07:45:00 18.08.2026
Երբ անընդհատ գրառումներով, տեսանյութերով ու հավաքներով քարոզում եմ մեր շարժման գաղափարները և փորձում մեր հասարակությանը ներկայացնել մեր երկրին սպառնացող արտաքին և հատկապես ներքին բուն խնդիրները, շատերը կգրեն կամ կասեն՝ «Հա՛, լավ, հասկացանք, լուծումը ո՞րն է»։ Երբ նման բան եմ կարդում կամ լսում, միանգամից հասկանում եմ, որ այդ մարդկանց մեծ մասը իրականում չի հասկացել խնդիրները, որովհետև եթե իսկապես հասկանար ու խորապես գիտակցեր խնդիրը, լուծումն արդեն պարզ կլիներ։ Խնդիրը լավ հասկանալով՝ արդեն միանգամից պարզ է դառնում նաև լուծումը։ Օրինակ՝ երբ մեկը մաթեմատիկայի կամ ֆիզիկայի մի խնդիր լավ է հասկանում, նա արդեն խնդրի կեսը լուծում է, որովհետև արդեն պարզ գիտի՝ ինչ պետք է անի և ինչ ուղղությամբ պետք է իր ջանքերն ուղղի։
Ինձ համար ավելի պարզ դարձավ, որ մեր հայրենակիցների մեծամասնությունը չի հասկանում բուն խնդիրը կամ չի ուզում ընդունել այն դառը ճշմարտությունը, թե որքան խորն ու լուրջ է խնդիրը, հենց այս տարվա կրկեսային քարոզարշավների ու կեղծ ընտրությունների ժամանակ, երբ մարդիկ նորից կրկնում էին նույն սխալը, ինչ արեցին 2021 թվականին։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ քննադատում էին այս հայադավ կառավարությանը ու կեղծ ընդդիմությանը, հայտարարում էին՝ «Ժողովուրդ, գնացեք, մասնակցեք ու ձեր քաղաքացիական պարտքը կատարեք»։ Նման բան երբ լսում էի, ծիծաղս էր գալիս, որովհետև իրենց թվում է՝ ամեն հինգ տարին մեկ այս հիմնովին փտած համակարգից ու սարքած կեղծ ընտրություններից մի դավաճանի ընտրելը և մնացած տարիների ընթացքում միայն դատարկ բողոքելը «քաղաքացիական պարտք կատարել» է նշանակում։ Այդ վերահսկված ու խեղկատակ ընտրություններին մասնակցելը նման է նրան, որ մի մարզիկ մասնակցի մրցման, որտեղ դատավորները նախապես արդեն որոշել են, թե ում են տալու մրցանակը։
Հիմա մենք տեսնում ենք, թե այդ «քաղաքացիական պարտքը» կատարելը վերջում ինչ «փոփոխություն» բերեց մեր երկրում։ Մի «Հույսասպան» դաշինք հերիք չէր, մի հատ էլ «Ուժեղ Հույսասպան» կուսակցություն ավելացավ, որպեսզի ավելի ամրապնդի ներկայիս Քեմալական Պատգամավորների իշխանությունը։ Հայրենադավ նեոբոլշևիկները վաղուց են աղտոտել ու պղծել մեր Ազգային ժողովը, իսկ հիմա բոլորը միասին կրկին շարունակում են այն ավելի շատ աղտոտել ու պղծել։
Իրական քաղաքացիական պարտք կատարել նշանակում է խորապես հասկանալ այս ճշմարտությունը, բարձրաձայն տարածել այն՝ դատապարտելով ու մերժելով այս ամբողջ նեոբոլշևիկյան համակարգը ու վերից վար դրա մաս կազմող բոլոր դավաճանական կուսակցությունները։ Քաղաքացիական պարտք կատարել նշանակում է անձնական պատասխանատվություն ստանձնել ու ընդունել, որ այս մեծ խնդրի միակ լուծումը իրական ազգային հեղափոխությունն է և այդ ուղղությամբ մի փոքր գործ անել՝ փորձելով այս ազգադավ համակարգից դուրս համախմբվել ու կազմակերպվել։ Քաղաքացիական պարտք կատարել նշանակում է հետևողականորեն աշխատել ու քարը քարի վրա դնել, մինչև գա այն պատմական պահը և բացվի այն հնարավորության պատուհանը, երբ մենք կկարողանանք ու պատրաստ կլինենք այդ ազգային հեղափոխությունը կյանքի կոչել։
Հայ Ազգային Հեղափոխությունը՝ մեր ՄԻԱ՛Կ լուծումը։
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ