ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Գեներալ Տեր-Գրիգորյանցը Ռուսաստանում գնաց Հայաստանի...

05:00:00 09.09.2026

Գեներալ Տեր-Գրիգորյանցը Ռուսաստանում գնաց Հայաստանի...

Գեներալ Տեր-Գրիգորյանցը Ռուսաստանում գնաց Հայաստանի հյուպատոսարան և վերադարձրեց իր ՀՀ անձնագիրը՝ որպես բողոքի նշան՝ փաստացի հրաժարվելով ՀՀ քաղաքացիությունից։ Նա անձնագիրը տալով ասաց. «Բա ի՞նչ անեմ, երբ Հայաստանում եկել են իշխանության մարդիկ, որոնք դավաճանել են մի բուռ մնացած հայ ժողովրդին և ուզում են թուրքերի միջոցով ոչնչացնել»։

Այսինքն՝ այս նեոբոլշևիկ գեներալը հրաժարվում է Հայաստանի քաղաքացիությունից, ինչ է թե Հայոց պետականությունը բռնազավթվել է դավաճանների կողմից, բայց երկերեսանիորեն չի հրաժարվում Ռուսաստանի քաղաքացիությունից՝ այն նույն Ռուսաստանից, որը ոչ միայն այս դավաճաններին իշխանության բերեց 2018 թվականին, այլև իր մահվան ճիրաններում է պահում մեր ողջ քաղաքական ասպարեզը և վերից վար այն լցնում իր գործակալ սրիկաներով։ Այն նույն Ռուսաստանից, որը մեր նենգ «դաշնակիցն» է և շարունակում է Հայաստանի թիկունքին դանակ խրել ու այն մաս առ մաս տալ թուրքերին։

Իրականությունն այն է, որ Կրեմլը ՀՀ-ի գեներալիտետը, մեր քաղաքական դաշտն ու եկեղեցին վաղուց կոռումպացրել է։ Եթե կոռումպացված ու դավաճանական չլինեին այդ բոլոր կառույցները, մեր ազատամարտիկների արյան գնով ազատագրված Արցախը 90-ականներին իրար հետ միասին կմիացնեին Հայաստանի Հանրապետությանը և հայամետ ձևով վերջնականապես կլուծեին Արցախյան հարցը։ Ինձ համար գնալով ավելի պարզ է դառնում, որ մեր նեոբոլշևիկյան ռազմական ու քաղաքական վերին խավի մարդիկ ոչ միայն մտածելակերպով ու հայացքներով ռուս են, այլև ռուսից ավելի ռուս են՝ «ազգային» մորթով փաթեթավորված։

Այնուամենայնիվ, Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելով՝ հայ մարդը կառավարության դեմ ինչ-որ բողոք չի անում, այլ դավաճանում է պետությանը, քանի որ կառավարությունն ու պետությունը տարբեր բաներ են։ Դա նման է նրան, որ մարդ իր տան վկայականից հրաժարվի, ինչ է թե այն բռնազավթվել է ավազակ անկոչ հյուրերի կողմից։ Նման իրավիճակում Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելը նշանակում է հրաժարվել պայքարից և թքած ունենալ Հայաստանի վրա։ Որքան էլ հիմա ժամանակավորապես ստորացված լինի մեր պետությունն ու իջեցված լինի անկախության կարգավիճակը, և որքան էլ ազգադավ լինի պետության կառավարությունը, նման ուրացող քայլերի դիմելով՝ մենք թշնամու ջրաղացին միայն ջուր ենք լցնում։

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։