07:50:00 28.03.2026
Անդրանիկը այնպիսի մարդ էր, որ երբեք չէր կասկածում մեր ազգի ներուժին՝ քաջ գիտակցելով, որ երբ հայ ազգը միասնական ու զինված է լինում, անհաղթահարելի է դառնում: Այդ խառնիճաղանջ ժամանակներում Անդրանիկը միշտ անկոտրում էր մնացել, որովհետև շատ պարզ գաղափարախոսություն ուներ․ հողն ու ջուրը պահում են միայն նիզակն ու թուրը: Ինչպես իր զինակից Նիկոլ Դումանն էր ասել, «մի ազգ, եթե չի ուզում կորչել, պետք է լինի զենքի ընդունակ»: Անդրանիկը գիտեր, որ ինչքան շատ հայեր զենք էին վերցնում, այնքան ավելի էինք մոտենում հաղթանակին, քանի որ զենքն ու պայքարն էին մեր անվտանգության միակ երաշխավորը: Մեր Զորավարը տեսավ, որ միայն թղթե շերեփը երկաթե շերեփ դարձնելով՝ հայ ազգը կկարողանա պայքարել իր իրավունքների և անկախության համար, քանի որ անատամ երկրին միշտ անօգուտ խղճում են, իսկ ատամնավորի հետ՝ միշտ հաշվի նստում:
Այսօր, երբ մեր արտաքին թշնամիներն ու հայադավները փորձում են մեզ նենգաբար զինաթափել ու ամբողջությամբ ծնկի բերել, պարտավոր ենք հիշելու մեր հերոսների պայքարը: Ապրում ենք այնպիսի օրհասական ժամանակներում, որ առավել քան երբևէ հարկավոր է մեր մտքերում պահել նրանց օրինակը, ու սրտներում՝ նրանց հիշատակը: Յուրաքանչյուր քայլ, որը մենք անում ենք, յուրաքանչյուր գործողություն պետք է լինեն նրանց հաղթական ոգով՝ առանց կասկածի և երկմտանքի:
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ