09:07:00 09.02.2026
Երբ Հայաստանը օրհասական վիճակում էր, և Արցախը վտանգված էր, 1989թ-ին Փարիզի բանտից նոր դուրս եկած Մոնթե Մելքոնյանը չէր կարող վերադառնալ իր ծննդավայր Կալիֆոռնիա և ապրել սովորական կյանքով, ինչպես անում է սփյուռքահայության ճնշող մեծամասնությունը։ Նա քաջ գիտակցում էր, որ անձնական պատասխանատվություն ունի հայրենի հողի նկատմամբ՝ անկախ նրանից, որ մինչ այդ երբեք այնտեղ ոտք չէր դրել։ Նրա համար Սփյուռքից Հայաստան գալը և Հայրենիքի համար պայքարելը զարմանալի չէր. զարմանալին այն էր, թե ինչու դրսում ապրող հազարավոր հայեր նույնը չէին անում։
Նա չէր կարող հեռու ափերից նստել ու դիտել, թե ինչ էր կատարվում Հայաստանում և ինչպես էին մեր թշնամիները փորձում հոշոտել իր երկիրը։ Նա զգաց, որ պարտավոր է դառնալ պատմության ընթացքի մասնակից և ինչ-որ բան անել, որքան էլ դժվար լիներ այդ «ինչ-որ բանը», որովհետև չեզոք ու անգործունյա մնալը դավաճանություն կլիներ իր ազգին և իր կյանքի պայքարին։
Մոնթե Մելքոնյանի և Կարո Քահքեջյանի օրինակները ինձ միշտ ոգևորել են, հատկապես երբ ապրում էի ԱՄՆ-ում, և նրանց փառավոր հիշատակը կարևոր դեր է խաղացել իմ՝ Ապրիլյան պատերազմից հետո Հայաստան տեղափոխվելու, Հայոց բանակում ծառայելու և ապա 2020թ-ին պատերազմի ժամանակ կամավորագրվելու որոշումների մեջ։ Նրանք ինձ, և առհասարակ բոլոր արժանապատիվ հայրենասեր հայերին, սովորեցրել են, որ երբ Հայրենիքը կանգնած է կործանման եզրին, մենք իրավունք չունենք լինել այլ վայրում, քան Հայրենիքում։ Երբ հողը կանչում է, մենք պարտավոր ենք պատասխանել այդ մարտահրավերին։
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Փա՛ռք Հայքին ու Հաղթանակին
«Ես այսօր այստեղ եմ, որովհետև իրավունք չունեմ ուրիշ տեղ լինելու: Դուք երբեք չեք հասկանա հանուն մեր ժողորվդի մեռնելու մեր պատրաստակամությունը:» - Մոնթե Մելքոնյան
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ