03:00:00 11.01.2025
URL: https://hosank.net/storage/gallery/1740074896.jpg
Գիտեմ, որ ես հավանաբար շատերի մոտ թողնել եմ «ծայրահեղական» գաղափարներ կրողների տպավորություն և իմ մեջ կա չափազանց շատ ագրեսիա, բայց կարծում եմ, որ դա լիովին թյուրիմացություն է: Այո՝ իմ մեջ կայացած են ազգային շատ տարբեր տեսակի գաղափարներ և այո՝ 2020թ-ի Նոյեմբերի 9-ից հետո իմ մեջ արդարացիորեն շատ է կուտակվել ատելություն մեր բոլոր թշնամիների և նրանց հետ համագործակցողների հանդեպ, դա չեմ հերքի, բայց ես ամենևին «ծայրահեղական» չեմ, ինչպես որոշ ուժեր փորձում են ինձ բնութագրել: Իրականությունն այն է, որ բավականին սթափ մտածողություն ունեցող ու ողջամիտ մարդ եմ, ով ապրում է ծայրահեղական ժամանակներում: Ինձ համար ծայրահեղականը այն է, որ 44-օրվա մեջ մեր ազատամարտիկների արյամբ ազատագրված Արցախը դավաճանաբար ամբողջությամբ կորցրինք, ինձ համար ծայրահեղականը այն է, որ Բաքվի բռնապետը հոխորտալով խոսում է Հայաստանը քարտեզի վրայից վերացնելու մասին՝ վերածելով այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»: Այո՝ գուցե մեկ-մեկ եղել է զայրույթի պոռթկումներ, ինչպես եղավ անցյալ տարի Հունվարի մեկին մեր առաջին հանրահավաքի ժամանակ, բայց նույնիսկ այդ ժամանակ իմ ասածները շատ ավելի չափավոր են եղել, քան բազմաթիվ այլ քաղաքական գործիչների ասածներին: Տեսնելով ինչ է կատարվում մեր Հայրենիքին ու անկախությանը, ո՞ր մի նվիրյալ հայրենասերը կարող է հանգիստ մնալ նման իրավիճակներում, ո՞վ կարող է բարկացած չլինի մեր թշնամիների հանդեպ, ովքեր ուզում են մեզնից խլել այն ամենը, որը մենք պաշտում ենք: Շատերը չեն կարողանում տանել ներկայիս վիճակը հանդուրժել և դրա համար ուղղակի ջայլամի պես են ապրում, բայց ես որոշել եմ այդ ամբողջ կուտակված էներգիան ուղղել կառուցողական նպատակների համար, քանի որ նման էներգիան ուղղակի վատնելը պարզապես ափսոս կլինի: Հետևաբար կրկին ուզում եմ շեշտել, որ մեր շարժումը ամենևին «ծայրահեղական» չէ, այլ պարզապես ուզում ողջամտություն և կարգ ու կանոն հաստատել՝ Հոսանք ստեղծելով այս ծայրահեղական ու քաոսային ժամանակներում:
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։