12:43:00 03.11.2026
Այսօր մեր ութերորդ հավաքն է, և ամեն անգամ տարբեր ձևերով քարոզում ենք նույն գաղափարները՝ ուժ, պայքար, դիմադրություն և հաղթանակ, քանի որ ճշմարտությունը երբեք չի փոխվում: Որքան էլ հայադավները փորձեն իրենց կեղծ խոստումներով ու դատարկ «խաղաղության» կոչերով հայ ազգին հուսախաբ անել, հիասթափեցնել, և հիպնոսացնել՝ շեղելով ճշմարտությունից և փորձելով մարել մեր ոգու կրակը, չեն կարողանալու, քանի որ մենք ազգային զարթոնքի նոր կայծ ենք վառում:
Որքան էլ ժամանակները փոխվեն ու տեխնիկան զարգանա, միևնույն է, ազգը չի կարող պահպանել իր անկախությունն ու գոյությունը, եթե չվերականգնի իր պայքարելու և հաղթելու կամքը, քանի որ առանց պայքարի կյանքը հետ է սուզվում ճահճի մեջ։ Պայքարն է ուժի աղբյուրը և արդարության հիմքը։ Առանց պայքարի չկա հաղթանակ, իսկ առանց հաղթանակի չկա անկախություն, արդարություն, խաղաղություն և բարգավաճ ապագա։
Սա է այն պարզ ճշմարտությունը, որը մենք փորձում ենք անընդհատ արմատավորել յուրաքանչյուր հայ մարդու գիտակցության մեջ: Սակայն, ցավոք սրտի, մարդկանց մեծ մասը սիրում է ապրել կեղծիքների մեջ, քանի որ այն հարմարավետ է՝ չգիտակցելով, որ դա պատրանք է: Հենց այդ ստից ու պատրանքից է առաջանում պառակտումը: Այդուհանդերձ, մեր շարժումը քաջ գիտակցում է, որ միայն ճշմարտություն տարածելով մենք կկարողանանք վաստակել մեր հայրենակիցների վստահությունը և հետագայում իրական ազգային համախմբում իրականացնել:
Այդ է պատճառը, որ «Հոսանք»-ը ձգտում է այս կեղծիքների ու խավարի մեջ մի փոքր մոմ վառել մեր ազգի համար և դառնալ ճշմարտության աղբյուր: Բայց լավ հասկանում ենք, որ կարող ենք արևի պես փայլել և մեր ազգին ցույց տալ լուսավոր ճանապարհը միմիայն այն դեպքում, եթե նախ և առաջ ինքներս մեր հետևողական աշխատանքով ու նպատակասլացությամբ վառվենք արևի նման:
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Մի՛շտ Հայ
#Սմբատաբերդ_2026 #Այս_Անգամ_Աշխարհը
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ