ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Բաքվի բռնապետը շարունակում է հոխորտալով...

02:59:00 23.10.2025

Բաքվի բռնապետը շարունակում է հոխորտալով...

Բաքվի բռնապետը շարունակում է հոխորտալով, ուղղակիորեն ու անուղղակիորեն սպառնալ մեր երկրին, ասելով, օրինակ՝ «Մեծացնում ենք մեր ռազմական ներուժը։ Մատակարարվել են ժամանակակից ԱԹՍ-ներ, հրետանային նոր համակարգեր։ Պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք պատերազմի», մինչդեռ Հայաստանում վարչապետի աթոռը զբաղեցնող սելֆիների ֆանատը «խաղաղության» հետ կապված սին հույսեր է կապում, ասելով, օրինակ՝ «Հնարավոր է, որ 2026 թվականի բյուջեում ծախսերի էական աճ կամ պաշտպանական ծախսերի աճ ընդհանրապես չլինի։ Կարծում եմ՝ տրամաբանական է, համենայնդեպս մեր գնահատականն այս պահին սա է»։ Ինչպես գիտենք, մի այլ ելույթի ժամանակ նաև ասել է այս անհեթեթ մտքերը՝ «Բանակը նույնիսկ անվտանգության երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ գործիչը չպետք ա լինի, բանակը պետք ա լինի անվտանգության ամենավերջինը»։ Սրան գումարած տեղեկացնում են բոլորին, որ հունվարի 1-ից Հայաստանում ժամկետային զինծառայությունը կկրճատվի․ երկու տարվա փոխարեն կլինի մեկ ու կես տարի։

Մեր թշնամիները պատրաստվում են պատերազմի ու իրենց երկրի ներսում ռազմատենչ արտահայտություններով քարոզում են միլիտարիզմ, իսկ նեոբոլշևիկ հայադավները պատրաստվում են «խաղաղության» և մեր երկրի ներսում համերաշխության մասին դատարկ խոսքերով քարոզում են հնազանդություն։ Մեկը պատրաստվում է տիրանալ, մյուսը՝ ստրկանալ։ Եվ ձեր կարծիքով այս անգութ աշխարհում, որտեղ ամեն քառակուսի մետր հողի համար արյունալի պայքար է գնում, ո՞ր մի ուժն է գերակայություն ունենալու և ապագան իր ձեռքերում պահելու։

Իհարկե, մեր կառավարության կողմից վարած դավաճանական ու հակահայկական քաղաքականությունը համապատասխան է իրենց խղճուկ ու վախկոտ էությանը։ Մեր հասարակությանը պահում են հիպնոսի տակ՝ մարդկանց գլխի տակ բարձ դնելով, սակայն որևէ կասկած չունենք, որ այս ամբողջ «խաղաղության» օրակարգը մի օր թղթե տնակի պես քանդվելու է հենց այդ «խաղաղասերների» գլխին, որից հետո ակնհայտ կդառնա բոլորին, որ բնության օրենքներից անհնար է հրաժարվել ու «լավ» ապրել։ Դաժանորեն ցույց կտա, որ բնության օրենքներից և պայքարից հրաժարվելով՝ մենք հրաժարվում ենք խաղաղությունից, ապրելուց ու նաև ապագայից։

Եկեք մեր թշնամիներից սովորենք ու հասկանանք, թե որը որից հետո է գալիս։ Եկեք հիշենք նաև մեր ոխերիմ «դաշնակից» Ռուսաստանի կայսր Ալեքսանդր Երրորդի խոսքերը՝ «Ռուսաստանը ունի միայն երկու դաշնակից՝ բանակը և նավատորմը»։ Հետևաբար, երբ Հայաստանում մի օր իշխանության գա իրական ազգայնական քաղաքական ուժ, քաջ կգիտակցի ու մեր բոլոր քաղաքացիների մեջ անընդհատ կարմատավորի, որ մեր բանակը պետք է լինի ոչ թե մեր հայրենիքի անվտանգության վերջին կամ նույնիսկ երրորդ կամ երկրորդ գործիքը, այլ միանշանակ՝ առաջինն ու ամենագլխավորը։

Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք

Փա՛ռք հայոց բանակին։

Փա՛ռք գալիք հաղթանակին։


Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։