05:28:00 03.07.2026
Մոտավորապես այս օրերին էր, երբ տասը տարի առաջ դիմում գրեցի Գլենդել Քոլեջում (դրանից երկու տարի առաջ երկու տարի դասավանդել էի Կալիֆորնիայի պետական համալսարանում, երբ միաժամանակ աշխատում էի մագիստրոսականս վրա) դասավանդման աշխատանքից հրաժարվելու համար, քանի որ 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո հասկացել էի, որ պետք է անձնական պատասխանատվություն ստանձնեմ և տեղափոխվեմ Հայաստան։ 2015 թվականին արդեն ստացել էի մագիստրոսի կոչում ֆիզիկայի բնագավառում և նոր էի սկսում իմ կարիերան, բայց արի ու տես, որ ճակատագիրն ինձ համար լրիվ այլ ուղի էր գծել։
Հետաքրքիրն այն է, որ հենց այդ նույն ժամանակ աշխատանքային առաջարկ ստացա JPL-ից՝ Ռեակտիվ շարժման լաբորատորիայից (Jet Propulsion Laboratory), որը համարվում է ոչ միայն Ամերիկայի, այլև աշխարհի ամենահեղինակավոր գիտական և ինժեներական հաստատություններից մեկը։ Առաջարկը գայթակղիչ էր, քանի որ միշտ ցանկացել էի աշխատել նման կառույցում, բայց, այնուամենայնիվ, հրաժարվեցի, քանի որ արդեն որոշումս կայացրել էի, ու հետդարձի ճանապարհ չկար: Չէի կարող մերժել Հողի կանչը և դավաճանել իմ ներքին ձայնին։
Տասը տարի է անցել, և այս տարիների ընթացքում անցել եմ բանակի ծառայության ու պատերազմի միջով, ականատես եղել բազմաթիվ քաղաքական թոհուբոհերի, որոնք միասին մեծ հիասթափության պատճառ են դարձել։ Շատերը, վստահ եմ, կկարծեն, որ «խենթ» եմ նման քայլի դիմելու համար, որովհետև Հայաստանում քաղաքականությամբ «կյանքս մաշելու» փոխարեն հիմա կարող էի ԱՄՆ-ում աշխատել այդ հիմնարկում՝ արդեն բավականին բարձր աշխատավարձով։ Ոմանք սա կտեսնեն որպես զոհաբերություն, ուրիշները՝ որպես կորուստ, բայց ես դա տեսնում եմ որպես պարտականություն։
Ամեն դեպքում, անկախ ամեն ինչից, ես ամենևին չեմ զղջում իմ ընտրության համար, որովհետև կասկած չունեմ, որ ճիշտ ուղու վրա եմ, թեպետ շատերը դա դեռ չեն տեսնում։ Հավատում եմ, որ իմ բռնած ուղին ճիշտ է, որովհետև տասը տարի առաջ իմ լսած Հողի կանչը չէր կարող կեղծ լինել։
Հողի կանչով եկա, մնացի և շարունակելու եմ մնալ ու պայքարել դրա համար։
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ