ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Երբ մեկի հետ նոր եմ ծանոթանում և ինձ հարցնում են թե...

12:03:00 15.08.2025

Երբ մեկի հետ նոր եմ ծանոթանում և ինձ հարցնում են թե...

Երբ մեկի հետ նոր եմ ծանոթանում և ինձ հարցնում են թե ինչո՞վ եմ զբաղվում, պատասխանում եմ՝ քաղաքականությամբ: Այնուհետև ինձ սովորաբար հարցնում են, թե ո՞ր կողմն եմ և ում եմ դեմ, և ես միշտ պատասխանում եմ՝ հայկական կողմն եմ և այս ամբողջ հակահայկական համակարգի դեմ: Սա է միակ ճիշտ պատասխանը հայ ազգայնական քաղաքական գործչի համար: Միայն ներկայիս ազգադավ իշխանության դեմ լինելը ամենևին բավական չէ, քանի որ խորհրդարանական ընդդիմության և արտախորհրդարանական ընդդիմության ճնշող մեծամասնությունը էապես չեն տարբերվում իրարից: Սա այն դառը իրականությունն է, որը շատ հայեր չեն ուզում ընդունել: Մարդիկ դեռ սին հույսեր ունեն այսպես կոչված «Երրորդ հանրապետության» հանդեպ՝ չգիտակցելով, որ այն ընդամենը հետսովետական կիսաանկախ պետությունն է, որը մինչև արմատները փտած է, քանի որ ամենասկզբից սխալ հիմքերի վրա է կառուցվել: Շատերը՝ հատկապես տարեցները, չափից շատ հուսահատ ու ցինիկ են դարձել, դրա համար երբեք չեն կարող նոր մի բան ընդունել, երբեք չեն կարող իրենց քթից հեռու տեսնել։ Ավելի լավ է կառչած մնան ներսից փտած ու կործանվող նավից, քան ցատկեն նոր, բայց ճիշտ ուղով գնացող նավի մեջ:

Իրական անկախ հայ ազգային քաղաքական գործիչն այլ ճար ու ճանապարհ չունի, բացի այլախոհ լինել այս ողջ ապազգային ու քաղաքական համակարգի: Առանց որևէ կասկածի վստահ եմ, որ այս համակարգը դատապարտված է ինքնակործանման, և այդ է պատճառը, որ ես շատ էներգիա չեմ ծախսում այս համակարգի դեմ պայքարելու համար, քանի որ դա նման կլինի հարձակվել փտած շենքի վրա, որը մի քանի օրից ինքն իրեն կփլուզվի: Դրա փոխարեն ես իմ էներգիան խնայելով, հետևողականորեն ու հաստատակամորեն փորձում եմ ստեղծել մի բան՝ պատրաստվելով գալիք ճգնաժամի ու փլուզման, որպեսզի կարողանանք այդ քանդված հին համակարգի մոխիրների վրա կառուցել լիովին նոր մի պետություն, որն ապագա անկախ, միացյալ ու հզոր Հայաստանի հիմքը կլինի: Սոկրատեսը հենց սա նկատի ուներ, երբ ասում էր՝ «Փոփոխության գաղտնիքն այն է, որ քո ամբողջ ուժը կենտրոնացնես ոչ թե հնի դեմ պայքարելու, այլ նորը կառուցելու վրա»:

Նման ռազմավարություն մշակելու համար պետք է ունենալ անկոտրում կամք, հեռատեսություն և հաստատակամություն, բայց նման բաները զուրկ են բնակչության մեծ մասի մոտ, դրա համար երբեք չեն հասկանա այս երկարատև ռազմավարությունը: Նման մտքեր չեն հասկանում, դրա համար երբեք չեն կարող հասկանալ նման ճանապարհի միջով անցնող քաղաքական գործիչներին, բայց պատմությունը հաճախ ցույց է տվել, որ միայն այդ ճանապարհն է իրականում տվել երկարատև ու դրական արդյունք:

Հետևաբար, մինչդեռ շատերը խառնվում են իրար և փորձում են անհամբեր երեխայի պես արագ «գործ անել», որպեսզի արագ մի արդյունք տեսնեն, ավելի ողջամիտ ու իմաստուն հայերը պարտավոր են անցնել ավելի խելամիտ, երկար, տաժանակիր, բայց նաև ամենապատվաբեր ճանապարհը, եթե իսկապես ուզում ենք փրկել մեր երկիրը այլ ոչ թե ընդամենը ինքնահաստատմամբ զբաղվել: 

Սա է արժանապատիվ հայի միակ քաղաքական ստրատեգիանն ու ճանապարհը:

Եկեք միասին կառուցենք այն շարժումը, որն ապագայում կարող է դառնալ հայ ազգային պետության հենասյունը: 

Անդամագրվի՛ր կամ աջակցող դարձի՛ր՝ hosank.net/am/join-hosank 


Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։