06:21:00 08.11.2026
Առցանց մեկնաբանություններում հաճախ եմ հանդիպում «փոքր խմբերով բան չեք լուծի», «մեզ համախմբում է պետք», «հայե՛ր ջան, միացե՛ք» և նման այլ պոռոտախոսական կոչերի, որոնց, անկեղծ ասած, երբեք լուրջ չեմ վերաբերվել։ Ինչպես երբեք լուրջ չեմ վերաբերվել նաև «գործ արեք» կամ «միայն խոսում եք» արտահայտություններին, որովհետև, ինչպես միշտ, նման բաներ ասող ու գրող մարդկանց մեծ մասն այս 35 տարվա ընթացքում մատը մատին չի տվել։ Թվում է, թե հայրենասիրական կոչեր են դրանք, բայց իրականում այդ դատարկ կոչերի տակ ոչ մի բովանդակություն չկա, քանի որ այդ մարդիկ գաղափար անգամ չունեն, թե ինչպես է համախմբում տեղի ունենում։ Կարծես թե դա ասում են ինքնահաստատվելու համար։ Կարծում են, որ այդ «համախմբումը» օդից է առաջանալու՝ առանց որևէ նախապատրաստական աշխատանքի։ Դա նման է նրան, որ մի ագարակապան ցանկանա քաղցր պտուղներ աճեցնել ու բերք հավաքել՝ առանց նախապես սերմեր ցանելու և հող մշակելու։ Ոչ ոք կախարդական փայտիկով երկնքից չի իջնելու՝ ինչ-որ համազգային համախմբում առաջացնելու համար։ Ազգային համախմբումը տեղի է ունենում պատմական ճիշտ պահերին՝ ժողովրդի ծոցից ծնված խմբի կամ խմբերի կողմից, որոնք տարիներ շարունակ հող են նախապատրաստել դրա համար։
Արդեն գրեթե հինգ տարի է անցել այն օրվանից, երբ հիմնադրել եմ «Հոսանքը»՝ որպես անկախ հայ ազգայնական քաղաքական շարժում, որը լիովին դեմ է այս հակահայկական նեոբոլշևիկյան համակարգին ու թշնամական օրակարգին։ Եվ այս տարիների ընթացքում գրառումներ անելով, նկարներ ու դրոշներ պատրաստելով, հարցազրույցներ տալով, քննարկումներ անցկացնելով, համազգեստներ կարել տալով, տեսանյութեր պատրաստելով, կայքէջ ու սոցիալական էջեր բացելով, հավատամք ու ծրագիր գրելով, երաժշտական ալբոմ պատրաստելով, բազմաթիվ հավաքներ ու ժողովներ կազմակերպելով, ինչպես նաև երիտասարդներից բաղկացած փոքրաթիվ, բայց գաղափարական կորիզ ստեղծելով՝ մենք կազմել ենք մեր «ռեզյումեն»՝ պորտֆոլիոն, որպեսզի մարդիկ ոչ միայն իմանան, թե ովքեր ենք մենք և ինչ ենք ներկայացնում, այլև ողջ հայությանն ու աշխարհին ցույց տանք, որ հայ ազգայնականությունը նոր թափ է հավաքում այս 21-րդ դարում։
Ինչ արել ենք, բնականաբար, հերոսություն չէ, բայց նաև հաստատ անիմաստ ժամանակի վատնում չէ։ Մեզ համար պարզ է, որ այս հարաբերականորեն կայուն ու խաղաղ ժամանակներում, երբ ժողովրդի ճնշող մեծամասնությունը հիպնոսի տակ է, մենք երբեք չենք կարող համազգային համախմբում առաջացնել։ Եվ դրա համար էլ չենք ձգտում դրան, քանի որ այն այս պահին իրատեսական չէ։ Այս պայմաններում համախմբումը նշանակում է փորձել համախմբել ազգի գիտակից չնչին փոքրամասնության զգալի հատվածին, որպեսզի այն դառնա ապագա համազգային շարժման կորիզը, երբ մեր երկրում մեծ ճգնաժամ սկսվի և իրավիճակը կտրուկ փոխվի։
Մենք հասկանում ենք, որ այս պահին մի քաղաքական շարժման շուրջ համախմբված 100 գաղափարակից երիտասարդները, ովքեր կրում են նույն համազգեստները և բռնում նույն դրոշները, շատ ավելի խոսուն պատկեր են ստեղծում և շատ ավելի լավ կարող են խորհրդանշել ազգի համախմբումը, քան 10 000 հոգանոց իմպուլսիվ ամբոխը, որը, ատելությամբ ու կեղծ հույսերով լցված, հեղեղում է փողոցները՝ ինչ-որ դավաճան օլիգարխի աջակցելու համար։ Քաջ գիտակցում ենք, որ այդ 100 հոգանոց կազմակերպված, եռանդուն, գաղափարական ու նվիրված շարժումն ինքնին հազար անգամ ավելի հզոր ուժ է ներկայացնում, քան այդ 10 000 հոգանոց անգաղափար, անկազմակերպ ու կաշառված ամբոխը։ Եվ որևէ կասկած չունենաք, որ հայադավներն ու մեր արտաքին թշնամիները նման փոքրաթիվ, բայց նվիրված խմբից ավելի շատ կվախենան, քան հազարներով հավաքված ամբոխից, որի անդամներն այսօր կան, իսկ վաղը ցրվելու են ու գնալու իրենց տները։
Այնուամենայնիվ, ուզում եմ մի բան հստակեցնել. ես էգոյի խնդիր չունեմ և ինքս ինձ ազգի առաջնորդ չեմ հռչակել։ Ես ընդամենը փոքրաթիվ ու այս պահին «մարգինալ» քաղաքական շարժման հիմնադիրն ու առաջնորդն եմ, ով փորձում է իր հնարավորության սահմաններում ապագա համազգային շարժման համար գաղափարական հիմք ստեղծել։ Հետևաբար, եթե որևէ պատճառով մարդիկ մեզ կամ անձամբ ինձ չեն վստահում կամ չեն համակրում և չեն ուզում միանալ մեր շարքերին, ապա թող նրանք էլ առանձին, անկախ ազգայնական շարժում ստեղծեն, որը դեմ է այս ամբողջ համակարգին, հենված է սեփական ուժերի վրա և նվիրված է իր գաղափարներին ու առաքելությանը։ Կարճ ասած՝ թող նրանք էլ հետևողական աշխատանքի միջոցով ստեղծեն իրենց ռեզյումեն, քանի որ առանց դրա չենք կարող միմյանց հետ համագործակցել։ Նրանք պետք է ամբողջությամբ բացեն իրենց խաղաքարտերն ու ցույց տան, թե ինչ են իրենցից ներկայացնում, ինչպես դա անում ենք մենք, որպեսզի ամեն ինչ արդար լինի։
Եթե մեր նման տասը խումբ լիներ այս պահին, մենք կունենայինք ազգայնականների այց մեծ ցանցը։ Բայց, ցավոք սրտի, մեր հայրենակիցները նման բաներ չեն հասկանում, քանի որ կոմունիստի պես քանակը որակից ավելի կարևոր են համարում։ Մեր հայրենակիցները պարզապես չեն հասկանում, որ որակը պետք է գերադասել քանակից, քանի որ որակից պետք է բխի քանակը և ոչ հակառակը։ Եկեք լավ հասկանանք, որ քանակի ժամանակը գալու է, բայց այսօրվա մեր աշխատանքի նպատակը պետք է լինի այդ որակի ստեղծումը։ Եթե իսկապես ուզում ենք իրական համախմբում տեսնել, ապա սա է միակ ճանապարհը։
Կավարտեմ՝ կրկնելով այս շատ կարևոր միտքը. փոթորիկից առաջ հողը պետք է մշակել, որովհետև պարտեզը չի ծնվում առանց ճիշտ ժամանակին ցանված ու խնամված սերմերի։
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Փա՛ռք Հայքին ու Հաղթանակին
#Sic_Parvis_Magna #Այս_Անգամ_Աշխարհը
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ