12:44:00 02.04.2026
Տասը տարի առաջ հենց այս նույն օրը արթնացա և իմացա, որ Արցախում պատերազմ է սկսվել, և մարմինս պարզապես փշաքաղվեց։ Այդ ժամանակ ապրում էի Կալիֆորնիայում, որտեղ նաև ծնվել ու մեծացել էի ողջ կյանքս։ Իմ կյանքի հենց այդ հատվածում Գլենդել Քոլեջում (GCC) ֆիզիկայի դասախոս էի աշխատում՝ որպես սկսնակ պրոֆեսոր։ Դրանից մեկ տարի առաջ մագիստրոսի կոչումով ավարտել էի Կալիֆորնիայի պետական համալսարանը (որտեղ նաև դասավանդել եմ 2013–2015թթ.), և կողքից անհատական մաթեմատիկա էի դասավանդում ուսանողներին։ Սակայն 2016թ․-ին սկզբին արդեն որոշել էի, որ պետք է Հայաստանում հիմք դնեմ և սկսեցի կամաց-կամաց իրերս ուղարկել Հայաստան։ Զգում էի, որ նման քայլի պետք է վաղ թե ուշ գնամ, բայց դեռ վերջնականապես չէի համոզվել, հետևաբար՝ կտրուկ որոշում չէի կայացրել։ Երկար տարիներ իմ հոգու խորքում զգում էի, որ կարևոր առաքելություն ունեմ կատարելու Հայրենիքի նկատմամբ, բայց լավ չէի պատկերացնում՝ դա որն էր, դրա համար ձգձգում էի Հայաստան տեղափոխվելու քայլը։
Սակայն Ապրիլյան քառօրյա պատերազմի սկիզբը փոխեց այդ ամենը. ինձ համար դա դարձավ շրջադարձային օր։ Այդ օրերը ինձ համար մեծ ահազանգ էին, որտեղ իմ ամեն մի բջիջը սկսեց անտենաների պես հաղորդագրություններ ստանալ Հայրենիքից։ Ահազանգ էր աշխարհում սփռված բոլոր իրական հայ ազգայնականների համար, որ հայրենի հողը վտանգի տակ է, և ես էլ որոշեցի արձագանքել այդ մարտահրավերին։ Այդ ժամանակ ես կանգնեցի ջրբաժանի առջև ու ստիպված եղա որոշում կայացնել․ կամ հրաժարվելու եմ իմ առաքելությունից ու շարունակելու եմ իմ կարիերայի հետևից գնալ և ԱՄՆ-ում սովորական կյանքով ապրել, կամ՝ անձնական պատասխանատվություն կրելով ընդունել իմ առաքելությունը և պայքարելու նպատակով գնալ Արարատյան երկիր․ երկիր, որտեղ մարդկությանը տրվել էր երկրորդ հնարավորություն։
Պատերազմը մի քանի օրում ավարտվեց, և ԱՄՆ-ի հայ «հայրենասերների» մեծամասնությունը անցան իրենց առօրյա գործերով, կարծես բան չէր պատահել, բայց դրա ազդեցությունը շարունակեց մնալ ինձ վրա։ Ինձ համար ջրի պես պարզ դարձավ, թե առանց հապաղելու ինչ պետք է անեմ, քանի որ այլևս նույնը չէի։ Դրա համար մի քանի ամիս անց աշխատանքից հեռացա, վերցրի հավաքած գումարս, միակողմանի տոմս գնեցի և տեղափոխվեցի Հայաստան, որտեղ չունեի ոչ տուն, ոչ ընտանիք, ոչ հարազատներ ոչ էլ ընկերներ։
Տարիներ անց, երբ ավելի խորը սկսեցի ուսումնասիրել և հասկանալ, թե ինչ է կատարվում մեր երկրում ու մեր երկրի դեմ, հասկացա, որ Ապրիլյան քառօրյա պատերազմը իրականում մեր անկախ պետականության դեմ նոր պատերազմի սկիզբն էր այս 21-րդ դարում, քանի որ 1994թ․-ից մինչև 2016թ․ համեմատաբար սառեցված վիճակում էր ամեն ինչ։ Այն, ինչ կատարվում է մեզ հետ այսօր, սկսվել է ոչ թե 2023թ․-ին, կամ 2020թ․-ին, կամ նույնիսկ 2018թ․-ին, այլ հենց 2016թ․-ին։
Այդ պատերազմի օրերին ես հանդիսատես էի և հեռվից հետևում էի, թե ինչ էր կատարվում, բայց ինքս ինձ խոսք տվեցի, որ հաջորդ պատերազմին, որը հաստատ գիտեի գալու էր, լինելու էի ոչ թե պասիվ հանդիսատես, այլ ակտիվ մասնակից։ Այդ է պատճառը, որ 2020թ․ սեպտեմբերի 27-ին, երբ արթնացա և իմացա, որ Արցախում նորից պատերազմ է սկսվել, միանգամից առանց վարանելու հասկացա, թե ինչ պետք է անեմ։ Իմ խոսքին հավատարիմ մնալով՝ իրերս հավաքեցի և երկու օր հետո կամավորագրվեցի պատերազմին։
Պատերազմում դավաճանվեցինք, խայտառակորեն պարտվեցինք, և Արցախը ընկավ թշնամու օկուպացիայի տակ, բայց իմ մեջ ոչ թե մարել է այն պայքարի կրակը, որը բոցավառվեց տասը տարի առաջ, այլ ավելի է թեժացել ու ուղղորդված դարձել։ Եվ հողի կանչը, որ լսեցի այն օրերին, ոչ թե անհետացել է, այլ մինչև հիմա շատ ուժեղ արձագանքում է իմ սրտի ու հոգու մեջ։ Վերջապես գիտակցեցի, որ դա նաև ճակատագրի կանչն էր: Այս բոլոր զգացումները ու գաղափարները վերածեցի քաղաքական պայքարի և ստեղծել ու առաջնորդում եմ մի շարժում, որը մարմնավորում է այդ ամենը։
Որքան էլ այս պահին դա անհավանական թվա, իմ մեջ որևէ կասկած չկա, որ մենք ազգովի հասնելու ենք մեր նպատակին և կատարելու ենք մեր պատմական սուրբ առաքելությունը՝ այս անգամ ոչ միայն Արցախը կրկին ազատագրելով և Հայաստանին ամբողջությամբ միացնելով, այլև ահաբեկչական պետություն Ադրբեջանի կազմում գտնվող մեր բոլոր մյուս օկուպացված պատմական հողերը ազատագրելով՝ Բաքվին վերջնականապես ծնկի բերելով։
Այն, ինչ մեր ազատամարտիկները կիսատ թողեցին նախորդ դարում, մենք այս նոր դարում մեր անկոտրում կամքով և անհողդողդ պայքարով միանշանակ ավարտին ենք հասցնելու՝ հանուն մեր հերոս նախնիների և ապագա սերունդների։
Դեպի Մեծ Հայք, Դեպի Փառահեղ Ապագա՛
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ