ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Երբեք չեմ հերքել, որ Գեներալ Տեր-Գրիգորյանցը հայկական զինված...

01:32:00 14.09.2026

Երբեք չեմ հերքել, որ Գեներալ Տեր-Գրիգորյանցը հայկական զինված...

Երբեք չեմ հերքել, որ Գեներալ Տեր-Գրիգորյանցը հայկական զինված ուժերի համար որոշ կարևոր գործեր արել է 90-ականների սկզբին, թեպետ միտում ունենալով Ռուսաստանին և ոչ Հայաստանին օգնելու համար։ Եվ այն, ինչ ասում է այս տեսանյութի մեջ, որ մենք 1994 թվականին պետք է ստորագրեինք ոչ թե զինադադար, այլ քաղաքականապես ամրագրեինք մեր ռազմական հաղթանակը ու ոսոխին կապիտուլացիայի փաստաթուղթ ստորագրել պարտադրեինք, շատ ճիշտ է ասում։ Այդ կարևոր փաստը շեշտում է, բայց չի շեշտում այն ավելի կարևոր փաստը, որ հենց Կրեմլի ու նրան ենթարկվող հայադավ քաղաքական ղեկավարների միջամտության պատճառով մենք նման սխալ որոշում կայացրինք ու մեր նոր կերտած հանրապետությունը լրիվ սխալ ուղղությամբ տարանք։ Ոչ միայն դա չի ասում, այլև շարունակեց ծառայել այդ նույն ռուսական համակարգին ընդհուպ մինչև այսօր, երբ նույն Կրեմլը նույն թուրքերի ու դավաճանների հետ դավեր նյութեց Արցախի դեմ և հիմա էլ փորձում է նենգաբար լուծարել ողջ Հայաստանի Հանրապետությունը։ Երեսուներկու տարի է անցել մեր ռազմական հաղթանակից, և ներսից մարդ լինելով՝ փոխանակ հասկացած լիներ այս պարզ ճշմարտությունը ու հրաժարվեր Ռուսաստանի քաղաքացիությունից, հրաժարվում է Հայաստանի քաղաքացիությունից և փաստացի նաև Հայաստանից, ինչ է թե Հայաստանի կառավարությունը բռնազավթված է ազգադավ սրիկաների կողմից։

Ուղղակի հետաքրքիր է, որ երբ անցյալ շաբաթ այս գեներալին առանց հայհոյանքների քննադատեցի ու անվանեցի ռուսոֆիլ նեոբոլշևիկ գեներալ, որը քաղաքական գնահատական է, շատերը ինձ քննադատեցին ու ինչ ասես ասացին, թե ոնց եմ ես նման «մեծ հային» քարկոծում, ով «մեր հաղթանակի ճարտարապետներից մեկն է», կամ նման բաներ։ Սակայն այդ նույն մարդիկ այս վերջին 30 տարում հայհոյելով քարկոծել ու դատապարտել են Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, ովքեր, ըստ տարբեր հանրագիտարանների, նույնպես համարվում են «ներկայիս հայոց բանակի հիմնադրողներից» և  «Արցախի հերոսներ»։ Ինչո՞ւ է կարելի հայհոյելով անիծել նրանց, բայց ոչ ճիշտ ձևով քննադատել Տեր-Գրիգորյանցին։ Չի՞ կարելի գեներալին (կամ կաթողիկոսին) քննադատել, բայց կարելի է ամեն ձևով վիրավորել երկրի նախկին ղեկավարներին, ինչ է թե նրանք նաև քաղաքականությամբ են զբաղվել։ Դրա մեջ չեմ տեսնում հետևողականություն, տեսնում եմ միայն երկերեսանիություն։

Իրականությունն այն է, որ վերոհիշյալ բոլոր անձինք, ինչպես նաև նրանց նման բազմաթիվ այլ մարդիկ, որքան էլ որոշ դրական բաներ արած լինեին մեր բանակի համար, ընդհանուր առմամբ ավելի շատ վնաս են տվել Հայաստանին և մեր անկախ պետականությանը, քան օգուտ, որովհետև բոլորը՝ գիտակցաբար կամ անգիտակցաբար, այս նույն հակահայկական նեոբոլշևիկյան համակարգի մասն են միշտ կազմել, որը ներսից միշտ դավաճանել է հայ ազգին։ Սակայն նրանց ժամանակն անցնում է, քանի որ այս ողորմելի համակարգն այլևս չի կարողանում կանգուն մնալ և մոտ ապագայում իր իսկ փտածության պատճառով տապալվելու է։


Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։