02:00:00 03.04.2021
Մեր արտաքին և ներքին թշնամիներին թերագնահատելուց բացի, մենք նաև գերագնահատեցինք մեր ուժը. խոսքը մեր զինտեխնիկայի մասին չէ, քանի որ համոզված եմ՝ միանշանակ չէինք պարտվի այս պատերազմը, եթե նույնիսկ մեր եղած զինտեխնիկան ճիշտ ու կազմակերպված կերպով օգտագործեինք: Խոսքը վերաբերում է մեր զինվորների մարտունակությանը։ Մենք հաճախ էինք ասում, որ հայը միշտ «դուխով» է և երբեք չի նահանջի կամ լքի իր դիրքը, ինչ էլ որ լինի մարտի դաշտում: Բնականաբար, պատերազմում ունեցանք շատ սխրանքներ գործած քաջարի հերոսներ, որոնք արժանի են անթիվ գովասանքների, բայց նաև չպետք է մերժենք իրականությունը և ընդունենք, որ ինչպես ադրբեջանական բանակում,այնպես էլ մեր բանակում եղան մարտի դաշտից փախչողներ (օրինակ զորամաս հասնելու առաջին օրը մեր դասակից փախան 4 զինվորներ, երբ թշնամին սկսեց ռմբակոծել գյուղը): Այս իրականությունը պետք է ընդունենք և չզբաղվենք ինքնախաբեությամբ: Մենք մեր հույսը մեծապես դրել Էինք հայ զինվորի «դուխի» վրա և հավատացել այն միֆին, որ ամեն դեպքում հայ զինվորը կմնա իր դիրքում՝ անկախ նրանից, թե որքան անպատրաստ կլինի նա: Ես ամեն դեպքում չեմ ընդունում մարտի դաշտից փախչելը և ,բնականաբար, չեմ հարգում մարտի դաշտից փախչողներին, բայց պետք է ընդունել նաև, որ ոչ բոլորն են օժտված խիզախությամբ կամ գաղափարապես պատրաստ ու հասուն՝ չվախեանալու մահից: Առհասարակ ազգային պետության և բանակի պատասխանատվությունն ու պարտականությունն է պահեստազորային զինվորներին ու կամավորներին դիրքեր ուղարկելուց առաջ խստորեն վարժեցնել նրանց: Այդպես անելով՝ արդեն ոգով զինվորը հերոսություններ կգործի մարտի դաշտում, իսկ «վախկոտները» գոնե այլևս չեն վախենա ու չեն լքի իրենց դիրքը, որովհետև երկուսն էլ ավելի ինքնավստահ կլինեն իրենց ուժերին: Որտեղ պակասում է քաջությունը, պետք է փոխհատուցվի ինքնավստահությամբ, և դա կարող է լինել միայն լուրջ տրամադրված պատրաստականությամբ: Պատրաստականությունը պետք է ծնի պատրաստակամություն բոլոր զինվորների մեջ: Ընդհանրապես հերոսի ու վախկոտի միջև միակ տարբերությունն այն է, որ հերոսը որոշում է կատարել այդ վճռական քայլը: Պետությունը այնպես պետք է դաստիարակի անհատին, որ նա անհրաժեշտ պահին, առանց վարանելու կատարի այդ քայլը, քանի որ այդ քայլը կատարելուց կամ չկատարելուց է կախված պատերազում հաղթելը կամ պարտվելը: Մենք պետք է նաև դադարենք բոլոր զինվորներին և պատերազմի մասնակիցներին հերոս համարել, որովհետև դա արժեզրկում է հերոս տիտղոսը և չմոռանանք, որ սովորական զինվորները զոհվում են, իսկ հերոսները՝ նահատակվում: Հավերժ փառք ու պատիվ մեր բոլոր զոհված զինվորներին, բայց ամեն զինվորին հերոս համարելը նման է ամեն մարզիկին չեմպիոն համարելուն: Երբ ամեն զինվորին հերոս ենք համարում, տպավորություն է ստեղծվում, որ հերոս լինելու համար պետք է ընդամենը մեկնել ռազմի դաշտ և ոչ մի ավել սխրանք և զոհաբերություն կատարելու կարիք չկա: Հերոս կոչվելն այս կյանքի ամենամեծ պատիվն է և այն միանշանակ հնարավոր է վաստակել լոկ հերոսություն գործելով: Միայն այդպիսի մարդիկ են արժանի հերոս կոչվելուն և միայն նման մոտեցումով կարող ենք ծնել նոր հերոսներ ապագայի համար: Այս պարտությունը գուցե մեզ պետք էր, որ սթափվենք ու մեր մեծամտությունը փոխարինենք պրագմատիզմով: Ընդհանրապես մենք պետք է ազգովի որդեգրենք նոր ռազմամշակույթ, որն ի ծնէ բոլորին կդաստիարակի որպես ռազմիկ և բոլորի մեջ կարմատավորի հայրենիքի ամեն մի թիզ հողը պաշտպանելու կարևորությունն ու պարտականությունը: Առանց դա անելու և առանց նման հոգեբանության մենք պարզապես չենք կարող գոյատևել այս տարածաշրջանում: Մենք պիտի դառնանք ժամանակակից Սպարտան, այլ ելք չունենք:
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ