ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Տասը տարի առաջ այս օրերին ես արդեն հեռացել էի Գլենդել հանրային...

11:06:00 19.08.2026

Տասը տարի առաջ այս օրերին ես արդեն հեռացել էի Գլենդել հանրային...

Տասը տարի առաջ այս օրերին ես արդեն հեռացել էի Գլենդել հանրային քոլեջում դասավանդելու իմ աշխատանքից և այնտեղ ավարտում էի գործերս ու դասավորում իրերս՝ պատրաստվելով Հայրենիք տեղափոխվելու։ Շատերն այդ ժամանակ ինձ ասում էին, որ «փոշմանելու ես» կամ «հետ ես գալու», բայց նրանք իրականում չգիտեին ու չէին հասկանում, թե որքան խորն էին այդ քայլին դիմելու որոշման արմատները։ Նրանք չէին զգում այն, ինչ ես էի զգում, որովհետև Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո անցել էին իրենց սովորական գործերին, իսկ ես այլևս նույնը չէի, քանզի իմ մտքում միայն մեկ բան կար՝ Հայաստանը վտանգի տակ է և իմ կարիքն ունի։ Չէի կարող նրանց պես անտարբեր մնալ, որովհետև Հայաստանի հանդեպ իմ սերը անվերապահ էր։

Դրանից երեք տարի առաջ՝ 2013 թվականին, առաջին անգամ այցելեցի Հայաստան, և ԱՄՆ վերադառնալու ճանապարհին առցանց նամակ հրապարակեցի, որտեղ բոլորին ասել էի, որ գալու էր այն պահը, երբ հետ եմ գալու, բայց այս անգամ՝ որպես մշտական բնակիչ, որովհետև դա առաջին ու վերջին անգամն էր, որ Հայաստան էի գալու որպես զբոսաշրջիկ։ Իմ ողջ գիտակից կյանքում ամեն տեղ ու բոլորի մոտ փորձել եմ հայրենասիրություն ու ազգայնականություն քարոզել, և երբ եկավ այդ շրջադարձային պահը, գիտակցեցի, որ արդեն ժամանակն էր խոսքիս տերը դառնալու ու ապացուցելու, որ իմ քարոզածը միայն դատարկ խոսքեր չէր։

Հայրենիքի հանդեպ անձնական պատասխանատվությունը զգացել էի փոքր տարիքից, և արդեն ժամանակը հասունացել էր իրական ու վճռական քայլ կատարելու։ Դրա համար չէի կարող այդ պահը բաց թողնել։ Զգում էի, որ ոչ միայն Հայրենի հողն է կանչում, այլև մեր նախնիների անմահ ոգիները, և ես չէի կարող այդ կանչերն անպատասխան թողնել։

Միակողմանի տոմսով եկա, տուն գնեցի ու վերանորոգեցի, բանակում պայմանագրային ծառայեցի, մայրենիս կատարելագործեցի և սկզբից մինչև վերջ կամավոր մասնակցեցի Մարտակերտի դրիքերում 44-օրյա դավադիր պատերազմի ժամանակ։ Տեսնելով 2021 թվականի խայտառակ իրավիճակը քաղաքական ասպարեզում՝ նորից կանգնեցի ջրբաժանի առջև, ինչպես կանգնել էի դրանից հինգ տարի առաջ, երբ դեռ Հայաստան չէի եկել։

Ինչպես այն անգամ Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո մարդիկ անցել էին իրենց առօրյա գործերին, այնպես էլ եղավ 44-օրյա դավադիր պատերազմից հետո, բայց ես նորից չէի կարող անտարբեր մնալ ու ապրել ջայլամի պես։ Հինգ տարի արդեն ապրել էի Հայաստանում՝ անցնելով ամեն տեսակի հիասթափության միջով, և պետք է արդեն երկրորդ մեծ որոշումս կայացնեի՝ կամ հետ գնալ ԱՄՆ, կամ Հայաստանում ապրել «սովորական» կյանքով, կամ էլ ևս մեկ անգամ անձնական պատասխանատվություն կրել ներկա իրավիճակի համար և փորձել մի բան անել, որքան էլ «անիրատեսական» թվար այն և որքան էլ փոքր լիներ հաջողության հասնելու հավանականությունը։

Որոշեցի վերջինը, որովհետև հիասթափված լինելուց բացի՝ զգացի այն նույն պարտականության զգացումը, որն զգացել էի դրանից հինգ տարի առաջ։ Իրականում այդ պարտականության զգացումն այս անգամ ավելի մեծ էր, որովհետև ողջ ու առողջ հետ էի վերադարձել առաջնագծից և դա պատահականություն չէի համարում։ Պետք է շարունակեի պայքարը քաղաքական դաշտում՝ որպես համալսարանի նախկին դասախոս, անհայտ հայրենադարձ ու հասարակ շարքային զինվոր, քանի որ քաջ գիտակցում էի, որ պայքարը ոչ թե ավարտվել էր, այլ փաստացի նոր էր սկսվում։

Դրա համար քաղաքականությունն ու առհասարակ այս ամբողջ պայքարը ինձ համար զբաղմունք չեն, ոչ էլ կարիերա, որ մտածեմ՝ «լինի՝ լինի, չլինի՝ չլինի», ինչպես մտածում են մեր երկրում բազմաթիվ քաղաքական մարմնավաճառները։ Այս ամենն իմ ամբողջ կյանքն է, մի առաքելություն, ճակատագիր, մի բան, որից չեմ էլ կարող խուսափել, նույնիսկ եթե ուզենայի, քանի որ այն իմ գենի ու հոգու մեջ է։ Ես ուրիշ բան չեմ կարող անել և ուրիշ տեղ չունեմ գնալու։

Դրա համար տասը տարի առաջ հավատով լի օվկիանոսը կտրեցի և հիմա շարունակում եմ հաստատակամորեն այս ուղով առաջ գնալ՝ առանց որևէ «պլան Բ»-ի, որովհետև վստահ եմ, որ ինձ համար ուրիշ ճանապարհ չկա։ Ինձ համար կա միայն մեկ ճանապարհ. այն նույն ճանապարհը, որի միջով մեզնից առաջ անցել էին մեր հերոս նախնիները և որի միջով մենք պետք է շարունակենք անցնել՝ հանուն մեր ապագա սերունդների։

Որքան տարիներն անցնում են, այնքան ավելի եմ համոզվում, որ ես այս ճանապարհը չեմ ընտրել, այլ ճանապարհն է ինձ ընտրել ու հատկապես այս «անապատային տարիներին» շարունակում իր փշոտ ու քարքրոտ ուղիով ինձ հոգեպես ավելի կոփել՝ պատրաստելով գալիք փոթորիկին։

Առաջին օրվանից, երբ ոտքս դրեցի հայրենի հողի վրա, մտքումս միայն մեկ բան կար՝ պայքարել անկախ, միացյալ ու ավելի հզոր Հայաստան կերտելու համար, և այդ առումով այս տարիների ընթացքում իմ մեջ ոչինչ չի փոխվել։ Այն ժամանակ գիտեի, որ յուրաքանչյուրիս փոքր քայլը կարող է մեծ թռիչք լինել մեր ողջ ազգի և պատմության համար, քանի որ այն, ինչ անում ենք կյանքում, իրոք արձագանքում է հավերժության մեջ։

Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք

Դեպի՛ Մեծ Հայք, Դեպի՛ Փառահեղ Ապագա


Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։