04:54:00 14.06.2026
Այս նկարը արվել է մոտ տասը տարի առաջ՝ 2016 թվականի նոյեմբերի 30-ին, երբ գրեթե նոր էի վայրէջք կատարել Հայաստան՝ վերջնական բնակություն հաստատելու նպատակով։ Առաջին անգամն էր, երբ մոտիկից տեսա Երևանում Նժդեհի արձանը, որը տեղադրվել էր նույն տարվա մայիսի 28-ին՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի ավարտից մոտ երկու ամիս անց։
Այդ իրադարձությունները ինձ համար մեծ խթան հանդիսացան Հայաստան տեղափոխվելու որոշմանս համար, և ես շատ լավ եմ հիշում այդ օրերը։ Ընդհանուր առմամբ, մարդկանց մարտական ոգին բարձր էր, և խոսակցություններ կային, օրինակ՝ Նախիջևանն ազատագրելու մասին, ինչի մասին ես ևս հաճախ էի մտածում ու երազում։ Մենք դեռ վայելում էինք այն հաղթանակի պտուղները, որոնք մեր ազատամարտիկները իրենց քրտինքով ու արյամբ կերտել էին Արցախյան ազատամարտում։
Սակայն հիմա՝ տասը տարի անց, կարծես թե լիովին հակառակ իրականության մեջ եմ ապրում, որտեղ Արցախն օկուպացված է ոսոխի կողմից, և մարդիկ, Նախիջևանն ազատագրելու մասին խոսելու փոխարեն, հաշտվել են այս նսեմացված ու ստորացված վիճակի հետ։ Մեր բազկի ուժը ցույց տալու փոխարեն՝ ցույց ենք տալիս «սրտիկներ», իսկ պայքարի մասին խոսակցությունները փոխարինվել են կեղծ «խաղաղության» թեզերով։ Այս 180 աստիճանի փոփոխությունը, իհարկե, օդից չեկավ. այն միանշանակ նեոբոլշևիկյան դավադրություն է օտար հակահայկական ուժերի և նրանց հետ համագործակցող հայադավների կողմից, ովքեր ուզում են վերացնել մեր անկախությունը և ոչնչացնել մեր երկիրը:
Այս կտրուկ փոփոխությանն ականատես եմ եղել սեփական աչքերով, և շատերը, սա լսելով, կարող են մտածել, թե խորը հիասթափություն եմ ապրել։ Մի կողմից՝ դա ճիշտ է, բայց մյուս կողմից՝ հայրենիքի հանդեպ պատասխանատվության զգացումն իմ մեջ միայն ավելի է խորացել։ 44-օրյա դավադիր պատերազմից վերադառնալուց հետո տարեցտարի ավելի է ուժեղանում այն գիտակցումը, որ պետք է ինչ-որ բան անել ոչ միայն 2016-ին իմ տեսած մարտական ոգին վերականգնելու, այլև այն գերազանցելու համար, քանի որ դա է պահանջում մեր ներկայիս տագնապալի իրավիճակը։
Այս օրերին, երբ գրեթե բոլորը ստրկամիտ են դարձել ու պարտվողական հայացքներ են կրում, ինձ երբեմն խենթ են համարում, երբ խոսում եմ Բաքվին ծնկի բերելու և Ադրբեջանը մի քանի մասի մասնատելու մասին: Բայց վերջին տասը տարիների իմ փորձը ցույց է տվել, որ մեր ժողովուրդը հաճախ գնում է մի ծայրահեղությունից մյուսը, և չափազանց շատ բան կախված է ազգի առաջնորդից։
Ես վստահեմ, որ երբ գա իրական ազգային առաջնորդ ունենալու և ազգային պետություն կերտելու ժամանակը, մենք հետ ենք նայելու այս օրերին և ծիծաղելու ենք մեր անհեթեթ մտածելակերպի վրա, և կմտածենք, թե ինչպե՞ս էինք ազգովի այդքան ապուշացել ու ստորացվել։ Այս դժվար ժամանակները կհաղթահարենք, և նորից կխոսենք մեր հողերը ազատագրելու մասին, քանի որ երազանք կա, որը Մեծ Հայքն է, և այն պետք է իրականացվի...
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Դեպի՛ Մեծ Հայք, Դեպի՛ Փառահեղ Ապագա
#Այս_Անգամ_Աշխարհը
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ