ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Երբ «Հոսանք»-ի ժողովների ժամանակ իմ տված ճառերի տեսանյութերը...

06:20:00 06.02.2026

Երբ «Հոսանք»-ի ժողովների ժամանակ իմ տված ճառերի տեսանյութերը...

Երբ «Հոսանք»-ի ժողովների ժամանակ իմ տված ճառերի տեսանյութերը տեղադրում եմ, երբեմն լինում են մարդիկ, որոնք կարծում են, թե դատարկ լսարանի առաջ եմ խոսում։ Իրականում, ամիսը երկու անգամ կազմակերպվող մեր ժողովներին սովորաբար ներկա են լինում 5–15 հոգի (երբեմն նաև ավելի շատ)՝ մի մասը անդամներ, մի մասը՝ աջակիցներ ու համակիրներ։ Սա լիովին նորմալ եմ համարում այս հետպատերազմյան տարիներին, երբ մարդիկ հիասթափված, անտարբեր ու հուսահատված են և շարունակում են ապրել ջայլամի պես՝ ինքն իրենց համոզելով, թե իբր «ամեն ինչ լավ է լինելու», ինչպես սիրում է կրկնել կեղծ ու դավաճանական «ընդդիմությունը»։

Սակայն մենք գիտենք, որ այս վիճակը հավերժ չի լինելու։ Գալու է բռնկման պահը։ Այդ պատճառով այս «անապատային տարիներին» ես չեմ էլ ակնկալում մեծ լսարան ունենալ, և մենք չենք էլ փորձում ժողովրդի մեծամասնությանը ներգրավել, որովհետև դա իրատեսական չէ, և մենք այս պահին դրա համար նույնիսկ համապատասխան ռեսուրսներ չունենք։ Մենք ունենք փառահեղ տեսլական մեր ազգի ու հայրենիքի ապագայի վերաբերյալ, բայց միևնույն ժամանակ մնում ենք ողջամիտ և չենք զբաղվում ինքնախաբեությամբ։ Այս փուլում մեր հիմնական գործը գաղափարական կորիզի կառուցումն ու ամրապնդումն է՝ պինդ արմատներ աճեցնելը, որպեսզի գալիք մեծ ճգնաժամի պահին մեր աննախադեպ աճը դառնա անխուսափելի։ Կարճ ասած՝ այս պասիվ տարիներին հեղափոխական շարժումները պետք է պատրաստվեն և կենտրոնանան որակի վրա, քանի որ ակտիվ տարիներին քանակը ինքնըստինքյան կհետևի։ Ուղղակի մեր հասարակության ճնշող մեծամասնությունը շատ կարճատես է և չի կարողանում իր քթից հեռուն տեսնել, ինչի պատճառով այս պահին շատերը մեզ չեն հասկանում:

Ես պարզապես ուզում եմ լինել թափանցիկ և ձեզ ներկայացնել, թե ինչ թեմաների շուրջ են ընթանում մեր ժողովների քննարկումները։ Ես և մի քանի անդամների ճառերից հետո քննարկումներ ենք ունենում, և հնարավոր է՝ մի օր դրանք էլ հրապարակենք։ Պարզապես այս պահին միշտ չեմ ցուցադրում բոլորի դեմքերը, որովհետև դրա անհրաժեշտությունը չեմ տեսնում, հատկապես հաշվի առնելով, որ ՖՍԲ-ն մեզ ուշադիր հետևում է։

Ամեն դեպքում պատմությունը մեզ սովորեցրել է, որ բոլոր մեծ հեղափոխությունները ունեցել են հռետորներ, և իրական հեղափոխություն հնարավոր չէ պատկերացնել առանց հռետորության։ Իրականում փոքրաթիվ լսարանի առաջ ճառ ասելը հաճախ ավելի դժվար է, քան հազարավորների առջև, բայց ինձ համար դա էական տարբերություն չունի, որովհետև այս համացանցային դարում ես գիտեմ՝ մարդ միշտ էլ աշխարհի առաջ է խոսում։

Կասկած չունեմ, որ գալու է այն օրը, երբ փոքրաթիվ մարդկանց փոխարեն խոսելու եմ հազարավորների դիմաց։ Հենց դրա համար էլ ես իմ ամբողջ քաղաքական ճանապարհը (և նույնիսկ դրանից առաջ եղածը) բաց ու անկեղծ ներկայացնում եմ բոլորին՝ լավն ու վատը, իր բոլոր հաջողություններով, դժվարություններով ու հիասթափություններով, որպեսզի այդ օրը, երբ գա, ոչ ոք չասի. «Այս տղեն ո՞նց օդից հայտնվեց»...

Ձևավորվում ենք ստվերում, կոփվում ենք պայքարով և կանչվում ենք ճակատագրի կողմից: 

#Այս_Անգամ_Աշխարհը


Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։