07:25:00 05.10.2026
Մենք՝ հայ ազգայնականներս, «խաղաղության» կեղծ օրակարգին ոչ միայն չենք հավատում, այլև խստիվ դատապարտում ենք, որովհետև ոչ թե դեմ ենք խաղաղությանը, այլ դեմ ենք ոսոխին հնազանդվելուն ու ոչնչանալուն։ Հայադավները այդ թշնամական օրակարգը քողարկում են համերաշխության մասին կեղծ քարոզչությամբ, որպեսզի այն ավելի հեշտությամբ մեր պետությանը դավադրաբար պարտադրեն, որովհետև այլևս երբեք չեն ուզում, որ հայ ազգը լինի ռազմաքաղաքական գործոն, այլ ընդամենը գլուխը կախ ապրող «խելոք» ժողովուրդ։
Մեր թշնամիները, երբ խոսում են խաղաղության մասին, նկատի ունեն խաղաղություն միայն իրենց համար, որը մեզ համար իրականում ցեղասպանություն է։ Դատապարտում ենք այդ դավաճանական օրակարգը և բոլոր այն դավաճաններին, ովքեր սրբացնում են այն, որովհետև անհեթեթություն ենք համարում խաղաղության մասին խոսել մի արյունռուշտ թշնամու հետ, ով ձգտում է իր լիակատար գերակայությունը հաստատել մեր Հայրենիքի վրա՝ աշխատելով այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանը» ստեղծելու ուղղությամբ։ Չենք կարող խաղաղություն ունենալ մի ահաբեկչական ու արհեստածին պետության և հանցավոր ռեժիմի հետ, որի հիմքում հակահայկականությունն է։ Ընդունել այդ «խաղաղության» օրակարգը նշանակում է կամովի հրաժարվել պայքարից և ընդունել Հայաստանի մահվան դատավճիռը՝ ինքնասպանություն գործելով։
Իրականում շատերն են դեմ արտահայտվում այս կեղծ օրակարգին և տեսնում են, որ այն ընդամենը մի մեծ փուչիկ է, բայց, ցավոք, նույնիսկ այդ գիտակից հատվածի ճնշող մեծամասնությունը չի կարողանում պատկերացնել իրական այլընտրանքը, որովհետև տրամաբանական հետևություն չեն անում և զուրկ են երևակայությունից, հավատից ու կամքից։
Իսկ մենք պարզ ասում ենք, որ այս կեղծ «խաղաղության» օրակարգի այլընտրանքը իրականում Բաքվին ծնկի բերելն է ու Ադրբեջանին վերջնականապես մասնատելը։ Եթե չենք ուզում ինքնախաբեությամբ զբաղվել ու ձգտում ենք իրական խաղաղություն հաստատել, պետք է մեր առջև դնենք Բաքվի հանցավոր ռեժիմը տապալելու ու ոչնչացնելու նպատակը, որովհետև քանի դեռ գոյություն ունի այն, մենք անընդհատ կանգնած ենք լինելու լուրջ սպառնալիքների ու վտանգների շեմին։ Թե ինչպե՞ս ու ի՞նչ հանգամանքներում կկարողանանք այդ նպատակին հասնել, դա երկրորդական հարցն է, առաջինը՝ այս պարզ ճշմարտությունը ընդունելն է։ Մենք պատերազմի կոչ չենք անում, մենք այս ճակատագրական ու օրհասական ժամանակներում դիմադրության կոչ անելով՝ մեր գոյատևելու ու զարգանալու իրավունքն ենք պաշտպանում։
Հետևաբար, եկեք հեռանկարային ու հետևողական քայլերով միասին այդ ուղղությամբ մտածենք ու գործենք, որպեսզի մի օր այն կյանքի կոչենք՝ մեկընդմիշտ ոչնչացնելով ադրբեջանական սպառնալիքը և բացելով անկախ, միացյալ ու հզոր Հայաստան կերտելու ճանապարհը։
Միացե՛ք մեր շարժմանը՝ անդամ կամ աջակից դառնալով, որպեսզի դառնաք ապագա հայ ազգային պետության հենասյուններից մեկը՝ hosank.net/am/join
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Փա՛ռք Հայքին ու Հաղթանակին
#Ոչնչացրու_Սպառնալիքը #Այս_Անգամ_Աշխարհը
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ