ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Տասը տարի առաջ ես ապրում էի լիովին այլ կյանքով...

02:24:00 01.09.2025

Տասը տարի առաջ ես ապրում էի լիովին այլ կյանքով...

Տասը տարի առաջ ես ապրում էի լիովին այլ կյանքով։ Նոր ավարտել էի Կալիֆորնիայի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետը մագիստրոսի կոչումով և շարունակում էի դասավանդել ֆիզիկա քոլեջում ու համալսարանում՝ որպես սկսնակ պրոֆեսոր (adjunct professor)։ Շփվում էի հիմնականում օտարների հետ և հիմնականում խոսում էի անգլերեն (այն ժամանակ հայերենս լավ չէր, իսկ ամերիկահայերի ճնշող մեծամասնությունը միմյանց հետ խոսում է անգլերենով)։ Թեպետ ծախսերս մի կերպ կարողանում էի փակել, ապրում էի բավականին անհոգ կյանք։ Իմ առաջ բաց էր ճանապարհը՝ գիտելիքներս ու ունակություններս օգտագործելու համար և՛ համալսարանական կարիերայում, և՛ գիտական հիմնարկներում։ Սակայն իրականում երջանիկ չէի․ հոգու խորքում զգում էի, որ դա այն ուղին չէ, որով պետք է անցնեմ։ Զգում էի, որ ճակատագիրը ինձ համար այլ բան է պատրաստել։

Վաղուց գիտակցել էի, որ մի օր ծննդավայր Կալիֆորնիայից պետք է տեղափոխվեմ Հայաստան, և զգում էի, որ այդ պահը կամաց-կամաց հասունանում է։ Ուղղակի չգիտեի՝ ինչպես էի դա անելու, քանի որ Հայաստանում չունեի ո՛չ ընտանիք, ո՛չ տուն, ո՛չ հարազատներ, ո՛չ էլ ընկերներ։ Միայն այնքան գումար էի հավաքել, որ կարող էի գնել Երևանի ծայրամասում մի քանդված փոքր տուն և կամաց-կամաց վերանորոգել (ինչն էլ հենց արեցի)։ Իմ ներքին համոզմունքն էր, որ Հայաստանում կարևոր առաքելություն ունեմ կատարելու։ Սակայն դա ոչ մեկին չէի կարողանում բացատրել, որովհետև տրամաբանական չէր հնչում։ Հենց այդ պատճառով գրեթե բոլորը չէին հասկանում և դատապարտում էին իմ որոշումը։ Բայց ես հասկացա, որ չեմ կարող դավաճանել իմ ներքին ձայնին։ Չէի ուզում իմ ամբողջ կյանքը անցկացնել զղջալով ու դատարկ զգալով։ 2015թ․-ի վերջին որոշեցի, որ պետք է այդ կարևոր քայլը կատարեմ, իսկ հաջորդ տարվա Ապրիլյան քառօրյա պատերազմը միայն հաստատեց, որ ներքին ձայնս իրական էր։ Այդ ժամանակ համոզվեցի, որ ճիշտ որոշում եմ կայացրել ու ճիշտ ուղու վրա եմ։ Այդ իսկ պատճառով աշխատանքից դուրս եկա (նաև մերժեցի գիտական հիմկարկներից առաջարկներ), և նույն տարվա (2016թ-ի) նոյեմբերին մեկ ուղղությամբ տոմս գնեցի և մշտական բնակության նպատակով տեղափոխվեցի Հայաստան՝ «անհայտի» մեջ սկսելով իմ ճանապարհը։

Արդեն տասը տարի անցել է այն պահից, երբ այդ որոշումը կայացրի, և բնավ չեմ զղջում, անկախ նրանից, որ անցել եմ բանակային ծառայության, հիասթափությունների, դավաճանությունների, խաբեությունների, պատերազմի և բազմաթիվ այլ դժվարությունների միջով։ Այդ տաժանակիր ճանապարհն ավելի է ամրացրել իմ կամքը և անսասան դարձրել հավատս իմ առաքելության հանդեպ։ Հենց այդ պայքարից ծնվեց այն շարժումը, որը երեք տարի առաջ մենակ, առանց որևէ օգնության` որպես անհայտ հայրենադարձ և հասարակ շարքային զինվոր, հիմնադրեցի և որն այսօր շարունակում եմ առաջնորդել։ Դա միայն ավելի է վստահություն ներշնչում իմ մեջ, որ մեր պայքարը մի օր կհասնի հաղթանակի:

Այն ժամանակ ես լսեցի հողի կանչը, և ամեն անցնող տարի դրա իմաստը ինձ համար ավելի պարզ է դառնում…

#SicParvisMagna #FortisFortunaAdiuvat

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։