12:51:00 23.11.2025
Եթե ուսումնասիրեք ԱՄՆ-ի վերջին 200 տարվա պատմությունը, հատկապես մաֆիաների ու հանցագործությունների հետ կապված էջերը, կնկատեք շատ հետաքրքիր օրինաչափություն։ Կտեսնեք, որ երբ մի քաղաք ամբողջությամբ թաթախված է եղել կոռուպցիայի մեջ, երբ օլիգարխները կամ մաֆիոզները վերից վար կոռումպացրել էին քաղաքական գործիչներին ու ոստիկանությանը, պետությունը ստիպված է լինում այդ քաղաքից դուրս, լիովին թարմ ու նոր մեկին ուղարկել այնտեղ և նրան դարձնել ոստիկանության պետ, քանի որ նա ոչ մի կապ չունի տեղի բնակչության ու տեղական կոռուպցիոն կապերի հետ։
Այս օրինաչափության լավագույն օրինակը Էլիոթ Նեսի առասպելական պատմությունն է՝ այն մարդու մասին, ով դրսից եկավ ու քանդեց Չիկագոյի մաֆիայի թագավորությունը։ 1920-ականներին ԱՄՆ-ի Չիկագո քաղաքը լի էր կոռուպցիայով. ոստիկանությունը, դատավորները, պաշտոնյաները՝ բոլորը կապված էին Ալ Կապոնեի հանցավոր կայսրության հետ։ Քաղաքը ներսից չէր մաքրվում, ու դա անելն անհնար էր, որովհետև բոլորն էլ ինչ-որ մեկի խնամի, ծանոթ կամ բարեկամն էին (ծանո՞թ իրավիճակ է…). Չիկագոյին օդ ու ջրի պես պետք էր դրսից եկած մեկը, անգլերենով ասած՝ «outsider», որ մաքրեր քաղաքը և կարգ ու կանոն հաստատեր։ Այդ իսկ պատճառով ԱՄՆ դաշնային իշխանությունները բերեցին մի մարդ, ում Չիկագոյի մաֆիան չէր կարող ո՛չ կաշառել, ո՛չ վախեցնել՝ Էլիոթ Նեսին։ Նա դրսից եկած երիտասարդ ոստիկան էր, ով կազմեց մի փոքր խումբ՝ հիմնականում ակադեմիան նոր ավարտած երիտասարդներից բաղկացած, որը հետագայում կոչվեց «Անքակտելիներ» (անգլ.՝ «Untouchables», որի վերնագրով հայտնի ֆիլմ է նկարահանվել), այսինքն՝ կաշառք չվերցնող, չկոռումպացվող մարդիկ։
Նրանք խորքից հարվածեցին մաֆիայի բիզնեսին՝ փակում էին ապօրինի գործարանները, կտրում էին ալկոհոլի մատակարարման գծերը, ոչնչացնում էին բութլեգինգի ցանցերը և բազմաթիվ այլ գործողություններ էին իրականացնում, որոնք ամեն օր միլիոնավոր դոլարների վնաս էին տալիս Կապոնեին ու նրա հանցագործական կայսրությանը։
Նրանք իրենց ձեռքով Կապոնեին բանտ չգցեցին, բայց ճիշտ նույնքան կարևոր բան արեցին՝ ջարդեցին նրա իշխանությունը և ցույց տվեցին, որ նա էլ անպարտելի չէ։ Իսկ հենց այդ պահին արդեն հեշտ էր նրան վերջնականապես կալանավորել հարկային խախտումների համար։ Էլիոթ Նեսի դերը կարևոր էր մի պարզ պատճառով՝ նա ոչ մեկին պարտք չէր, ոչ մեկի հետ կապված չէր և ոչ մեկից չէր վախենում։ Երբ քաղաքը ներսից այլևս չէր կարող մաքրվել, միայն դրսից եկած մեկը կարող էր դա անել։ Նեսը դարձավ այն խորհրդանիշը, որ երբ համակարգը փտում է ներսից, փոփոխությունը սկսվում է հենց դրսից եկող անհատի կամքից ու վճռականությունից։
Դրա համար իմ ներքին խոր համոզմունքն է միշտ եղել, հատկապես վերջին 5 տարիներին, որ միայն դրսում մեծացած հայրենադարձը պետք է լինի ապագա Հայաստանի առաջնորդը, որովհետև դա է միակ լուծումը մի կոռումպացված պետության համար, որը ամբողջությամբ՝ մինչև հիմքերը, քայքայված է և որտեղ վերից վար լի է հայրենադավ նեոբոլշևիկներով։ Միայն ամբողջությամբ դրսից եկած մարդը կարող է երիտասարդներից բաղկացած «Անքակտելիների» խումբ կազմել մեր երկրում, որը կկարողանա արմատախիլ անել կոռուպցիան, դեգրադացիան և, մաքրելով Հայրենիքը բոլոր դավաճաններից, հաստատել կարգ ու կանոն ու հիմնել իրական ազգային պետություն։ Եթե մեր խնդիրների համար լուծումներ եք փնտրում, մի փորձեք հեծանիվը նորից հորինել. պարզապես պատմության բազմաթիվ օրինակներից դասեր քաղեք…
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ