորեն պարտվում ենք: Այդպիսի աղետալի արդյունք ենք ունենում, որովհետև Կրեմլի ու Հայաստանում նրա հետ համագործակցողների կողմից մեր մեջքին նենգորեն դանակ է խրվում, որից հետո ռուսական զորքերը միշտ գալիս են որպես «փրկիչներ» և «խաղաղություն հաստատողներ»:
Թող այս փաստը հիշեն նրանք, ովքեր շարունակում են պնդել, որ առանց Ռուսաստանի մենք չենք կարող թուրքերի դեմ կռվել ու հաղթել, քանի որ պատմությունը և իրականությունը մեզ լրիվ հակառակն են ցույց տալիս:
Սակայն, ողջունելի է, որ 2020թ.-ի պատերազմից հետո շատերը սկսեցին տեսնել այս իրականությունը և այլևս չվստահել ու իրենց անվտանգության համար հույսները չդնել Ռուսաստանի վրա: Կարծես այս հարցում սկսվել է բևեռացում, որտեղ մի մասը հասկանում է այս ճշմարտությունը, իսկ մյուս մասը շարունակում է կույր մնալ: Ամեն դեպքում կարևորն այն է, որ երիտասարդության մեծ մասը այլևս չի խաբվում ռուսական պրոպագանդայով, և սա լավ ցուցանիշ է, որ ռուս-թուրքական վանդակը սկսում է ճաքճքել:
Օրըստօրե ակնհայտ է դառնում բոլոր գիտակից հայերին, որ մեր պետությունը կանգնած է անվտանգության, քաղաքական և տնտեսական համընդհանուր փլուզման և մեր անկախության վերջնական կորստի եզրին, և սա, բնականաբար, մտահոգում է յուրաքանչյուր արժանապատիվ հային, ով չի ապրում միայն երգելու, պարելու ու լափելու համար: Սակայն, եթե մի քիչ խորանանք՝ կտեսնենք, որ գալիք տնտեսական, հասարակական և քաղաքական փլուզումը ոչ միայն Հայաստանում է լինելու, այլև՝ ամբողջ աշխարհում, ինչպես եղավ 1929թ.-ի Մեծ ճգնաժամի ժամանակ: Այս անգամ դա ավելի մեծ է լինելու, քանի որ աշխարհը հիմա ավելի կապված է իրար հետ, քան երբևէ: Այսպես թե այնպես, գալիք Մեծ ճգնաժամը անխուսափելի է, որովհետև ժամանակակից աշխարհի փչացած համակարգը կառուցված է նեոբոլշևիկյան, լիբերալ-դեմոկրատական և կապիտալիստական կեղծ ու կործանարար սկզբունքների վրա: Միայն բնական է, որ այն կկործանվի իր իսկ ստերի ծանրության տակ, ինչպես բազմիցս շեշտել ենք:
Սա նշանակում է, որ բոլոր գերտերությունները անկում են ապրելու, սակայն մեզ՝ հայերիս, ամենաշատը հետաքրքրում է Ռուսաստանի փլուզումը, քանի որ մինչև դա չլինի, մենք չենք կարողանա լուրջ, ազգանպաստ ու արմատական փոփոխություններ անել Հայաստանում և իրական ազգային պետություն կերտել:
Ինչպես արդեն ասացի, 1917թ.-ին, երբ Ցարական Ռուսաստանը կործանվեց, մենք ձեռք բերեցինք մեր Առաջին հանրապետությունը: Յոթանասուն տարի անց՝ 1991թ.-ին, Սովետը կործանվեց, և մենք դրա շնորհիվ վերականգնեցինք այդ անկախությունը և ազատագրեցինք Արցախը, բայց, ցավոք, կիսատ մնաց գործը, քանի որ Ռուսաստանը բավականին արագ վերականգնվեց:
Սակայն ասվում է, որ Արարիչը երրորդություն է սիրում, հետևաբար՝ թող Ռուսական Ֆեդերացիայի գալիք փլուզումը երրորդը և վերջնականը լինի, որպեսզի մենք ազգովի հնարավորություն ունենանք դուրս գալ ռուս-թուրքական ողորմելի վանդակից, որը շարունակում է մեզ ստրկական վիճակում պահել: Կասկած չունեմ, որ ներկայիս աշխարհակարգի և դրա հետ մեկտեղ Ռուսական կայսրության վերջնական փլուզումը լինելու է շուտով. դա ուղղակի ժամանակի հարց է: Ովքեր կասկածում են դրա վրա՝ թող հիշեն, որ ոչ ոք, նույնիսկ իրենց ամենավառ երևակայությամբ երբեք չէր պատկերացնի Խորհրդային Միության կործանումը հենց իր կյանքի ժամանակ:
Հուսանք, որ ինչպես Սովետական պատերազմը Աֆղանստանի դեմ ներսից քայքայեց Կրեմլի ռեսուրսները և վերջում բերեց Խորհրդային Միության կործանմանը, այնպես էլ ռուս-ուկրաինական պատերազմը նույն բանը կանի Ռուսաստանի Դաշնությանը, որպեսզի մենք կարողանանք նորից ոտքի կանգնել և առանց խոչընդոտների պատերազմել ահաբեկչական պետություն Ադրբեջանի դեմ, ինչպես արեցինք 1990-ականներին, թեպետ այն ժամանակ էլի խոչընդոտներ կային Մոսկվայի կողմից: Մեր անկախության պայքարի համար սա չափազանց կարևոր է, որովհետև դա կլինի մեր վերջին հնարավորությունը ռուս-թուրքական վանդակից դուրս գալու և մաքուր հայկական պետություն հիմնադրելու համար:
Մեզ շատ դժվար օրեր են սպասվում, բայց նույնիսկ այս դժվար օրերին պետք է կարողանանք տեսնել դրական կողմերը և հնարավորության պատուհանը, որպեսզի քաոսային ժամանակները ճիշտ օգտագործենք՝ մեր Հայրենիքի օգտին: Եթե մենք ողջամիտ մնանք, մեր հույսերը չկորցնենք և միշտ պատրաստ լինենք ամեն գնով պայքարել մեր անկախ պետականության համար, ապա միայն այդ դեպքում ամեն ինչ լավ կլինի: Միայն այդ ժամանակ մենք նորից կկարողանանք մեր երկիրը ճիշտ ուղու վրա դնել՝ վերջապես իրականացնելով մեր պատմական սուրբ առաքելությունը:

-
Հայկ Նազարյան
      04 Հոկտեմբերի 2025

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։