ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Այս վերջին 200 տարիների ընթացքում ռուսական կայսրության ներքո ապրելով...

09:44:00 26.08.2026

Այս վերջին 200 տարիների ընթացքում ռուսական կայսրության ներքո ապրելով...

Այս վերջին 200 տարիների ընթացքում ռուսական կայսրության ներքո ապրելով՝ հայ ազգը միայն տուժել է, քանի որ այս երկու դարերի ընթացքում շարունակաբար ոտնահարվել են մեր ազգային շահերը, իսկ հայկական բնակավայրերը դաժանորեն հայաթափվել են։ Ամենամեծ և տարածված ստերից մեկն այն է, թե ռուսների լծի տակ ապրելով՝ մենք անվտանգ ենք եղել, որովհետև պատմությունը մեզ լրիվ հակառակն է ցույց տալիս։ Այն ցույց է տալիս, որ ռուսական կայսրության տիրապետության ներքո աստիճանաբար նվազել է հայ բնակչությունը, իսկ հայությունը պարբերաբար ենթարկվել է դաժան ջարդերի՝ անկախ նրանից, թե Մոսկվայում ինչպիսի իշխանություն է եղել։ Նման ողբերգություններ տեղի են ունեցել թե՛ Ցարական Ռուսաստանում, թե՛ Խորհրդային Միությունում, թե՛ հետխորհրդային շրջանում։ Այդ բոլոր համակարգերը վարել են հակահայկական քաղաքականություն, որովհետև հայ ազգայնականությունը ու հայ ազգային ազատագրական պայքարը սպիտակ թուրքերի համար միշտ սպառնալիք է համարվել։

Օրինակ՝ Ցարական Ռուսաստանում 1905 թվականին Բաքվում կովկասյան թաթարների կողմից սկսվեցին հայերի ջարդերը, որոնք հետագայում տարածվեցին նաև Նախիջևան, Երևան, Շուշի, Գանձակ և այլ վայրեր ու շարունակվեցին մինչև 1906 թվականը։ Ռուսական կայսերական իշխանությունները հաճախ չկարողացան կամ չցանկացան արագորեն կանգնեցնել բռնությունները։ Նմանատիպ ջարդեր և զանգվածային բռնություններ վերսկսվեցին 1918-1920 թվականներին՝ Բաքվում, Շուշիում և այլ վայրերում։

Իսկ Խորհրդային Միության օրոք, գրեթե 70 տարի անց, հայության դեմ նորից տեղի ունեցան նմանատիպ ջարդեր՝ 1988-1990 թվականներին Սումգայիթում և Բաքվում։ 1991 թվականին տեղի ունեցած «Օղակ» գործողության ընթացքում խորհրդային ուժերը, մասնավորապես ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերը և խորհրդային բանակի ստորաբաժանումներ, համագործակցել են Ադրբեջանի ՆԳՆ OMON ուժերի հետ՝ գործողություններ իրականացնելու հայկական գյուղերի դեմ, հատկապես Շահումյանի և Գետաշենի շրջանի հայկական բնակավայրերում։ Չենք էլ հաշվում այն, թե ինչպես բոլշևիկները ֆինանսավորեցին և զինեցին քեմալիստներին Հայաստանի դեմ, ինչպես նաև այն, թե ինչպես Երկրորդ աշխարհամարտի ընթացքում Խորհրդային բռնատիրական ռեժիմի քաղաքականության հետևանքով հարյուր հազարավոր հայ երիտասարդներ ուղարկվեցին ռազմաճակատներ՝ Եվրոպայի սպանդի մեջ, ինչը հայ ժողովրդի համար դարձավ Հայոց ցեղասպանությունից հետո ամենամեծ աղետներից մեկը։

Եվ, իհարկե, տեսանք, թե ինչ տեղի ունեցավ 2020-2023 թվականներին, երբ Ռուսաստանը Թուրքիայի, Ադրբեջանի ու Իսրայելի հետ համագործակցելով ու սեփական աշխարհաքաղաքական շահերն առաջ մղելով՝ փաստացի դավադրություններ նյութեց Արցախի դեմ և, օգտագործելով հայադավներին դանակ խրեց մեր թիկունքին։ Արդյունքում Արցախը բռնազավթվեց ոսոխի կողմից և ամբողջությամբ հայաթափվեց։

Այս ամենը ցույց է տվել, որ Կրեմլը երբեք չի եղել և չի էլ կարող լինել մեր անվտանգության իրական երաշխավորը։ Այսպիսի «դաշնակից» ունենալով՝ ո՞ւմ է պետք թշնամի։

Մեր անկախությունը զիջելով որևէ գերիշխանության, հատկապես Ռուսաստանի նման կայսերական պետության, մենք միայն մեր գերեզմանն ենք փորում, որովհետև առանց անկախության չկա ոչ անվտանգություն, ոչ էլ կայուն խաղաղություն։ Հենց սա է պատճառը, որ մեզ՝ հայ ազգայնականներիս համար, անկախությունը գերագույն արժեք է, որը պետք է պահպանվի ամեն գնով՝ մինչև վերջին արյան կաթիլը։ Սա պետք է քաջ գիտակցենք, քանի որ ռուսական կայսրության վերջնական փլուզումը շատ մոտ է, և ժամանակն է ազատվել այս նենգ արջի մահվան ճիրաններից՝ դուրս գալով այս ողորմելի ռուս-թուրքական վանդակից։


Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։