02:01:00 27.11.2025
Այս օրը, ինչպես միշտ, նշում եմ որպես շրջադարձային օր իմ կյանքում, քանի որ ինը տարի առաջ հենց այս օրը միակողմանի տոմսով մեկնեցի Հայաստան՝ պատրաստ լինելով դիմակայել ամեն դժվարության ու հաղթահարել ամեն խոչընդոտ, որոնք կկանգնեին իմ դիմաց։ Հազարավոր մեր հայրենակիցներ տարեցտարի արտագաղթում են՝ իրենց բախտը փորձելով գտնել օտար ափերում, իսկ ընդամենը մի բուռ հայեր են դրսից վերադառնում, և դրանց շատ փոքր մասն է իրականում երկար մնում ու կայանում, քանի որ շատերը հիասթափվում են և չեն հարմարվում։
Այնուամենայնիվ, մի պարզ բան եմ հասկացել՝ հողը կանչում է նրանց, ովքեր ունակ են լսելու այդ կանչը։ Ինձ այսօր էլ շարունակում են հարցնել՝ փոշմանել եմ գալու համար, թե ոչ, և մեկ-մեկ չգիտեմ ինչպես ճիշտ պատասխանել, քանի որ ամեն մարդ հայրենադարձությունը պարտականություն չի համարում, ու դրա համար շատերին հասկանալի չի լինի իմ որոշումն ու կատարած քայլը։
Գուցե նման հարցի ամենաողջամիտ պատասխանը հետևյալն է․ ով լսում է հողի կանչը՝ պարտավոր է անձնական պատասխանատվություն կրել և արձագանքել դրան, քանի որ այն արհամարհելը դավաճանություն կլինի թե՛ Հայրենիքին, թե՛ իր սեփական ճակատագրին։
#Հողի_Կանչը
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ