ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Շատերը կասեն, որ մեր կարգախոսները, ինչպես, օրինակ...

05:05:00 12.11.2026

Շատերը կասեն, որ մեր կարգախոսները, ինչպես, օրինակ...

Շատերը կասեն, որ մեր կարգախոսները, ինչպես, օրինակ, «Դեպի՛ Մեծ Հայք, դեպի՛ փառահեղ ապագա», և մեր նպատակները, ինչպես, օրինակ, պատմական ճիշտ պահին ազգային հեղափոխություն իրականացնելն ու Բաքվին ծնկի բերելը, չափազանց ճոխ են ու «անիրատեսական»՝ հաշվի առնելով մեր ներկայիս պարտված ու ստորացված վիճակը։ Առաջին հայացքից թվում է, թե նրանց ասածը տրամաբանական է, բայց իրականում հակառակն է, քանի որ պարտված ազգին միայն վեհ նպատակները կարող են ոտքի հանել, ոչ թե խղճուկ ու կիսատ-պռատ «լուծումները»։ Նման պարտվողական մոտեցումներով մենք երբեք չենք կարողանա համախմբել մեր ազգին, հատկապես՝ երիտասարդությանը։ Ո՞վ է համախմբվելու «դե, պետք է յոլա գնանք», «մենք ռեսուրս չունենք», «թույլ ենք» կամ նման որևէ այլ ստրկամիտ կարգախոսների շուրջ, հատկապես երբ մեր երկրում մեծ ճգնաժամ սկսվի։ Դա անհնար է, ինչպես անհնար է, որ մարտի ժամանակ դիրքերում հրամանատարը վախեցած ու հուսալքված զինվորներին համախմբի ու ոգևորի՝ ասելով, օրինակ. «Մենք չենք կարող հարձակվող թշնամուն հաղթել, քանի որ նրանք մեզնից շատ են ու ավելի շատ զենք ունեն»։

Մեզ «անիրատես» ու «անլուրջ» են համարում, որովհետև մենք անընդհատ շեշտում ենք, որ պետք է հույսներս մեզ վրա դնենք և պատրաստվենք լուրջ պայքարի։ Բայց իրականում հակառակն է՝ նրանք են իսկական անիրատեսները, քանի որ վարդագույն ակնոցներով ապրում են պատրանքների մեջ, որոնք չեն համապատասխանում դառը իրականությանը։ Կարծում են, թե խաղաղություն ունենալը միայն մեր կամքից է կախված՝ փոխանակ ժողովրդին ասելու, որ խաղաղությունը պետք է վաստակել՝ ուժային գործոնի վերածվելով։

Այս «ամենայն հայոց իմաստուններն ու իրատեսները» վախկոտությունը, մուրացկանությունը, հանձնվողականությունն ու զիջումների գնալը շփոթել են իրատեսության հետ։ Մենք այս վերջին 30 տարում տեսել ենք հայադավների «իրատեսությունն» ու վարած «պրագմատիկ» քաղաքականությունը, երբ ազատագրված Արցախը ժառանգելով՝ չկարողացան այն միավորել Հայաստանի հետ՝ մեկ ընդհանուր պետության մեջ։ Դրա փոխարեն մեզ տարան խայտառակ պարտության և հիմա մեզ պահում են Բաքվի բռնապետի առաջ ծնկած վիճակում։ Եթե մենք շարունակենք հետևել նրանց և վարել նման զիջողական քաղաքականություն, ապա նոր պարտությունն անխուսափելի կլինի։ Հիշենք ամերիկյան հայտնի ասացվածքը. «Եթե տաս մեկ մետր, նրանք կուզեն մեկ կիլոմետր»։ Իրատեսն այն մարդն է, ով հենվում է նախևառաջ սեփական ուժերի վրա և չի հավատում դրսից եկող փրկությանը։ Միայն այս մոտեցմամբ մենք կկարողանանք ձեռք բերել իրական դաշնակիցներ և մեր կամքը թելադրել աշխարհաքաղաքական գործընթացներում։

Եթե այս վերջին հինգ տարում ուկրաինացիները կարողանում են դիմադրություն ցուցաբերել Ռուսաստանի Դաշնությանը, իրանցիները՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, իսկ հութիները՝ Սաուդյան Արաբիային, մի՞թե «անիրատեսական» է հավատալ, որ մենք կարող ենք ոչ միայն դիմադրություն ցուցաբերել Ադրբեջանին, այլև ջախջախիչ պարտության մատնել նրան, ինչպես արեցինք 90-ականներին։

Իրատեսությունն ու ողջամտությունը նախևառաջ այն գիտակցումն է, որ առանց ուժ և դիմադրություն ցուցաբերելու մենք դատապարտված ենք կործանման։ Ոսոխը շարունակելու է առաջ գալ՝ անկախ նրանից, թե որքան կխոսենք կեղծ խաղաղության մասին և որքան ամոթալի զիջումների կգնանք։ Գալու է պահը, երբ մենք պարտավոր ենք լինելու ուժգին հակահարված հասցնել մեր ոխերիմ թշնամուն և նրա հետ վերջնական հաշվեհարդար տեսնել՝ անկախ նրանից, թե մենք ռեսուրսներ ունենք, թե պատրաստ ենք դրան։ Նման ճակատագրական սցենարի դեպքում ես կարողանում եմ պարզ տեսնել Բաքվի հանցավոր ռեժիմի տապալումն ու ահաբեկչական պետություն Ադրբեջանի համընդհանուր մասնատումը, ինչպես Յուգոսլավիան մասնատվեց Եվրոպայում, ինչը հայ ազգի համար կլինի Մեծ Հայք կերտելու մեկնարկը։ Եվ դա, իհարկե, կլինի միայն այն ժամանակ, երբ ունենանք ազգային պետություն ու ազգային առաջնորդ։

Լայն տարածում ունի նաև հետևյալ միտքը. որքան մեծ է սուտը, այնքան ավելի շատ մարդ կհավատա դրան։ Բայց հակառակն էլ է ճիշտ՝ որքան մեծ է ճշմարտությունը, այնքան ավելի քիչ մարդ կհավատա դրան։ Եվ դա է պատճառը, որ շատերն այժմ անտեսում են այս միակ ճշմարիտ ուղին՝ այս միակ լուծումը։ Մեզ ասում են, որ մենք ենք «անիրատեսական», բայց իրականում մեզ նման մտածողներից ավելի ողջամիտներ չկան։ Այնուամենայնիվ, որքան էլ փոքրոգիներն այս պահին ցանկանան մեզ համարել «ծայրահեղական», «անիրատեսական» կամ «ռոմանտիկ», միևնույն է՝ մենք շարունակելու ենք երազել նման փառահեղ ապագայի մասին, և մեր վարած հեռահար քաղաքականությունը ձևավորվելու է այդ երազանքն իրականություն դարձնելու շուրջ։

Մենք վստահ ենք, որ եթե մեր ազատամարտիկներն այսօր ողջ լինեին, կստորագրեին մեր ասածներից յուրաքանչյուրի տակ։ Եվ դա մեզ համար լիարժեք ցուցանիշ է, որ մեր մոտեցումը, մտածելակերպն ու ազգային օրակարգը ոչ միայն իրատեսական են, այլև՝ ամենաիրատեսականը։

Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք

Փա՛ռք Հայքին ու Հաղթանակին


Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։