ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Վեց տարի առաջ այս օրը սկսվեց Արցախի դեմ նոր պատերազմը...

09:03:00 27.09.2026

Վեց տարի առաջ այս օրը սկսվեց Արցախի դեմ նոր պատերազմը...

Վեց տարի առաջ այս օրը սկսվեց Արցախի դեմ նոր պատերազմը, բայց ես այդ ժամանակ չգիտեի, որ դա լինելու է 44-օրյա դավադիր պատերազմ։ Հոգուս խորքում զգում էի, որ մի բան այն չէ, բայց արդեն 4 տարի էր անցել, ինչ Հայաստանում էի ապրում, ու զգացի՝ ճիշտ ժամանակն է իմ պարտականությունը Հայրենիքի հանդեպ կատարելու։ Իրերս հավաքեցի, գործերս դրեցի մի կողմ ու պատրաստ մեկնեցի զինկոմիսարիատ՝ պատերազմին կամավորագրվելու համար։ Խոսակցություններ դեռ կան, թե արդյոք պատերազմը խուսափելի էր, թե ոչ։ Այս հարցին կա միայն մեկ ճիշտ պատասխան. պատերազմը խուսափելի էր, թե խուսափելի չէր՝ մեզ համար միևնույնը պետք է լինի, մենք դա պետք է ընդունենք որպես մեր իրականության մաս։ Մենք պետք է միշտ պատրաստ լինենք մարտի, իսկ քաղաքական էլիտան պետք է միշտ պատրաստ լինի բանակին թիկունք կանգնելու և պատրաստ լինի մարտի դաշտում կրած հաղթանակները քաղաքականապես ամրագրելու։

Մենք չենք կարող այս օրը սգո օր համարել՝ անկախ նրանից, թե ինչ նենգ ու դավաճանական ձևով ավարտվեց նոյեմբերի 9-ին, որը իրական սգո օր է։ Իսկ այսօր սգալու օր չէ, որովհետև թշնամու հարձակումները մեր հողի վրա չպետք է համարենք ողբերգություն, երբ հատկապես ունենք զինված ուժեր։ Իրականում այն պայքարի օր է՝ պայքար, որը կարող էինք հաղթանակով ավարտել՝ Արցախը Հայաստանին ամբողջությամբ և վերջնականապես միացնելով, եթե, իհարկե,  ունենայինք ազգային պետություն ու ազգային առաջնորդ, ոչ թե ծաղրածու, ծախված ագադավներ։ 

Սակայն այդ պայքարը այս 21-րդ դարում չսկսվեց 2020 թվականին, այլ՝ 2016 թվականի Քառօրյա պատերազմով, երբ զգացի հողի դղրդյունը, ու մի քանի ամիս անց տեղափոխվեցի Հայաստան։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ոտքերիս տակ նորից դղրդաց հողը, և արդեն իմացա, որ պահը հասունացել է, որ հենց սրա համար եմ եկել Հայաստան։ Իրականում մինչև այսօր հողի ցնցումները դեռ զգում եմ, և գիտեմ, որ հողը մեզ մեկ պատմական հնարավորություն էլ է տալու վերականգնվելու ու ոտքի կանգնելու համար։ Իսկ մինչ այդ օրը գա, եկեք մենք շարունակենք մեր զոհված քաջերի ու նահատակված հերոսների անմահ հիշատակը վառ պահել ու շարունակել նրանց պայքարը։

Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք

Մի՛շտ Հայ


Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։