ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Վեց տարի առաջ Մարտակերտի ճակատից Երևան էի վերադառնում հենց այս...

05:09:00 18.11.2026

Վեց տարի առաջ Մարտակերտի ճակատից Երևան էի վերադառնում հենց այս...

Վեց տարի առաջ Մարտակերտի ճակատից Երևան էի վերադառնում հենց այս օրերին, և կարող եմ վստահ ասել, որ այլևս նույն մարդը չէի, քանզի կամաց-կամաց սկսեցի փոխվել։ Երբ վերադարձա և ականատես եղա մեր երկրում տիրող պառակտմանը, ատելությանն ու խայտառակ իրավիճակին, դեռևս ամբողջությամբ չէի գիտակցում, թե ինչ էր տեղի ունեցել և ինչ էր կատարվում։ Խորը վերլուծություն դեռ չէի արել, բայց երբ արեցի և դադարեցի ինքնախաբեությամբ զբաղվել, աչքերս բացվեցին, ու տեսա դաժան իրականությունը։ Տեսա, թե որքան դավաճանական ու փտած են ոչ միայն ներկայիս իշխանությունները, այլև մեր երկրում գործող ամբողջ քաղաքական համակարգերը։

Ինչպես նախկինում ասել եմ, «Հոսանք»-ը հիմնադրել եմ պատերազմի ավարտից գրեթե մեկ տարի անց՝ որպես այս նեոբոլշևիկյան համակարգի դեմ պայքարող քաղաքական կազմակերպություն, որը չի ընդունում հայադավների ու մեր թշնամիների կողմից պարտադրված՝ Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը ոչնչացնելուն ուղղված հակահայկական օրակարգը։ Շարժումը ստեղծվեց պատերազմից մոտ մեկ տարի անց, բայց իրականում այն բեղմնավորվել էր հենց Արցախի խրամատներում։ Այս տարիների ընթացքում և՛ իմ հիմնադրած շարժումը, և՛ ես բավականին մեծ էվոլյուցիա ենք ապրել, քանի որ տարիների ընթացքում ինձ համար ավելի ու ավելի պարզ է դարձել, թե ինչպիսի վիճակում է մեր երկիրը, ինչ ճանապարհով է գնում և որն է մեր շարժման դերն այս ամբողջ պատմական գործընթացում։

Պատերազմից հետո, տարիների ընթացքում, լրիվ ուրիշ մարդ եմ դարձել, բայց միևնույն ժամանակ չի փոխվել իմ հավատարմությունը Հայրենիքիս ու անկախ պետականության հանդեպ։ Բազմաթիվ առիթներ եմ ունեցել վերադառնալու Ամերիկայի Միացյալ Նահանգներ կամ զբաղվելու իմ կարիերայով, բայց այդ ամենը մի կողմ եմ դրել, քանի որ հողի ու պարտականության կանչը չէի կարող անպատասխան թողնել։ Պայքարը որոշեցի մարտի դաշտից շարունակել քաղաքական դաշտում, որովհետև ազգայնականությունը պարզապես իմ գաղափարախոսությունը չէ, դա իմ էությունն է։ 

Որքան ավելի եմ տեսնում այսօրվա մեր հայրենակիցների մեծ մասի հուսահատությունը, ցինիզմն ու վատատեսությունը, այնքան ավելի եմ համոզվում, որ այդ ամենն անցողիկ է, և գալու է վերականգնման ու ոտքի կանգնելու ժամանակը, որն ունենալու է շատ ավելի մեծ նշանակություն, քան մենք այսօր կարող ենք պատկերացնել։ Ինչպես Նիցշեն է ասել՝ «Երբ առաքինությունը քուն է մտել, այն ավելի զորեղ կարթնանա»։

Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք

Հայաստան՝ զարթնի՛ր

#Այս_Անգամ_Աշխարհը 

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։