ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Ջրանցք կամ միջանցք չկա աշխարհում, որը մի պետություն...

02:28:00 15.07.2025

Ջրանցք կամ միջանցք չկա աշխարհում, որը մի պետություն...

Ջրանցք կամ միջանցք չկա աշխարհում, որը մի պետություն, հատկապես՝ գերտերություն, չցանկանա վերցնել իր վերահսկողության տակ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները, տեսնելով, որ Ռուսաստանը խրվել է ճահիճի մեջ Ուկրաինայում, իսկ Հայաստանում իշխում է ապիկար ու թույլ իշխանություն, բնական է՝ կուզենա հենց ինքն վերահսկի թուրքերի ուզած «Զանգեզուրյան միջանցքը»։ Սակայն սա չի նշանակում, թե Ամերիկային ավելի ձեռնտու է նման միջանցքի ստեղծումը, քան Ռուսաստանին։ Այո, Ամերիկայի ներսում գործող սիոնիստական ուժերը կցանկանան նման միջանցք, քանի որ նրանք ահագին բիզնես կապեր ունեն Բաքվի հետ, և նման միջանցքի ստեղծումը մեծ հարված կլինի Հայաստանի ինքնիշխանությանը։ Այնուամենայնիվ, փաստը մնում է փաստ՝ «Զանգեզուրյան միջանցքի» գաղափարը նախ և առաջ ռուս-թուրքական ծրագիր է եղել հենց ամենասկզբից։ Եվ հենց դրա դեմ էր պայքարում Նժդեհը՝ 100 տարի առաջ։ Նա չէր պայքարում ամերիկյան զորքերի դեմ, այլ՝ Ռուսաստանի բոլշևիկյան հրոսակախմբերի։

Եթե Կրեմլին ձեռնտու չլիներ միջանցքը, նա չէր համագործակցի թուրքերի հետ 2020 թ. պատերազմի ժամանակ՝ դավաճանելով Արցախը և հետո սկուտեղի վրա հանձնելով այն թուրքերին, քանի որ նա շատ լավ էլ գիտեր՝ հաջորդ քայլը լինելու է «Զանգեզուրյան միջանցքի» բացումը։ Ռուսաստանին ձեռնտու է միջանցքը, որովհետև Կրեմլը ցանկանում է ամրապնդել իր ազդեցությունը Հարավային Կովկասում՝ վերահսկելով ապահով տրանսպորտային ուղի Ադրբեջանի և Նախիջևանի միջև։ Նման միջանցքի ստեղծումը Մոսկվային կտա ավելի մեծ վերահսկողություն տարածաշրջանային առևտրի և տեղաշարժի վրա՝ միաժամանակ խորացնելով Հայաստանի կախվածությունը ռուսական զորքերից։ Գործող միջանցքը փաստացիորեն Ռուսաստանին կմիացնի դաշնակից Ադրբեջանին և ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիային ցամաքային ճանապարհով՝ օգնելով շրջանցել արևմտյան պատժամիջոցները և խորացնելով իր եվրասիական լոգիստիկ կապերը։ Իսկ եթե միջանցքը դուրս է հայկական մաքսային վերահսկողությունից, այն կդառնա գործիք՝ ճնշում գործադրելու Հայաստանի վրա և թուլացնելու մեր ինքնիշխանությունը, ինչը վերջում կհանգեցնի Հայաստանի անկախության կործանմանը։

Թուրքերը համացանցում տարածում են ապատեղեկատվական լուրեր, թե իբր բոլորը ցանկանում են միջանցքի բացումը, որպեսզի մենք՝ հայերս, հուսահատվենք և ընդունենք «անխուսափելին»։ Սակայն իրականում կապ չունի, թե ով կվերահսկի նման միջանցքը, քանի որ դրա գոյությունը վնասակար է Հայաստանի ինքնիշխանությանը, հատկապես այս պահին, երբ ունենք անողնաշար ու դավաճանական կառավարություն։

Միջանցք չի կարող լինել և չպիտի լինի, քանի որ Արցախը և Նախիջևանը օկուպացված են հայ ազգի թշնամիների կողմից, ինչը այս տարածաշրջանի համար ամենագլխավոր սպառնալիքն է։ Քանի դեռ կա նման օկուպացիա, չի կարող նույնիսկ խոսք լինել միջանցքների կամ տրանսպորտային ուղիների մասին։ Նրանք չեն կարող ազատորեն տեղաշարժվել օկուպացված հայկական հողերի վրա՝ երբ ուզեն և որքան ուզեն։ Դա պարզապես անթույլատրելի է՝ և իրավական, և բարոյական իմաստով։

Մոտ ապագայում Ռուսաստանը ներսից սկսելու է քանդվել՝ ավելի ուժգին կերպով, քան Սովետի փլուզումը, ինչը հավանաբար կբերի 300 տարվա ռուսական կայսրության վախճանին։ Սա մեզ կտա բազմաթիվ հնարավորություններ՝ ոչ միայն ազատվելու մեր քաղաքական դաշտում վխտացող նեոբոլշևիկ դավաճանների ազդեցությունից, այլև չեզոքացնելու մեր գլխավոր արտաքին սպառնալիքները՝ վերջնականապես թաղելով «Զանգեզուրյան միջանցքի» տեսլականը։

Միջանցքը թշնամու երազանքն է, մեր պետականության վախճանը։ Ոչ մի «Զանգեզուրյան միջանցք»՝ անկախ նրանից՝ ով է վերահսկում։


Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք

Փա՛ռք Հայքին ու Հաղթանակին

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։